Showing posts with label գնացք. Show all posts
Showing posts with label գնացք. Show all posts

July 19, 2014

Երևան-Բաթում` հարավկովկասյան երկաթուղով: Մանրամասներ

Նախորդ անգամ նկարագրել էի, թե ինչպես եմ գնել տոմսերը` Երևան-Բաթում գնացքի համար:

Ճիշտն ասած, այդ տհաճ վերաբերմունքից հետո, որոշել էի տոմսերը հետ տալ և գնալ մեքենայով:
Բայց այստեղ էլ ЮКЖД-ն թակարդ ունի ուղևորի համար:
Ամեն տեղ գովազդվում է, որ 120 ժամ մեկնումից առաջ տոմսը վերադարձնելուց պահվում է 0 տոկոս:


Սակայն անմիջապես հետո անորոշ բացառություն է գրվում, որ սպասարկման վճարը հետ չի վերադարձվում: Որքան է այն կազմում` տոմսի վրա չկա:
Երկաթգծի տեղեկատվականից ասացին, որ դա 1200 դրամ է: Այսինքն այս 0 տոկոսը ֆիկցիա է:

Երևանի սրտում, 23 ամյա անկախ Հայաստանի երկաթգծի կայարանի պատին բարձրաձայն միացված էր РТР հեռուստաալիքը:


Սա դեռ ոչինչ` ոչ հեռու, Գյուլիստանի պայմանագրի մեծ գովազդող պաստառն էր, գերված Գյուլիստան գյուղի 2012 թվականի նկարներով:
Ոչ առանց ռուսական զինվորների անմիջական մասնակցության` գերված Գյուլիստանի պատկերներն էին: Տեսնես ինչ են մտածել ռուսական ընկերության տերերը` գերված Գյուլիստանի նկարը ЮКЖД-ի սպասասրահում դնելուց:




Ամեն դեպքում որոշեցի գնալ գնացքով, որպեսզի հասկանամ, այդ խոստումները որ տոմսարկղի բաժնի պետ Ալոյանը տալիս էր, իրական են թե ոչ?
Նա պնդում էր, որ յուրաքանչյուր ուղևորին տալիս են մեկ շիշ ջուր, մեկ շիշ հանքային, մեկ թեյ, մեկ սուրճ, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ` օճառ, խոզանակ, հողաթափեր ու որ վագոնում կա WiFi:

Չորս տեղանոց բարձր կարգի կուպեյում, մենք հայտնաբերեցինք 2 մարդու համար տեղադրված կոմպլեկտ, 4-ի փոխարեն: Մենք իհարկե վճարել էինք բոլորիս համար:

Ասեմ որ WiFi ինչպես որ չկար 2013-ին, այս տարի էլ չկա: Դա սուտ է:

Գնացքի պետ Անդրանիկը հետագայում ասաց, որ այն կա միայն մեկ վագոնում: 17 վագոններից մեկում, այն էլ` 2 գնացքներից միայն մեկում: Մյուսում ընդհանրապես չկա:

Իմ թեթև վրդովմունքից հետո ուղեկցորդ տղաները բերեցին նաև պակաս մյուս 2 կոմպլեկտները:

Ուղեկցորդ տղաները, ինչպես որ սպասում էի ռուսական ստանդարտ հիմնարկից, չէին փայլում բարեհամբյուրությամբ:
Ես չգիտեմ, ոնց են ընտրում այդ կազմը, ինչ են ուսուցանում նրանց...

Սկզբից նրանց դուր չէր եկել, որ մենք մեր կուպեյում նստել էինք 5 հոգով, թեև ունեինք 5 տոմս: Հետո նրանց դուր չէր եկել, որ 5 հոգով նստելուց առաջ ես "նախորոք իրենց չեմ տեսել": Հետո նրանք պնդում էին, որ մեր հինգից մեկը պետք է գնա իր տոմսի վագոն: Այլ տեղ նստելու իրավունք չունենք: Մոտ 40 րոպե: Հայկական մուննաթ դեմքով:

Հետո նրանք կանչեցին գնացքի պետին: Նա ասում էր, որ ես պարտավոր եմ գնալ իմ տոմսի վագոն և այնտեղի ուղեկցորդին տալ իմ տոմսը:
Սակայն, չկարողանալով օրինական հիմնավորել այդ իր պնդումը, նա հետ կանգնեց իր այդ պահանջից:
Ներկայացրեցի իրենց ընկերության խայտառակ աշխատանքը, նաև եվրոպական ու նաև անգամ ռուսաստանյան գնացքների փորձը: Որտեղ տոմս գաղափար արդեն չկա, ամբողջը էլեկտրոնային է, որ տոմս ստուգելը վերացել է:

Իրոք մեզ մոտ այս առումով քարի դար է: Ռուսաստաբնակ բարեկամներս մեկ ամիս առաջ մեր գնացքի ամենաթանկ լյուքսից սարսափած էին: Ասում են Ռուսաստանում սենց բան չես հանդիպի:

Մեր վագոնում, բացի իմ ընտանիքից, բոլորը ռուսերեն էին խոսում: Հայեր էին, բայց ռուսերեն էին խոսում:

Անցյալ տարի, վրացի մաքսավորները տվեցին ռուսերեն բլանկներ, որ հայտարագրենք մեր բեռը, Սահակաշվիլին արդեն չէր ընտրվել:
Այս տարի որոշել էի դրա դեմն առնել:

Սա անցյալ տարվա բլանկն է

Վրացի երիտասարդների ահռելի մասը այսօր ռուսերեն չգիտեն: Նրանք ավելի ազատ են անգլերեն խոսելիս:
Մենք հայերս` ակամայից դարձել ենք ռուսերենի տարածողներ` անգամ Վրաստանում:
Այս տարի որոշել եմ խոսել միայն անգլերեն:

Եվ տեսեք ինչ ստացվեց հենց գնացքում...

Այրում կայանում մեր հայ սահմանապահները արագ կնքեցին անձնագրերը, բեռ չէին ստուգում:
Ոստիկանից ահավոր օղու հոտ էր գալիս: Զարմանալի էր, որ նրան այդ վիճակում ծառայության էին թողել:
Կուպեներում պատուհանները չեն բացվում: Միայն վագոնի միջանցքում, այն էլ` երբ օդափոխիչը չի միացված: Այդ պատճառով մեր կուպեյում հոտը անմիջապես զգացվեց:



Գնացքի պետին ես նախորոք զգուշացրել էի, որ ռուսերեն որևէ բլանկ չեմ լրացնելու:

Վրացի սահմանապահների պետը եկավ անձամբ իմ կուպե: Ահագին զարմացած էր և զայրացած, որ իր հետ անգլերեն էի խոսում:

Նա բառացիորեն ասաց.
- Քո երկիրը մտնում է Ռուսաստանի կազմ, ամբողջ վագոնդ ռուսերեն է խոսում, իսկ դու քեզ ինչի տեղ ես դրել? Չես հասկանում ռուսերեն? Երևանում ռուսերեն չեք խոսում?

Ասացի.
- Դա դեռ կտեսնենք` մտնելու ենք Ռուսաստանի կազմ թե ոչ: Իսկ ռուսերեն` ես խոսել պարտավոր չեմ: Ինձ հարմար է անգլերեն, անգլերեն էլ խոսում եմ:

Նա թե.
- Իսկ եթե հիմա անձնագիրդ չկնքեմ, ու հենց մյուս կայանից հետ գնաս երեխաներիդ հետ լավ կլինի?
- Կամքը ձերն է, - ասացի.- Հետաքրքիր կլինի ԵՎրոպայի հետ ասոցացվող երկիր` ռուսերեն չխոսելու համար, հային դեպորտ անեն:

Իմ խոսակցությունը կարևոր էի համարում նաև հայ ուղեկցորդների և կողքի կուպեների ռուսախոս հայերի համար: Միգուցե մի բան մեջները շարժվեր:

Մի քանի րոպե անց եկան վրացի մաքսավորները:
Նրանք իհարկե ռուսերեն բլանկներ չտվեցին, սակայն ամբողջ ուղեբեռս ձևական հատ-հատ բացել տվեցին: Ես չգիտեմ, կանխամտածված էին անում, թե հատուկ:
Բայց մյուս ուղևորներին չէին էլ ստուգում:

Մի կես ժամ հետո բերեցին անձնագրերը: Կնքված էին:  :)

Վրացական երկաթուղում շահագործման են հանձնված իսպանական և չինական արագընթաց գնացքներ: Իսկ իմ գնացքը` Վորոնեժից 1988 թվականի շարժակազմ էր: Ակնհայտ դուրս գրած վագոնները բերում և մաշեցնում են Հայաստանում:

Զուգարանում վիճակը նախնադարյան էր: Ծորակը այսպիսին էր, տակից պետք է սեղմես` գյուղերի ծառից կախված ծորակի պես, որ ջուրը հոսի: Օճառամանը երկաթյա:





Ես չգիտեմ, ով ռիսկ կանի նստի այսպիսի զուգարանակոնքի վրա: Տակից ամբողջը ժանգոտված էր:

Հասա տեղ: 710 կմ ճանապարհը հասանք մոտ 16 ժամում:

Եվ սա դեռ շատ է մեզ:

Մանրամասն ներկայացրեցի, որովհետև մարդիկ բողոքում են, բայց քանի որ սեքս թեմաներ չեն, մեր լրագրողները չեն անդրադառնում այս հարցերին:

Բայց չէ որ մենք ենք օգտվում այսպիսի անորակ ծառայությունից:
Սա չի կարելի չբարձրաձայնել: