Showing posts with label Բաթում. Show all posts
Showing posts with label Բաթում. Show all posts

August 1, 2014

Բաթում, 2014

Այս տարի էլ քաղաքը հյուրընկալել է հարյուր հազարավոր բազմազգ զբոսաշրջիկների: Պետականորեն իրար հետ հակամարտող, հակադիր դիրքերում գտնվող Հայաստանից ու Ադրբեջանից, Ուկրաինայից ու Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից:

Քաղաքում ներդաշնակ տեղավորվել են տարբեր կրոնների հոգևոր տներ` հայկական եկեղեցին, մահմեդական մզկիթը, հրեական սինագոգը, կաթոլիկ եկեղեցին, վրացական եկեղեցին:

Բաթումի հայկական եկեղեցին
Բաթումի կաթոլիկ եկեղեցին

Բաթումի հրեական սինագոգը
Բաթումի վրացական եկեղեցին
Բաթումի մահմեդական մզկիթը
Եվ այս տարբեր կրոններն ու ազգերը զարմանալիորեն խաղաղ ապրում և հանդուրժում են միմյանց` այդպես չանելով սեփական երկրներում:
Բաթումի ձգողականությունը հենց սրանում է` քարացած ու պարտադրված տաբուներին ոչ ասելու իր օրինակով:

Զբոսաշրջիկի համար շատ հարմար է քաղաքը` բջջային հատուկ տուրիստական փաթեթներ, տրանսպորտի համար նախատեսված տոմսեր, անգլերեն ուղեցույցներ, մենյուներ, քաղաքի անվճար քարտեզներ, ինֆորմացիոն կայքեր:

Գործում է Ապոլլոն կինոթատրոնը, կրկեսը, դրամատիկական թատրոնը, տիկնիկային թատրոնը, դելֆինարին, որակյալ բրենդային խանութներ, հեծանիվների վարձույթի լայն ցանցը, բազմաթիվ ատրակցիոններ, ռեստորաններ ու կաֆեներ, նորակառույց ճոպանուղին, բուսաբանական այգին, Մակդոնալդսը:

Շինարարություն

Շինարարությունը շարունակվում է նույն տեմպերով, ինչ անցյալ տարի էր: Տեսանելի են անցյալ տարի կառուցվող, իսկ այս տարի արդեն ավարտին հասցված շենքերը, ինչպես նաև նոր կառուցվողները: Նոր բնակարան կարող եք գնել սկսած 450 դոլարից ք.մ.-ի համար:
Բնակարան գնելու համար քաղաքացիություն չի պահանջվում:
Շատերը գնում են նորակառույցներում բնակարաններ, մեկ ամիս տարվա մեջ իրենք են ապրում այնտեղ, իսկ մնացած ամիսներին` շենքի ադմինիստրացիան, հանձնում է այն վարձով, գումարի որոշ մասը փոխանցելով սեփականատիրոջը:
Շինարարությունը շատ էժան է: 4-5 հարկանի շենքի կառուցման համար, առանց հարդարման աշխատանքների ծախսվում է 60-70.000 դոլար: 1 ք.մ. համար մոտ 170 դոլար կառուցման ինքնարժեքով, որը վաճառվում է հետո 500 դոլարով:

Տրանսպորտ

Անցյալ տարի գրել էի Բաթումի տրանսպորտի մասին:
Հայաստանցուս համար իհարկե հետաքրքիր է նաև գնային տարբերությունները:
Օրինակ քաղաքային ավտոբուսի տոմսը արժե մեր փոխարժեքով 61.7 դրամ:
Քանի որ 1 լարին 231.43 դրամ է, իսկ 15 տոմսը քաղաքային ավտոբուսի համար 4 լարի է, ապա Բաթումիում 1 ավտոբուսի տոմսն այսօր արժե 61.7 դրամ:
Այդ ավտոբուսներում կարելի է կանգնել, ոչ թե կռանալ: Դրանց մի մասը ունի կոնդիցիոներ, բոլորը ներսում ունեն բանկային պլաստիկ քարտով վճարման հնարավորություն: Կենտրոնի կանգառները ունեն ժամանման էլեկտրոնային չվացուցակ:

Կոնդիցիոներով քաղաքային ավտոբուսները
Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար տոմսը անսովոր և անհայտ գաղափար է: Նրանք սկզբից փորձում են դուրս գալուց վարորդին վճարել: Բայց դա մեր հայրենակիցների մեղքը չէ, այլ մեր տրանսպորտը մի քանի դար հետ գցած գծատերերի, այդ թվում` պաշտոնյա:

Այս ամենը Երևանի տրանսպորտի համար այսօր անլուծելի խնդիրներ են` հայտնի պատճառներով:

Ջուր

Բաթումի քաղաքի ջրագծերի, ջրահեռացման և ջրի ֆիլտրացման ջրամբարի կառուցման վրա ծախսվել է մոտ 100 մլն եվրո:
Շատերը կհիշեն 2-3 տարի առաջ ամբողջությամբ քանդված ներքաղաքային ճանապարհները, երբ փոխում էին գազատար, ջրատար, կապի գծերը:
Այսօր իրենք ունեն 24 ժամյա ջրամատակարարում: Փոքր բացառություններ կան կենտրոնական հին թաղամասերում, սակայն նորակառույց կամ բարձրահարկ շենքերի համար այն լուծված է:

Համեմատելով Բաթումի և Երևանի բնակչության քանակները, հիշեցնեմ, որ Երևանի ջրային ցանցի վրա այժմյան տերերը ծախսել են 17 մլն դոլար, ջուրը 24 ժամ չէ, գները տարին մեկ բարձրացնում են, ու դեռ գլուխ էլ գովում են:
Անցյալ տարվա`2013-ի համեմատ, բնակչության համար` գազի, լույսի, ջրի գները այստեղ չեն բարձրացվել կամ շատ աննշան են բարձրացվել, որ բնակիչները չեն էլ զգացել:

Բաթումից ոչ հեռու Աջարիցկալիյում, նորվեգացիների պատվերով, կառուցվում է 700 միլիոն դոլար արժողությամբ ՀԷԿ:
Այս պահին ընթանում են 15 ՀԷԿ-երի շինարարություն, իսկ հաստատված են արդեն 80 ՀԷԿ-ի նախագիծ 1.3 մլրդ.դոլարի ` 667 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Հիշեցնեմ որ հայկական ատոմային կայանի հզորությունը 440 մեգավատ է:

Բակեր

Երևանում ավտոտնակներ են բոլոր բակերում, իսկ Բաթումում ձևի համար մեկն էլ չկա, բակերը ազատ են:


Կցակառույցներ հատուկենտ կան, սակայն Երևանի պես մասսայական չէ այդ երևույթը և շենքերը իրենց տեսքը պահպանել են:

Շատ բակերում խաչեր են տեղադրված, որոնց կողքով
անցնելուց` շատերը կանգ են առնում և խաչականքվում
Բակերում կան խաղահրապարակներ և ֆուտբոլի ցանկապատ դաշտեր:


Երթևեկություն

Բաթումում հետիոտնային անցումներով անցնելն անհնար է` ՈՉ ՄԵԿԸ չի զիջում հետիոտնին: Ուզում է հետդ փոքր երեխա լինի, թե ոչ: Միակ զիջող վարորդները հայաստանցիներն են: Էս մի հարցում սրանք մեզանից դարերով հետ են:
Կամերաներ կան մի 2-3 հատ, սակայն ճանապարհային կանոնները չեն պահպանվում:
Կայանում են որտեղ պատահի` մայթերից սկսած մինչև շենքերի մուտքեր և խաչմերուկներ:

Բանակ

Վրացի երիտասարդների համար բանակի խնդիրը արտագաղթի կամ մտահոգության առարկա չէ: Սովորող բոլոր տղաները մինչև 28 տարեկանը ազատվում են բանակից: Ի դեպ ազատվում են թե ուսումնարանի, թե վճարովի, թե անվճար, թե պետական, թե անվճար ուսումնական հաստատությունների սովորողները: Ոչ թե միայն պետպատվերի անվճար բարձրագույնները:
Եթե տղան չի սովորում, ապա մուծելով բյուջե տարեկան 2000 լարի` մոտ 1150 դոլար, ստանում են օրինական տարկետում:
Սա իհարկե շատ ավելի էժան, ընդունելի և օրինական է, քան կոռուպցիոն հայտնի սխեմաները Հայաստանում:

Այստեղ կարող եք ավելի մանրամասն դիտել Բաթումի ֆոտոնկարները:

Իհարկե քաղաքը անթերի չէ: Սակայն երևում է ճիշտ ուղղությամբ ընթացող զարգացման հետևողական աշխատանքը: Տարեց տարի այն զգալի է դառնում:
Սակայն նրա թերությունները ինձ համար ցավալի չեն, որքան իմ հարազատ Երևանինը:


July 19, 2014

Երևան-Բաթում` հարավկովկասյան երկաթուղով: Մանրամասներ

Նախորդ անգամ նկարագրել էի, թե ինչպես եմ գնել տոմսերը` Երևան-Բաթում գնացքի համար:

Ճիշտն ասած, այդ տհաճ վերաբերմունքից հետո, որոշել էի տոմսերը հետ տալ և գնալ մեքենայով:
Բայց այստեղ էլ ЮКЖД-ն թակարդ ունի ուղևորի համար:
Ամեն տեղ գովազդվում է, որ 120 ժամ մեկնումից առաջ տոմսը վերադարձնելուց պահվում է 0 տոկոս:


Սակայն անմիջապես հետո անորոշ բացառություն է գրվում, որ սպասարկման վճարը հետ չի վերադարձվում: Որքան է այն կազմում` տոմսի վրա չկա:
Երկաթգծի տեղեկատվականից ասացին, որ դա 1200 դրամ է: Այսինքն այս 0 տոկոսը ֆիկցիա է:

Երևանի սրտում, 23 ամյա անկախ Հայաստանի երկաթգծի կայարանի պատին բարձրաձայն միացված էր РТР հեռուստաալիքը:


Սա դեռ ոչինչ` ոչ հեռու, Գյուլիստանի պայմանագրի մեծ գովազդող պաստառն էր, գերված Գյուլիստան գյուղի 2012 թվականի նկարներով:
Ոչ առանց ռուսական զինվորների անմիջական մասնակցության` գերված Գյուլիստանի պատկերներն էին: Տեսնես ինչ են մտածել ռուսական ընկերության տերերը` գերված Գյուլիստանի նկարը ЮКЖД-ի սպասասրահում դնելուց:




Ամեն դեպքում որոշեցի գնալ գնացքով, որպեսզի հասկանամ, այդ խոստումները որ տոմսարկղի բաժնի պետ Ալոյանը տալիս էր, իրական են թե ոչ?
Նա պնդում էր, որ յուրաքանչյուր ուղևորին տալիս են մեկ շիշ ջուր, մեկ շիշ հանքային, մեկ թեյ, մեկ սուրճ, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ` օճառ, խոզանակ, հողաթափեր ու որ վագոնում կա WiFi:

Չորս տեղանոց բարձր կարգի կուպեյում, մենք հայտնաբերեցինք 2 մարդու համար տեղադրված կոմպլեկտ, 4-ի փոխարեն: Մենք իհարկե վճարել էինք բոլորիս համար:

Ասեմ որ WiFi ինչպես որ չկար 2013-ին, այս տարի էլ չկա: Դա սուտ է:

Գնացքի պետ Անդրանիկը հետագայում ասաց, որ այն կա միայն մեկ վագոնում: 17 վագոններից մեկում, այն էլ` 2 գնացքներից միայն մեկում: Մյուսում ընդհանրապես չկա:

Իմ թեթև վրդովմունքից հետո ուղեկցորդ տղաները բերեցին նաև պակաս մյուս 2 կոմպլեկտները:

Ուղեկցորդ տղաները, ինչպես որ սպասում էի ռուսական ստանդարտ հիմնարկից, չէին փայլում բարեհամբյուրությամբ:
Ես չգիտեմ, ոնց են ընտրում այդ կազմը, ինչ են ուսուցանում նրանց...

Սկզբից նրանց դուր չէր եկել, որ մենք մեր կուպեյում նստել էինք 5 հոգով, թեև ունեինք 5 տոմս: Հետո նրանց դուր չէր եկել, որ 5 հոգով նստելուց առաջ ես "նախորոք իրենց չեմ տեսել": Հետո նրանք պնդում էին, որ մեր հինգից մեկը պետք է գնա իր տոմսի վագոն: Այլ տեղ նստելու իրավունք չունենք: Մոտ 40 րոպե: Հայկական մուննաթ դեմքով:

Հետո նրանք կանչեցին գնացքի պետին: Նա ասում էր, որ ես պարտավոր եմ գնալ իմ տոմսի վագոն և այնտեղի ուղեկցորդին տալ իմ տոմսը:
Սակայն, չկարողանալով օրինական հիմնավորել այդ իր պնդումը, նա հետ կանգնեց իր այդ պահանջից:
Ներկայացրեցի իրենց ընկերության խայտառակ աշխատանքը, նաև եվրոպական ու նաև անգամ ռուսաստանյան գնացքների փորձը: Որտեղ տոմս գաղափար արդեն չկա, ամբողջը էլեկտրոնային է, որ տոմս ստուգելը վերացել է:

Իրոք մեզ մոտ այս առումով քարի դար է: Ռուսաստաբնակ բարեկամներս մեկ ամիս առաջ մեր գնացքի ամենաթանկ լյուքսից սարսափած էին: Ասում են Ռուսաստանում սենց բան չես հանդիպի:

Մեր վագոնում, բացի իմ ընտանիքից, բոլորը ռուսերեն էին խոսում: Հայեր էին, բայց ռուսերեն էին խոսում:

Անցյալ տարի, վրացի մաքսավորները տվեցին ռուսերեն բլանկներ, որ հայտարագրենք մեր բեռը, Սահակաշվիլին արդեն չէր ընտրվել:
Այս տարի որոշել էի դրա դեմն առնել:

Սա անցյալ տարվա բլանկն է

Վրացի երիտասարդների ահռելի մասը այսօր ռուսերեն չգիտեն: Նրանք ավելի ազատ են անգլերեն խոսելիս:
Մենք հայերս` ակամայից դարձել ենք ռուսերենի տարածողներ` անգամ Վրաստանում:
Այս տարի որոշել եմ խոսել միայն անգլերեն:

Եվ տեսեք ինչ ստացվեց հենց գնացքում...

Այրում կայանում մեր հայ սահմանապահները արագ կնքեցին անձնագրերը, բեռ չէին ստուգում:
Ոստիկանից ահավոր օղու հոտ էր գալիս: Զարմանալի էր, որ նրան այդ վիճակում ծառայության էին թողել:
Կուպեներում պատուհանները չեն բացվում: Միայն վագոնի միջանցքում, այն էլ` երբ օդափոխիչը չի միացված: Այդ պատճառով մեր կուպեյում հոտը անմիջապես զգացվեց:



Գնացքի պետին ես նախորոք զգուշացրել էի, որ ռուսերեն որևէ բլանկ չեմ լրացնելու:

Վրացի սահմանապահների պետը եկավ անձամբ իմ կուպե: Ահագին զարմացած էր և զայրացած, որ իր հետ անգլերեն էի խոսում:

Նա բառացիորեն ասաց.
- Քո երկիրը մտնում է Ռուսաստանի կազմ, ամբողջ վագոնդ ռուսերեն է խոսում, իսկ դու քեզ ինչի տեղ ես դրել? Չես հասկանում ռուսերեն? Երևանում ռուսերեն չեք խոսում?

Ասացի.
- Դա դեռ կտեսնենք` մտնելու ենք Ռուսաստանի կազմ թե ոչ: Իսկ ռուսերեն` ես խոսել պարտավոր չեմ: Ինձ հարմար է անգլերեն, անգլերեն էլ խոսում եմ:

Նա թե.
- Իսկ եթե հիմա անձնագիրդ չկնքեմ, ու հենց մյուս կայանից հետ գնաս երեխաներիդ հետ լավ կլինի?
- Կամքը ձերն է, - ասացի.- Հետաքրքիր կլինի ԵՎրոպայի հետ ասոցացվող երկիր` ռուսերեն չխոսելու համար, հային դեպորտ անեն:

Իմ խոսակցությունը կարևոր էի համարում նաև հայ ուղեկցորդների և կողքի կուպեների ռուսախոս հայերի համար: Միգուցե մի բան մեջները շարժվեր:

Մի քանի րոպե անց եկան վրացի մաքսավորները:
Նրանք իհարկե ռուսերեն բլանկներ չտվեցին, սակայն ամբողջ ուղեբեռս ձևական հատ-հատ բացել տվեցին: Ես չգիտեմ, կանխամտածված էին անում, թե հատուկ:
Բայց մյուս ուղևորներին չէին էլ ստուգում:

Մի կես ժամ հետո բերեցին անձնագրերը: Կնքված էին:  :)

Վրացական երկաթուղում շահագործման են հանձնված իսպանական և չինական արագընթաց գնացքներ: Իսկ իմ գնացքը` Վորոնեժից 1988 թվականի շարժակազմ էր: Ակնհայտ դուրս գրած վագոնները բերում և մաշեցնում են Հայաստանում:

Զուգարանում վիճակը նախնադարյան էր: Ծորակը այսպիսին էր, տակից պետք է սեղմես` գյուղերի ծառից կախված ծորակի պես, որ ջուրը հոսի: Օճառամանը երկաթյա:





Ես չգիտեմ, ով ռիսկ կանի նստի այսպիսի զուգարանակոնքի վրա: Տակից ամբողջը ժանգոտված էր:

Հասա տեղ: 710 կմ ճանապարհը հասանք մոտ 16 ժամում:

Եվ սա դեռ շատ է մեզ:

Մանրամասն ներկայացրեցի, որովհետև մարդիկ բողոքում են, բայց քանի որ սեքս թեմաներ չեն, մեր լրագրողները չեն անդրադառնում այս հարցերին:

Բայց չէ որ մենք ենք օգտվում այսպիսի անորակ ծառայությունից:
Սա չի կարելի չբարձրաձայնել: