Showing posts with label Հոռեկա վանք. Show all posts
Showing posts with label Հոռեկա վանք. Show all posts

December 11, 2019

Գիւղական տպաւորութիւններ, Մաս 4 (վերջին մաս)

    Այսօր կներկայացնեմ Մշակի՝ 1890 թվականի ամռանը տպված հոդվածներից վերջինը, չորրորդը, որը նվիրված է Գյուլիստան և Թալիշ գյուղերին։

Կարդացեք նաև այս շարքի առաջին, երկրորդ և երրորդ հոդվածները։


Գիւղական տպաւորութիւններ
Մշակ, N78, 14 յուլիսի, 1890 թ, Թիֆլիս

Օգոստոսի 12-ին կրկին գնացինք Գիւլիստան գիւղը։ Միւս օրը՝ 13-ին, Աստուածածնայ վերափոխման տօնն էր։ Այդ օրն ամեն կողմից շատ ուխտաւորներ են գալիս Գիւլիստան՝ այդ գիւղի եկեղեցում գտնվող “ծերաւետարանը համբուրելու։
Միւս օրը, օգոստոսի 13-ին, առաւօտեան դուրս եկանք գիւղի շրջակայքը՝ մանգալու։ Գնացի Ամենափրկիչ վանքը։ Սա գտնվում է Գիւլիստան գիւղից երկու վերստ հեռաւորութեան վրա՝ դէպի հարաւ-արևմուտք, Ինջայ գետակի մօտ։ Այդ վանքը բաղկանում է մի մեծ տաճարից և մի մատուռից։ Առաջինը մի բաւական մեծ և բարձր շինութիւն է, տանիքը սրբատաշ քարով ծածկված։ 
Ամենափրկիչ (Նապատ) վանքը մեր օրերում
Եկեղեցու բեմի ձախակողմեան պատի վրա և դրսի դրան ճակատին արձանագրութիւններ կային, բայց՝ նրանց գետնից շատ բարձր լինելու պատճառով, չը կարողացայ կարդալ։ Այս վանքումն է Մէլիք-Բէգլարեան Աբով II-ը մկրտել տուել Գանձակի Մամադ խանի դուստր Ղամար-Սուլթանուն, որին նա յափշտակում է Գետաշէն գիւղից բարձր Դուլուսլու գիւղի մօտ։ “Բերելով (Աբով II) իր չքնագեղ աւարը (Ղամար-Սուլթանուն) Գիւլիստանի բերդի մօտ գտնված Ամենափրկչի վանքը, այնտեղ քրիստոնեայ է մկրտել տալիս և ամուսնանում է նրա հետ”։ (Րաֆֆի, Խամսայի Մէլիքութիւններ)
Վանքն աչքի թողի է արած և գտնվում է շատ անվայել դրութեան մէջ։ Մէծ տաճարը գոմ է դարձել ….. Վանքի շուրջը կան մի քանի խուցեր և այլ շինութիւններ։ Շինութիւնների աւերակներով ծածկված է վանքի բոլոր շրջակայքը։ Այստեղ կայ և մի գերեզմանատուն։ Գերեզմանաքարերի վրա արձանագրութեան հետքեր չէին նշմարվում, բացի վանքին բոլորովին կից գերեզմաններից։ Վերջիններիս մէջն է գտնվում և Գիւլիստանի նախկին տիրապետող Աբրահամ Իւզբաշու գերեզմանը (1753 թ․)։
Այսպիսի շինութիւնների աւերակներ կամ հետքեր, մեծ մեծ գերեզմանատներ կան նաև Գիւլիստան գիւղում, բերդի շրջակայքում, Հոռիկայ վանքի մօտ …. Թալիշ գաւառում, համարեա թէ ամեն մի քայլափոխում, շինութիւնների աւերակների կը պատահէք։ Ժողովրդի պատմելով, այս բոլորը գիւղեր կամ գիւղաքաղաքներ են եղել։ Մեզանից մօտ մի դար առաջ դրանց բնակիչները, ինչպես Ղարաբաղի համարեա թէ բոլոր բնակիչները՝ թողնելով իրանց տուն ու տեղը Ղարաբաղում տիրող սովի ու ժանտախտի անգութ ժանիքներից փրկվելու համար, գաղթում, գնում են հեռու, իրանց անծանօթ երկիրներ։ Անցնում են 10-15 տարի, այդ գաղթածներից միայն աննշան մասն է վերադառնում իր հայրենի երկիրը։ Դրանք Վրաստան գաղթողներից են լինում։
Մելիք Բեգլարյանների ապարանքները Թալիշում, մեր օրերում
Երեկոյեան ժամի 3-ն էր, երբ մենք Գիւլիստան գիւղից դուրս եկանք դէպի Թալիշ գիւղը։ Այս գիւղի հիմնելը, ժողովրդի ասելով, մօտաւորապէս 100 տարի կը լինի։ Հին Թալիշ կամ Թարիջը Հոռիկայ վանքի մօտ է եղել, ուր մինչև օրս էլ նշմարվում են՝ շինութիւնների հետքեր։ Երբ Ղարաբաղում տիրող սովն ու ժանտախտն անցնում են ու գաղթած ժողովրդի մի մասը վերադառնում է իր ծննդավայրը, Թարիջ գիւղի բնակիչները՝ երկիւղ կրելով՝ թէ վերադառնալով իրանց նախկին բնակավայրը, Հոռիկայ վանքի մօտ գտնվող Թալիշ գիւղը, գուցէ էլի ենթարկվեն սովի և ժանտախտի, գալիս են նախկին Թարիջ գիւղից մի 4-5 վերստ հեռաւորութեան վրա դէպի հիւսիս-արևելք մի տեղ ընտրում և գիւղի հիմքը դնում։
Հին և նոր Թարիջի օդի մէջ մեծ զանազանութիւն կայ, որչափ Թալիշի օդը տաք է և վատառողջ, այնքան նախկին Թարիջի օդը՝ գտնվելով հովասուն անտառով ծածկված սարի լանջի վրա, հով է և առողջարար։
Գիւղն ունի 126 տուն 1012 բնակիչներով, բոլորն էլ հայ։ Բնակիչները պարապում են երկրագործութեամբ և մասամբ անասնապահութեամբ։ Հողերը պատկանում են Մէլիք-Բէգլարեաններին։ Ինչպէս Գիւլիստան գաւառի ուրիշ գիւղերում, նույնպէս և այստեղ գիւղացիք հողատէրերին վճարում են տասից մեկը (տասանորդ) բոլոր հացաբոյսերից և խոտից։ Բացի այդ և պետական ուրիշ հարկերից գիւղացիք հողատէրերին վճարում են իւրաքանչիւր դեսեատինատեղի համար 30 կօպէկ։ Վերջին տուրքից ազատ են պետական գիւղացիք, որոնք թէև բնակվում են բէկերի հողում, բայց դեսեատինի փող չեն վճարում, ինչպէս օր. Վերի-շէն և Ներքի-շէն գիւղերի բնակիչները։
Թալիշ գիւղում գիւղացիներից մէկի տանը մեզ ցոյց տուին մի շատ հին մագաղաթեայ աւետարան՝ բաւական մեծ դիրքով, գեղեցիկ նկարներով, թւով մօտ 15 հատ, մեծ մեծ երկաթագիր տառերով գրված։ Աւետարանն ունի չորս հինգ յիշատակարան։ Վերջին երեսի վրա գտնվող յիշատակարանը՝ խոնավութեան մատնվելով, մեծ դժուարութեամբ էր  կարդացվում։ Այդ յիշատակարանից երևում է, որ աւետարանը գրված է հայոց շժզ (516) թւականին, ուրեմն ըստ փրկչական 1067 թւին։ Մեր այժմեան օ տառի տեղ գործածված է “աւ”։ 
Ճշմարիտ շատ հին, հազւագիւտ և ուշադրութեան արժանի ձեռագիր է։ Լավ կը լինէր, եթե Էջմիածնի թանգարանն այդ ձեռագիր աւետարանը ձեռք բերէր, թէպէտ աւետարանատէր գիւղացիք նրան իրանց “աչքի լուսից” աւելի էին պահում, պաշտում։ 
     Ի՞նչպիսի երկիւղածութեամբ և պատկառանքով էին մօտենում նրանք աւետարանին։ Ի՞նչ տեսակ հրաշքների մասին ասես, որ նրանք մեզ պատմած չը լինեն։ Խնդրեցի, որ թոյլ տան՝ վաղն էլ գնանք նայենք։ Մտքումս դրել էի մի քանի կարևոր յիշատակարաններն արտագրել։ “Լա՜ւ, եկէք էգուց”։ պատասխանեցին գիւղացի կանայք։ Գնացինք։ Բայց որչափ եղաւ մեր զարմանքը, երբ աւետարանատէր գիւղացի կանայք թոյլ չը տուին աւետարանից մի բառ անգամ արտագրելու, պատճառ բերելով՝ թէ իրանց ամուսինները տանը չեն։ Իսկ իրանք՝ ինքնագլուխ, առանց ամուսինների թոյլտւութեան ոչ մի բան չեն կարող անել։ 
Սպասեցինք, ամուսինները դաշտիցն եկան։ “Չէ՜, չենք կարող”, պատասխանեցին նրանք հակիրճ կերպով, “կարդում ես, կարդա՜, արտագրել չի կարելի”։
Մի ամբողջ շաբաթ Թալիշ գիւղում մնացինք։ Այդ շաբաթվայ ընթացքում չորս անգամ գնացինք Հոռիկայ վանքը, այնտեղ Մէլիք-Բէգլարեաններից մնացած հնութիւններին նայելու, կարևոր արձանագրութիւնները դուրս գրելու։ Վանքը, ինչպէս վերև յիշեցինք, գտնվում է անտառի մի ծայրում, սարի լանջի վրա։ 
Հոռեկա վանքի ներսը մեր օրերում

     Այդ վանքը “Հիւրեկ” էլ են անուանում, Հիւրեկայ վանք, և պատմում են, իբր թէ Եղիշէ առաքեալը այստեղ հիւր է եկել, այդ պատճառով վանքի անունը դրել են Հիւրեկ։ Իսկ “Հոռիկ” “Հոռիկայ” վանք անունը “ուռիկայ” բառերից են կազմված։ Վանքի մօտ կան մի քանի խուցեր։
Հոռեկա վանքը մեր օրերում
Այս շինութիւններից մի քանի քայլ դէպի հիւսիս գտնվում է Գիւլիստանի կամ Իգիրմի-դեօրդի մէլիքների պալատը։ Սա չորս սենեակներից բաղկացած կամարակապ սրահով մի գեղեցիկ շինութիւն է։ Չորս սենեակն էլ մի շարքումն են։ Առաստաղները գմբեթաձև են։ Վերջին երկու սենեակների գմբեթաձև առաստաղները վերջանում են բոլորակ ծակերով։ Այս սենեակների անկիւններում, պատերի մէջ շինած են ծալքեր։ Ամբողջ շինութեան մէջ պատուհաններ չը կան, դռները ցած են և լայն։ Սրահի երկարութիւնը 40 քայլ է։ Սրահի գեղեցիկ սիւների թիւը 7-ն է։ Ամբողջ շինութիւնը սրբատաշ քարերից է։ 
Մելիք Բեգլարյանների ապարանքները Թալիշում, մեր օրերում
Սրանց կից շինած են խոհանոցներ և մի քանի մութ սենեակներ։ Այս գլխաւոր շինութեան դիմացը կայ մի այլ շինութիւն։ Սրա աջ ծայրում գտնվում է աւերված մարտկոցի մասը։ Այս շինութիւններից 25-30 քայլ դէպի հիւսիս-արևմուտք գտնվում է մի այլ շինութիւն 3 սենեակներից բաղկացած։ Երկու սենեակների առջևի պատերը փլված են, երրորդ սենեակի դրան ճակատին արձանագրված է․ “Յիշատակ է Ոհան Բարուն մերէն Մէլիք-Թամրազ ՌՃԾ” (1701): Թէ այս, թէ այն շինութիւնները շրջապատված են եղել պարիսպներով, որոնցից մի քանիսները մինչև այժմ էլ կան, մի քանիսն էլ քանդված, աւերված են։
Վանքի հարաւային կողմումն է Մէլիք-Բէգլարեանների տոհմային գերեզմանատունը։ Գերեզմանաքարերը բոլորն էլ ծածկված են մամռով, մի քանիսը, թփերի, ծառերի մեջ թագնված կամ գետնի հետ հաւասարված են։ Մեծ ջանք և համբերութիւն էր հարկաւոր նրանց վրայի արձանագրութիւնները կարդալու համար։ Չորս օր աշխատելուց հետոյ մեծ դժուարութեամբ աջողվեց ինձ Մէլիք-Բէգլարեան տոհմի գերեզմանների արձանագրութիւնները արտագրելու։


Մելիքների տապանաքարերը մեր օրերում

Այստեղ դնում ենք Գիւլիստանի մէլիքութեան մի քանի մէլիքների մահվան տարեթիւը, որ հանգուցեալ Րաֆֆիի “Խամսայի Մէլիքութիւններում” չէ յիշված։
Մէլիք Բէգլար I վախճանվեց հայոց ՌՃԿԹ թւին, իսկ փրկչական 1720 թւին։ (Նրա գերեզմանի վրա արձանագրված է․ “Այս է տապան Մէլիք Բէկլարի․ ՌՃԿԹ)։ Մէլիք-Բէգլար I-ի որդի Մէլիք Թամրազ վախճանվեց ՌՃՂԹ (1750):
Րաֆֆիի ասելով Մէլիք-Բէգլարեան տոհմի նախահայր Աբով I վախճանվեց 1632 թւին․ սրան յաջորդում է Մէլիք-Բէգլար I-ը, որը, ինչպէս տեսանք, վախճանվում է 1720 թւին, ուրեմն Մէլիք-Բէգլար I իշխել է 88 տարի, մի թիւ, որը մեզ քիչ կասկածելի է երևում։ Թալիշ գիւղի մեր վերոյիշեալ աւետարանի յիշատակարաններից մէկի մէջ յիշված է, որ 1650 թւին Թարիճ գիւղում իշխան է եղել Ապով I-ի որդի Եավրի-բէկ։ 
Ուրեմն Ապով I-ին յաջորդել է ոչ թե Մէլիք-Բէգլար I, այլ Եավրի-բէկը, որը “Խամսայի Մէլիքութիւններում” բոլորովին չէ յիշված։
Այն արձանագրութիւններից երևում է, որ Մէլիք-Բէգլար I-ը ոչ թէ երկու որդի է ունեցել, ինչպես գրված է “Խամսայի Մէլիքութիւններում”, այլ երեք․ Ապով II (+1728), Մէլիք-Թամրազ (+1750) և Իսայ-խան աղա (+1752)։ 
Մէլիք-Թամրազը, բացի Սարուխան-բէկ որդուց (+1749), ունեցել է մի երկրորդ որդի - Մէլիք-Դանիէլ (+1771)։

Թալիշ գիւղից 4-5 վերստ դէպի արևելք գտնվում է Թարթառ գետը։ Այստեղ վերջանում է Գիւլիստանի մէլիքութիւնը և սկսվում է Ջրաբերդինը։ 

Գիւլիստանի մէլիքութեան բացի Վերի-շէն, Թալիշ, Գիւլիստան, Բուզլուխ և Մանաշէթ գիւղերից, այդ ամառ մենք այցելեցինք Գիւլիստանի գիւղերից և հետևեալները՝ Ներքի-շէն, Խարխապուտ, Ղարա-չինար կամ Աղջա-ղալա, Մանասաշէն և Թամրազաշէն….

Շ․


Տես նաև հոդվածի՝
Մաս 1-ին
Մաս 2-րդ
Մաս 3-րդ