March 5, 2014

Հայաստանում Մայդան անհրաժեշտ է

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 05 Մարտի 2014, 10:51

Մեր զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորող Արթուր Ղազարյանը
Արթուրմի քանի տարի է՝ քաղաքացիական ակտիվությունեք ցուցաբերումմասնակցում տարբեր ակցիաների:Մայդանի հնարավոր կրկնություն այլ ձևաչափովՀայաստանում արդյոք պատկերացնո՞ւմ եքՄայդանումքաղաքացիական ակտիվիստները կոնսոլիդացվեցին ավելի գլոբալ խնդրի շուրջ, մեզ մոտ, սակայն, Դեմ եմ-ից, հարյուր դրամի պահանջից անդին չանցանք: Ինչո՞ւ:
Հետևում եմ հայաստանյան արձագանքներին Մայդան հասկացության շուրջ, և ինչ է այն իրենից ներկայացնում: Կարծիքները իրարամերժ են: Իմ կարծիքով, Մայդանը Ուկրաինայի՝ հետխորհրդային անկախացման երկրորդ փորձն է: Խորհրդային Միության ինքնափլուզվելուց հետո մերձբալթյան երկրները առաջինը կարողացան դուրս գալ «համաշխարհային ծով»: Հետաքրքիրն այն է, որ հետո գալիս են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, որոնք նորից Եվրոպայի հետ սահմանակից են և ձգտում են քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք: Սակայն այս երկրները ունեն Խորհրդային Միությունից ժառանգած տարածքային կաշկանդող խնդիրներ: Խորհրդային կայսրությունից անջատման առաջին փորձը ձևական էր: Այդ անկախությունները ժողովուրդները ստացան ակամայից: Այսօր նրանք պետք է կամ նվաճեն այդ իրավունքը, կամ մտնեն մաքսային, եվրասիական նոր վերակենդանացող միություն:
Հայաստանում Մայդան անհրաժեշտ է: Նույն խուժան մարզպետները, ընտանեկան կլանային քվոտաները, ընտրակեղծարարությունը, թալանվող բյուջեն, իշխող կուսակցության հակապետական քայլերը ոչնչով չեն տարբերվում ուկրաինականից: Սակայն մեր Մայդանը շատ ավելի դժվար է: Մենք մայդանի ընթացքում հնարավոր է ունենանք արտաքին շատ ծանր խնդիրներ`արցախյան պատերազմի վերսկսում, Թուրքիայի հետ անորոշ հարաբերությունների անկանխատեսելիություն:
Վրաստանը այդ կայսերական ժառանգած տարածքային բեռը բաց թողեց ՝որպես իր անկախացման  հատուցում և կենտրոնացավ ներքին հարցերի վրա: Իսկ Ուկրաինան նոր-նոր առնչվում է Ղրիմի ծագող խնդրին:
Այո, մեզ մոտ այսօր էլ սոցիալական հարցերն են մարդկանց ոտքի հանում` տրանսպորտ, թոշակային ռեֆորմ, հղիների նպաստներ և այլն: Իսկ քաղաքական գործընթացները հիմնականում հետընտրական կարճատև բնույթ են կրում:
Ի՞նչ եք կարծում Մայդանը իսկապես հնարավորություն է տալիս սլավոնական հարցի լուծման, տարածաշրջանի ժողովուրդների՝ պուտինյան մեքենայից ազատագրվելու:

Արևմուտքը շատ հետաքրքիր հնարք էր հորինել`ասոցացման պայմանագրի տեսքով, որը փորձեց լրիվ գաղտնիության պայմաններում, առանց քաղաքացիական հանրության, առանց հանրությանը ներկայացնելու` կուլիսներում ստորագրել տալ Սերժ Սարգսյանին, Յանուկովիչին: Եվրոպացիները անտեսեցին անգամ անցյալ տարվա հայաստանյան նախագահական աղաղակող կանխորոշված ընտրությունները: Նրանք ԵԺԿ կազմ ընդունեցին ՀՀԿ-ին, անգամ ՕԵԿ-ին: Իսկ որքան են այդ ուժերը եվրոպամետ, տեսնում ենք այսօր: Ասոցացման պայմանագիրը ընդամենը պատրվակ էր, որի հեղինակները Լիտվան և Լեհաստանն էին, բայց ոչ հիմնական ծանրակշիռ հին եվրոպական երկրները: Սակայն Պուտինը ընկավ այդ թակարդը: Նա արեց հնարավոր բոլոր սխալները, որոնք այժմ փորձելու է ուղղել: Իսկ սլավոնական կորսված դաշնակիցներին`լեհերին, չեխերին այսօր միանում են ուկրաինացիները: Եվ դրան ակամայից նպաստում է Պուտինի դիրքորոշումը:
Ի դեպ, ցանկանում եմ առանձնակի նշել, որ հակապուտինյան դիրքորոշումը պետք չէ երբեք խառնել հակառուսականության հետ: Ռուս ժողովուրդը մեծ, ստեղծարար, արարող ժողովուրդ է, նա ոչ մի կապ չունի չեկիստական պուտինյան Ռուսաստանի հետ, որը ամեն կերպ և մեթոդներով մեզ հետ է քաշում նոր սովետի կազմ: Ո՞վ կպատկերացներ, որ ուկրաինացին զենքով կկանգնի ռուս եղբոր դեմ: Այս պարագայում Ռուսաստանն ինքը պետք է վերափոխվի, որ ձգի իրեն այլ երկրներ, ոչ թե զոռով, ուժով, սարսափով ստիպի մտնել այս կամ այն միություն: Իսկ պուտինյան դաշինքը` մաքսայինի տեսքով, ուղղակի հին բոլշևիկների ակումբ է: Այնտեղ նորարար, 21-րդ դար սլացող ազգերը տեղ չունեն այդպիսի առաջնորդների հետ: Պուտինյան մեքենան իրոք չի նախատեսված այսօրվա արագությունների համար: Միայն մարտի երեքին նրա տնտեսությունը արժեզրկվեց 14 տոկոսով: Դեռ առանց լուրջ սանկցիաների:
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք՝ բացի Մայդանով ոգևորվելուց: Հայաստանը ունի՞ փոփոխությունների հնարավորությո՞ւն:
Գիտեք, կա միշտ մի քանի ճանապարհ՝ էվոլյուցիոն և հեղափոխական: Մայդանը  հեղափոխականն էր: Էվոլյուցիոն ճանապարհի ժամանակ չունենք, քանի որ իշխանություններն այլևս անելիք, ասելիք չունեն: Սպառվել են և արտաքին ասպարեզում, և ներքին: Մեր ժողովրդին անտեղի մեղադրում են՝ թե վճռական չէ, ծախվող է և այլն: Բացարձակ համաձայն չեմ: Մեր ժողովուրդը ընդվզել է 88-ին, 96-ին, 2008-ին, 2013-ին: Ի վերջո պատերազմել է: Հիշեք, մենք այդ Լենինի արձանները երբ ենք հանել: Մենք փոքր երկիր լինելով`ավելի ճկուն ենք, ավելի հեշտ փոխվող, քան Եվրոպայի տարածքով թիվ մեկ Ուկրաինան՝ իր 45 մլն բնակչությամբ: Մայդանում լիդերներ չկային: Մարդիկ իրենք էին ստիպում կուսակցություններին, թելադրում էին օրակարգ: Այդ շարժումը համապետական էր, ոչ մայրաքաղաքային: Համապետական ապստամբություն էր: Հայաստանում կան խմբեր, որ առաջարկում են տիեզերական ամպային ծրագրեր` վերից վար քանդել, 0-ից պետություն հիմնել: Ես չեմ հավատում այդ թեզին: Մենք լավ-վատ պետություն ենք ստեղծում իր ատրիբուտներով և չենք կարող ամենը դեն նետել:
Կարծիք կա այսօր, որ հաշվի առնելով արտաքին մեր վտանգները, ռեսուրսների առկայությունը` ֆինասնական, մարդկային, ժամանակային սղությունը պետք է իրականացնել գոնե իշխանափոխություն, հակառակ համակարգափոխության: Այսինքն՝ մինիմալ ծրագիրը իշխանափոխությունն է, իսկ մաքսիմալը` համակարգափոխությունը: Ես կարծում եմ, առաջինը շատ հեշտ կիրականացվի: Երկար չենք սպասելու: Մեծ գրող Րաֆֆին գրել է. «Մեզանում ամեն օգտավետ առաջարկություններ, ամեն գեղեցիկ մտքեր շատ անգամ մնում են անկատար, որ կամ ոչինչ չենք շինում, իսկ եթե կամենում ենք մի գործ կատարել, ցանկանում ենք անպատճառ ամեն ինչ միանգամից կատարել, քանի որ այդ «ամեն ինչի» հարյուրերորդ մասը իրագործելու համար ոչ միջոցներ ունենք և ոչ`պատրաստակամություն: Մենք գործը փոքրից սկսելու սովոր չենք>: Եկեք գործը փոքրից սկսենք: Թող լինի 100 դրամ, թող լինի թոշակ, թող լինի պուրակ, շենք: Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն այդպիսի օջախից ծնվում է ապագա քաղաքացին:
Իսկ այն, որ քաղաքական ուժերի հնարավոր միավորման և մեկ օրակարգի ձևավորման մասին են խոսում, որքանո՞վ այն կարող է կենսունակ լինել:
Նորից գանք Մայդանին, և հիշենք, որ Մայդանի որոշումները վավերացնում էր Ռադան, իրենց Ազգային ժողովը: Ռադայում շարժման ընթացքում պատգամավորների հոսք եղավ դեպի ընդդիմություն: Մեր 4 «ոչ իշխանական» ուժերը այսօր ունեն 53 ձայն: Այս ռեսուրսը չենք կարող անտեսել: Սա այն է ինչ փաստացի ունենք: Պետք է օգտագործենք այն, ինչ ունենք: Միայն քաղաքացիական փոքր խմբերը առայժմ ինքնուրույն օրակարգ չեն կարող թելադրել: Կուսակցությունների հետ, համատեղ ուժերով հնարավոր է տապալել ՀՀԿ-ական ճոճվող սյունը: Ուկրաինայում 5 կուսակցություն էր միավորվել Ռադայում: Մեզ մոտ 4-ն են: Շատ լավ է:
Իսկ նպատակը մի՞թե պետք է ՀՀԿ կոչվող սյունը քանդելը լինի, երբ մյուս ուժերն էլ ՀՀԿ-ից չեն տարբերվում, նաև ընդդիմադիրները, նրանց արդյո՞ք չպետք է մերժել, բացառել:
Անցյալ տարվա Բարևի շարժումից հետո անցել է մեկ տարի: Բավական ժամանակ է մտածելու, սխալները, բացթողումները դիտարկելու համար: Իմ կարծիքով, այսօր պետք է օգտագործել այն ռեսուրսը, այն նյութը, այն հարցերը, ինչը ունենք: Կարող ենք իհարկե մերժել: Ստեղծել նոր կուսակցություն, նոր շարժում և դրանով առաջ գնալ: Բայց այսօր ակտիվ քաղաքացիները կամ քաղաքացիական խմբերում են կամ կուսակցություններում:
Ո՞ր տարբերակը կարող է կյանքի կոչվել:
Տարբերակը արդեն ինքը կոչվել է ինքնաբերաբար, շատ անսպասելի: Դա պետք է ուղղակի տեսնենք: 4 ուժերը միացել են այդ շարժմանը: Քաղաքացիական ակտիվիստները ևս աջակցում են նրանց: Դա կենսաթոշակային շարժումն է, որը շատ գրագետ շրջանցում է շատ արգելքներ: Եվ որի գագաթնակետը մոտենում է մարտի 28-ին Սահմանադրական դատարանում: Դա երիտասարդական շարժում է:


Հղումը` այստեղ