June 28, 2014

Սա Հարավկովկասյան երկաթուղին է

Մեքենայով էլ եմ գնացել Բաթում: Սակայն այս տարի որոշեցի գնացքով գնալ:

Երթևեկությունը Վրաստանում անհամեմատելի է Հայաստանի հետ: Քշում են ահավոր, հետիոտներին տակը գցելով, կասկադյորների պես:
Ճանապարհները շատ նեղ են: Եթե հանդիպեք իրար կպած երեք-չորս ֆուռերի շարասյանը, ապա ստիպված կարող է մեկ ժամ դանդաղ ընթանաք նրանց հետևից:


Ինչևէ:
Եվրոպական երեք շրջագայությունից հետո, մտա առաջին հերթին հարավկովկասյանի կայք:
Իհարկե ուզում էի տոմսերը օնլայն գնել:

Ավաղ: Պարզվեց, որ օնլայն տոմսերը 2000 դրամով ավելի թանկ են, քան կայարանի տոմսարկղում գնելիս:
Կյանքում որևէ կայքում չեմ տեսել այսպիսի աբսուրդ: Հակառակը, օնլայն նրանք ավելի էժան են լինում, քանի որ ծախսերը անհամեմատելի ցածր են, էլ չեմ ասում, որ շատ շատերը անցել են էլեկտրոնային տոմսի գաղափարին, տոմս չկա արդեն:

Դեռ 2009-ին Վիեննա-Պրահա տոմսը գնել եմ Երևանից, կայքով, մեծ զեղչով, ստացել եմ ընդամենը կոդ:
Գնացքում` Չեխիայի սահմանում, գնացքի մեջ ասել եմ այդ կոդը և վերջ: Անձնագիր անգամ չեն ստուգել:

Այստեղ Հայաստանում այլ է:
Այստեղ ռուսական կազմակերպություն է, որը անգամ "Հայկական երկաթուղի" բառն է վերացրել: Ի տարբերություն այսօր էլ գործող "Վրացական երկաթուղու", Հայաստանում այն վերանվանվել է "Հարավկովկասյան երկաթուղի":
Հայկական բառը ուղղակի վերացրել են:

Զանգեցի 1-84` երկաթուղու ինֆորմացիոն կենտրոն: Վերցրեց մի աղջիկ և ռուսերեն խոսեց
Ապշեցի: Հայաստանում պետական լեզուն հայերենն է, իսկ երկաթուղու 184-ով պատասխանում են ռուսերեն: Ես հայերեն հարցրեցի , նա անցավ կոտրտված հայերենի: Ասաց, պետք է գնամ տեղում բոլոր հարցերի պատասխանը ստանամ:

Գնացի: Տեղում պարզվեց, որ տարբեր ժամանակահատվածների` 
15.06.2014 - 30.06.2014, 01.07.2014 - 09.07.2014, 10.07.2014 - 20.08.2014 համար տարբեր գներ են: Իհարկե գնալով բարձրանում են գները:

Աշխատում էին երեք դրամարկղներ, դասական հայկական խառը հերթերով:
Տոմսարկղի կողքը` չկա ոչ մի ինֆորմացիա` վագոնների տեղերի դասավորության, գնացուցակի, ազատ տեղերի մասին:

Միայն շատ մեծ պաստառներ էին կախված` 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրի տեքստով և նկարագրություններով:

Կան չորս տեսակի տոմսեր` 
  • պլացկարտ` 12 170 ներքևի տեղ, 11 120 վերևի տեղ
  • կուպե` 18900 ներքևի տեղ, 17 630 վերևի տեղ
  • բարձր կոմֆորտայնությամբ կուպե` 20 880 ներքևի տեղ, 19 930 վերևի տեղ
  • լյուքս ` 28 590 դրամ:
Մնացյալ տեղեկությունները պետք է աղերսեիր, որ մուննաթով տոմսավաճառուհին ձայն հաներ: Այնպիսի տպավորություն էր, որ ես հարավկովկասյան երկաթուղու տոմսավաճառին մի բան պարտք եմ և չեմ վերադարձրել:

Երկար հոգեբանական գրոհից հետո, պարզվեց, որ հասանելի են միայն թանկ ...... "повышенный комфорт" և "люкс" տոմսերը:
Այստեղ տոմսավաճառներին պետք է հավատալ: Այլ ձև սպառողը չունի, քանի որ թափանցիկ չի հասանելի տեղերի բաշխվածությունը ըստ վագոնների:
15 օրվա կտրվածքով, դահլիճի հեռավոր անկյունում` տաբլոյի վրա, երևում են մնացած ընդհանուր ազատ տեղերը, սակայն` ավելի ուշ օրերինը, չեն երևում, իսկ բաշխվածությունն ըստ վագոնների` չկա ոչ մի տեղ, չկա վագոնների համարներով տեղերի սխեման:
Հարցին, թե ինչ է նշանակում` "повышенный комфорт" տեղերը, տոմսավաճառ տիկինը դուրս եկավ հավասարակշռությունից` տիպիկ ռուսական սպասարկման որակների լավագույն ձևերով:
Կողքի տոմսավաճառուհին էլ չկարողացավ բացատրել թե ինչով է այն "повышенный комфорт":
Հետագայում բաժնի պետը` Հունանյանը, իր առանձնասենյակում ինձ բացատրեց թե դա նշանակում է, որ այնտեղ կա Wi-Fi, յուրաքանչյուրին տալիս են մեկ անգամ սուրճ, մեկ թեյ, մեկ բնական հյութ, քաղցրավենիք, մեկ հանքային ջուր և հիգիենիկ պարագաներ` ատամի խոզանակ, հողաթափեր:

Կողքի դրամարկղի մոտ, տոմս գնած տղամարդուց տոմսավաճառը պահանջեց 10 դրամը, սակայն 100 դրամանոցի` 90 մանրը չէր ուզում վերադարձնել: Թե մանր չունեմ: Բայց նրանից 10ը պահանջում էր:  :)

Հարցին, իսկ կարող եմ Վիզա քարտով մուծել` նրանք կլոր աչքերով, զարմացած նայեցին ինձ վրա, թե ոչ, միայն կանխիկ փողով:

Բա, ժողովուրդ ջան:
Մոտենում են պայծառ մաքսային միության օրերը:
Մաքսային միության որակներին միշտ պատրաստ մարդիկ, արդեն նստած են` այս տոմսարկղներում: Նրանք հայեր են:
Կորչի էդ փչացած Եվրոպան:

Սա անցյալ տարվա Երևան-Բաթում գնացքն է