January 7, 2013

Ոնց որ թե նույն 37 թվականի նախադրյալներն են

Ինչ նախադրյալներ կային 1937-38 թվականների համար:

Ինչու են մարդիկ մատնել իրար? Հարևանը, գործընկերը, աշխատակիցը, բարեկամը ինչու էին կեղծ կամ իրական ցուցմունքներ գրում, որոնք հատուկ 'տռոյկաները' 24 ժամվա մեջ ի կատար էին ածում` գնդակահարում?

Նախադրյալները հետևյալն էին, իմ կարծիքով`

1. Հեղափոխությունից հետո սահմանները փակ չէին: Անհամաձայն տարրերը կարողացան հեռանալ երկրից: Եկան նաև արտասահմանից շատ մարդիկ` գիտության, արվեստի: Տեղաշարժման ենթակա մասը տեղաշարժվեց:
Մնաց մեծամասամբ հանդուրժող մասը:

Ու այդ պահին նոր փակեցին ամեն ելք ու սկսվեց ներքին մաքրումը:
Այդ ժամանակ սկսվեցին ԽՍՀՄ ամենասոսկալի տարիները: Երբ մեկ բառի համար մարդուն կարող էին արտաքսել Ալթայ:

2. 1924 թվականից սկսած կուսակցություն էին ներթափանցել միլիոնավոր կարիերիստներ, որոնք կուսակցության գաղափարների հետ ոչ մի ընդհանրություն չունեին: Կուսակցության 'հնաբնակները' նորեկների աչքերում անարդարացի արգելք էին հանդիսանում, որը պետք է վերացվեր, իշխանության ավելի բարձր կետերին հասնելու համար:

3. Պատերազմներից ու հեղափոխություններից հետո մեկ մարդու կյանքը արժեք չէր ներկայացնում: Մահը շատ սովորական և ոչ արտառոց բան էր դարձել:

4. Երկարամյա բարեփոխումները արդյունք չէին տալիս: Պետք էր մեղավորներ գտնել: Եվ սկսվեցին հալածանքները, որի նախաձեռնողը հենց կուսակցությունն էր:

5. 30-ական թվականներին ամբողջ պետական ապարատը միաձույլ էր, բոլոր ճյուղերով` գործադիր, օրենսդիր, դատական: Դրանք ղեկավարվում էին մի կենտրոնից:

6. Ազատ ընտրություններ չկային: Մեկ թեկնածու կարող էր միայն առաջադրվել ու ընտրվել:

Բոլոր կետերում նմանություններ կան մեր իրավիճակին: 

January 6, 2013

Փրկված Աստվածաշունչը

Արմավիրի ուսումնավարժական բրիգադում նոր էի սկսել զինվորական ծառայությունս:

Ծառայության առաջին շաբաթներն էին: Դեկտեմբեր ամիսն էր:
Հին անձնակազմը զորացրվել էր, իսկ մենք ընդունում, նորոգում, կարգի էինք բերում զորասենյակները:

Ուսումնական սենյակում կատարյալ խառնաշփոթ էր: Մինչև առաստաղ աղբ էր լցված` թղթեր, փայտի կտորներ, հին պլակատներ, փոշոտ գրքեր, տետրեր, կանոնագրքեր:

Առանձնացված, թափելու ենթակա աղբի միջից չգիտեմ ոնց գտա Աստվածաշունչ:
Այ սա էր`



Կարմիր գույնի էր, Վազգեն Վեհափառի հրամանով տպված: Տղաները տեսան, թե`
- Գցի, ինչի ես աղբի միջից հանել, տանենք թափենք:

Ես վերցրեցի այն, սրբեցի փոշին և դրեցի բուշլատի ծոցագրպանը:




Ահա այդ Աստվածաշունչը:
Այսօր էլ այն իմ մոտ է:



January 3, 2013

Ազատ ձին գայլի ճիրանը չի ընկնի


Դպրոցական արձակուրդներս անցնում էին Հյուսիսային Արցախում:
Ամբողջ ուսումնական տարին սպասում էի հունիս ամսվա սկզբին, որպեսզի Երևանի ավտոկայանից Շահումյանի ավտոբուսներով հասնեմ Ներքին Շեն, այնտեղից էլ վիլիսներով` Սառցաշեն:


Երևանի ավտոկայանից դեպի հայկական Հյուսիսային Արցախի շրջաններ ամեն օր ավտոբուսներ էին շարժվում` դեպի Դաշկեսան, Շամխոր, Շահումյան, Գետաշեն, Խանլար, Բանանց: 
Վերջին անգամ ամռանը այնտեղ էի 1989 թվականին: Այդ տարվա օգոստոսից ավտոճանապարհները փակվեցին: Դրանից հետո սկսվեց Շահումյան-Գետաշենի մաքառումների հազար օրը, որը տևեց մինչև 1992 թվականի հունիսի 13-14ը:

Շատ պատմություններ կան, որոնք ժամանակին կներկայացնեմ բլոգում: 

Ադրբեջանը  հայկական տարածքներում ոչ մի ճանապարհ չէր սարքում: Դրանք հողային էին, դաշտային: Հաճախակի անձրևներից հետո միակ փոխադրամիջոցը դառնում էր տրակտորը կամ վիլիսները, իսկ ամենատարածվածը ձին էր (կամ էշը :) )
..........
Մեր սպիտակ գեղեցկուհուն գնել էինք Գետաշենից: Ձին երիտասարդ չէր: Բայց Մռավի փեշերը հաղթահարելու համար ձին անփոխարինելի էր:
Մեր տան կողքով հաճախ էին անցնում ձիավորներ, որոնք տեսնելով մեր` երեխեներիս, խնդրագին հայացքները` նստեցնում էին և մի քանի հարյուր մետր մեզ տեղափոխում: Մեր ուրախությանը  սահման չկար: 

Եթե որևիցե տան կողքը կապած մի քանի ձիեր են` ուրեմն այդ տուն  հյուրեր են եկել:

























Սպիտակ գեղեցկուհին շատ բարի էր: Թողնում էր մեզ մոտենալ, շոյել, անգամ նստել: Չէր խրթնում անծանոթներից: 
Երբեք նա իր ձիավորին վայր չէր գցել:

Առանց թամբի, իհարկե, դժվար էր նստելը, քանի որ սողում - վայր էինք ընկնում ձիուց: Մեր ոտքերը հազիվ էին հասնում թամբի երկաթյա ասպանդակներին:

Մի օր հետևյալը կատարվեց:
Մեր ընկերներից ավագը` Դիմոն, նստեց սպիտակ գեղեցկուհու վրա, սանձը քաշեց, ոտքերը ասպանդակներում հարվածեց ձիու փորին, որպեսզի նա տեղից շարժվի: Մի երկու հարվածից հետո, ձին ծառս եղավ` կանգնեց հետևի երկու ոտքերի վրա, իսկ առաջին երկուսը օդ բարձրացրեց: 





























Զարմացել էինք նրա այդ ունակության վրա:

Հետո` երաշտություն լսելուց, նա սկսում էր ոտը ոտքին գցելով կողք շարժվել` պարում էր: 
Այդպես հայտնաբերեցինք ու հետո նաև պատմածներով իմացանք, որ մեր գեղեցկուհին կրկեսի ձի է եղել: Տարիքի պատճառով վաճառել էին: Եվ հետագայում նա հայտնվել էր մեզ մոտ:

Բայց մարդը անսխալ չէ:
Մի օր երեխաները նրան տարել անտառի եզրին` ոտքից կապել էին թոկով, որպեսզի արածի: Այդպես մեկ-երկու օր թողել էին դաշտում:
Չէին իմացել, որ ձիուն չեն կապում: Ազատ ձին գայլերի ճիրանը չի ընկնում: Բայց կապածը, ավաղ ընկել էր....