August 31, 2015

Բուժօգնության պետպատվերը մեծագույն բլեֆ է

ՀՀԿ-ի նախընտրական իբր 'իրագործված' խոստումներից է համարվում առողջապահության պետպատվերի ներմուծումը, որը ներդրվեց կոալիցիոն դաշնակցական նախարարի օրոք, շատ սուղ միջոցների հատկացմամբ, և հիմա ինձ հանդիպած փաստերը ապացուցում են, որ դա ուղղակի բլեֆ էր և հիմա էլ բլեֆ է:

Մի քանի օր առաջ Էրեբունի բուժկենտրոնում ականատես եղա հետևայլ խոսակցության, ինչը ստիպեց ինձ գրի առնել մի աղաղակող կեղծ փաստի մասին, որ կոչվում է "բժշկության պետպատվեր":

Մի խումբ կանայք մի 6-7 հոգի, իրենց հիվանդ գունատված աղջկան շտապ բերել էին հիվանդանոց: Ընդունող բժիշկը նրանց միջանցքում բացատրում էր.

- Պետպատվերի մեր լիմիտը վերջացել է, և եթե կարող եք այլ հիվանդանոց տեղափոխեք հիվանդին, որտեղ պետպատվերով կարող են բուժել: Իսկ այստեղ կարող ենք օգնել միայն վճարովի: Համաձայն եք? Որոշեք:

Էս մարդիկ շվարած կանգնել իրար դեմքին են նայում: Ոնց տեղափոխեն? Չէ որ ծանր է հիվանդը: Ոնց ճարեն գումարը, չէ որ չունեն:

Պարզեցնեմ միտքս մի քանի իրական դեպքերի նկարագրմամբ:

Դեպք 2
Մի երկու տարի առաջ Նորքի շտապօգնության հիվանդանոցում ռեանիմացիոն բաժնում բժիշկը պահանջեց պապիկիս պատերազմի մասնակցի, կենսաթոշակառու լինելու վկայականները, հիմնավորելով իբր թե պետպատվերի տակ դեպքը գրանցելու համար է:
Հարգելիներս, ես չգիտեմ, գրանցեց թե ոչ, չգիտեմ պետպատվեր հասնում է ռեանիմացիոն ծառայությունում կենսաթոշակառուին, վետերանին թե ոչ, սակայն ռեանիմացիոն պալատի վճար (արդեն չեմ էլ հիշում 10 թե 15000 դրամ օրական)  տականքները պահանջում էին:

Դեպք 3
Պետպատվերի չգոյության այս մյուս դեպքը 6 ամյա որդուս հետ էր, որին ուղղակի պետք է ատամը հեռացնեին: Մի մեծ վճար չէ, 3000 դրամի մասին է խոսքը, բայց բնութագրական դեպք է: Նոյեմբեր ամսին ասացին, որ պետպատվերի իրենց լիմիտը վերջացել է, և երեխայի ատամը կհեռացնեն վճարովի: Բայց արի ու տես, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը ևս այս սրիկաները կեղծ անվճար են հայտարարել:

Դեպք 4
Հաջորդ տարի փետրվարին նորից պետք է նույն երեխայի ատամը հեռացնեին, այս անգամ ասացին, որ տարվա սկիզբ է և պետպատվերի գումարը չի հատկացվել դեռ: Ու նորից կարող են հեռացնել ատամը միայն վճարովի:

Դեպք 5
Ընտրություններից առաջ ականատես ենք լինում, թե ինչպես են քաղաքային բժիշկները բարեգործական այցեր կատարում շրջաններ և ՀՀԿ բարեգործության անվան տակ կոնսուլտացիաներ, վիրահատություններ կատարում հիվանդներին, կորզելով ձայն: Կասկածներ ունեմ, որ հենց այդ դեպքի համար են սրանք պետպատվերը հորինել:


Հիմա ինձ բացատրեք` ինչպես է լինում, որ պետպատվերը փետրվարին չկա, քանի որ դեռ չի հատկացվել, իսկ օգոստոս-նոյեմբերին չկա, քանի որ արդեն լիմիտը վերջացել է: 


Երբ մարդն ընկնում է հիվանդանոց` նա այլևս ժամանակ չունի ընկնել արդարության հետևից, քանի որ կյանքդ այդ պահին այդ ստահակների ձեռքում է:
Օգտվելով այդ իրարությունից, սրանք ինչ ուզում անում են, ոնց ուզում ֆռռացնում են:

August 4, 2015

Զվարթնոց օդանավակայան: Անլուծելի են խնդիրները?

Երկշաբաթյա եվրոպական շրջագայությունից հետո հասա տուն:
Տպավորություններիս մասին դեռ կգրեմ հաջորդ գրառումներում:
Սակայն այն ինչ տեսա այսօր Զվարթնոց օդանավակայանում իջնելուց, ստիպում է` հոգնած վիճակում անգամ, կիսվել տպավորություններով:


Ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո անմիջապես աչք է ծագում կայանված ինքնաթիռների սակավությունը: Առավոտյան 6-ին, Զվարթնոցում կայանված էին ընդամենը երկու-երեք ինքնաթիռ, երկուսը ռուսական` Աէրոֆլոտը և Սիբիր-ավիան:




Մերը` Կիևից թռչող ուկրաինական ՄԱՈՒ-ի Բոինգն էր: 
Սա իհարկե կապված է Զվարթնոց օդակայանի ինքնաթիռների կայանման բարձր գների հետ:

Հաջորդը, որ նկատում ես ինքնաթիռից իջնելուց, դա մեծաքանակ սպիտակ ջիպերն են, որ գնում գալիս են շրջակայքում, ինքնաթիռների կողքերով: Որևէ տեղ ինքնաթիռների գոտում թանկարժեք ջիպեր չեմ տեսել: Ի վերջո դրանց ծախսը ներառված է օդակայանի գների մեջ: Ում եք զարմացնում?

Դրամի փոխանակում: Թալան N1

Ուզում էի դրամ փոխանակել մինչև անձնագրային ստուգումը:

Կոնվերս բանկի չենջը, եվրոն ընդունում էր 513, վաճառում 530 դրամով, երբ նույն Կոնվերս բանկի առավոտյան այսօրվա փոխարժեքով առքը 520 էր, վաճառքը 528:
Կար նաև ABB բանկի ավտոմատ փոխանակման սարքը, նույն անիմաստ ոչ բանկային փոխարժեքներով:
Կոնվերս բանկ, ինչ ես անում? Ինչի ես այդպես անում? Սա ինչ է եթե ոչ թալան? Ով է թույլ տվել միայն քեզ այդտեղ փոխանակում կատարել?


Անձնագրային ստուգում

Անձնագրային ստուգման պրոցեսում ամենաանիմաստը դա ընտանիքի տրոհումն էր տարբեր պատուհաններով: Ոչ Փարիզում, որտեղ շենգենյան գոտի ենք մտել, ոչ Բարսելոնայում, որտեղ շենգենյան գոտուց դուրս ենք եկել, այդպես չէր: Ընտանիքով պատուհանին մոտենում էինք միասին: Սա թույլ էր տալիս խուսաբել անիմաստ հարցերից, թե ծնողի հետ է երեխան թե ոչ, որովհետև աչքիդ առաջ են բոլորը: Իսկ Հայաստանում պարզ չի, ինչու են տրոհում ըստ պատուհանների:


Ի դեպ Բարսելոնայի և Փարիզի օդակայաններում, անձնագրային ընդամենը երկու կետ կար անջնագրային, որոնք արագ սպասարկում էին հարյուր հազարավոր մարդկանց:
Մեզ մոտ 12 կրպակ կար ԱԱԾ-ի, երբ օրական մի 10-15 չվերթ է լինում:
Դրա համար էլ սրանք վարկյանների փոխարեն րոպեներ են զնում անձնագիրդ: Բանուգործ չունեն տղերքը, գործ են կպցրել վեր ընկել բուդկեքում:

Վճարովի սայլակներ: Թալան N2:

Մյուսը ուղեբեռի ստացումն է: Այստեղ անվճար սայլակներ չկան: Տարիներ շարունակ սրա մասին ասվում է, անօգուտ: Հոգնած անդուր մի քանի տիպ` կիսապառկած ամեն մեկը մի սայլակի վրա, մոտենում է, թե.

- Հընգեր, կարողա տիլեժկայա պետք?

Բարսելոնայի օդակայանում դրանք անվճար սփռված էին օդակայանով մեկ: 

Դուք եկել եք ԵԱՏՄ

Դուրս գալուց, իհարկե հայտարարագրելու բան չունեի, և անցա կանաչ գոտով: Բայց դեմդ են փակում զննող մենթական հայացքով, 
թալանչու դեմքովդեսուդեն քայլող, ինչպես գայլը վանդակում, մաքսային աշխատակիցներ: Ոնց են ճարում սենց տպերին, զարմանում ես ուղղակի: Միգուցե նորմալները չկան այլևս?

Դեպի քաղաք ելքը զարդարել են այսպիսի անիմաստ գրառումով` ԵՏՄ երկրներից ժամանող ուղևորներ: Այլ ելք ի դեպ չկա: Սա է միակը: Բայց ստրուկները պետքա անպայման շեշտեն, որ եկել ես եվրասիական տնտեսական միություն, այլ ոչ թե Հայաստան:


Դեպի քաղաք ելքը զարդարել են այսպիսի անիմաստ գրառումով` ԵՏՄ երկրներից ժամանող ուղևորներ:

Տրանսպորտ: Թալան N3:

Երևան եկող ավիաավտոբուսներ չկան: Չկա քաղաք տանող մետրոյի կայարան: Չկա արագընթաց գնացք: Ես պատկերացնում եմ զբոսաշրջիկների տպավորությունը այսպիսի վիճակից:

Դեռ դուրս չեկած տարածքից, օդակայանի աշխատակից աղջնակը, որ կապույտ ծառայողական հագուստով էր, տաքսի առաջարկեց: Հրաժարվեցի:

Դուրս եկա: Ինձ վրա թափվեցին մի 4-5 հոգի, թե տաքսի պետք է?
Որքան հասկանում եմ օդակայան գնացող եկող պարբերական որևէ տրանսպորտ գոյություն չունի:
Ամբողջ հույսը այս տաքսիստներն են:

Մուտքի մոտ որոշել էի նստել աէրոտաքսիներից մեկը, թեև դրանք 1կմ 300 դրամ են հաշվում: Իրենց բեռնախցիկում գոնե գազի բալոն չկա և իրերը ազատ կարող ես տեղափոխել: 
Նույն աէրոտաքսիի արտաքինով տաքսի էր: Նստելուց նոր հասկացա, որ նորից թակարդ էր:
Վարորդի հետ խոսելուց, մեզ խառնվեց մի երրորդ մեկը, որ ճշտեց թե ուր եմ գնում ու վարորդի փոխարեն որոշեց գինը` 6000 կտաս վարորդին:
Զվարթնոցից Ազատության պողոտա:
Հետո այս տղան մոտեցավ վարորդին, թե.
-Իմ փողը հիմա տուր, հետո կարողա քեզ չտենամ:
Էս վարորդը գրպանից գումարը հանեց տվեց դրան: Փաստորեն տարածքը նայող միջնորդին:
Ով էր էս միջնորդը? Աստված գիտի:

Երևան քաղաքի մուտքը:

Բայց քաղաք մուտք գործելուց տեսնել այդքան կազինո, պոկեր ակումբ, էլ ինչ-որ զիրդուզիբիլ ..... Ամոթա, տղերք:

Իսկ ամենացնցողը 1700 ամյա հնամյա քրիստոնյա ազգը իր մայրաքաղաքի մուտքը զարդարել է ոսկեզօծ նորակառույց ռուսական եկեղեցիով: Ում համար են սարքել այն? Ինչի դիմաց?
Մոսկվայում միլիոնից ավել հայ կար, հայկական եկեղեցի սարքել են, հասկացանք: Բայց դրա սարքելու դիմաց այստեղ  անհաճախորդ ռուսական սարքելը, ստրկություն չի արդեն, այլ դիագնոզ:


Մեր աչքը սովորելա էս աբսուրդներին: Բայց օտարի համար սա առաջին տպավորություններն են: Ու նա հասկանում է ամենից, որ եկել է ռուսական հասարակ գաղութ: