Արդեն մի անգամ գրել եմ, որ 97 թվականին շտաբի պետ Միքայել Հարությունյանը` Վազգեն Սարգսյանի իմացությամբ,
ապօրինաբար 44 սպաների զորակոչեց բանակ, որպես հասարակ զինվոր:
Թեև մենք անցել էինք
զինվորական ամբիոն, 2 ամսյա հավաք, հանձնել էինք պետական սպայական քննությունները, երդում էինք տվել և հրամանագրվել սպայի կոչմանը:
Մեզ բացատրեցին, որ
բյուջեյում գումար չկա, որ մեզ սպայի 30,000 դրամ ամենամսյա աշխատավարձ վճարեն:
Այդ տարիներին ոչ ֆեյսբուք կար, ոչ քաղաքացիական շարժումներ: Մեր միակ բողոքողները այդ զինվոր-սպաների հարազատներն էին:
Նրանց էլ տշում էին կաբինետից կաբինետ:
Ես 15 օր էր, որ ամուսնացել էի:
Նոյեմբերի 13-ի առավոտյան
չէի իմանում, որ մեղրամսիս երկրորդ կեսը անց եմ կացնելու Արտաշատի զորամասում:
Ինչևէ, առավոտյան զինկոմիսարիատից 3 հոգի հանկարծակի հայտնվեցին մեր տանը և առանց որևէ ծանուցագրի կամ նախօրոք զգուշացման ասացին, որ պետք է ինձ տանեն բանակ: Բոլոր գործերս մնացին կիսատ:
Գնացի:
Արդեն զինկոմիսարիատում էին իմ մյուս ընկերները, ովքեր նույնպես սպայի կոչման էին ներկայացված,
անգամ երեքը ունեին գիտության թեկնածուի կոչում:
Հավաքակայանում պարզվեց, որ մեր նման կան 44 հոգի` բոլորը գիտության թեկնածուներ, մագիստրոսներ:
Մեզ բոլորիս տարան Արտաշատի զորամաս:
Զորամասում մեր սերժանտները 18-19 տարեկան տղաներ են` առանց որևէ կրթության, առանց որևէ գիտական կոչման: Քյավառցի, էջմիածինցի, կիրովականցի 18-19 տարեկան տղաներ էին:
Նրանք մեզ, 24-27 տարեկաններին սովորեցնում էին 'Արծիվ սլացիր Տաճկահայաստան' երգը ու կապի միջոցների ստեղները, երբ մենք մի քանի ամիս առաջ Քանաքեռի 2ամսյա հավաքի ժամանակ հանձնել ենք դրանց ներքին կառուցվածքի քննությունը:
Ծաղրանք:
Իրենք էլ էին ամաչում այս իրավիճակից:
Բայց
այդ աբսուրդ իրավիճակը ստեղծել էր մեր երկրի 'սպարապետը' իր ենթականերով:
Մի 2-3 օրից մեր զորամասում հայտնվեց մի փոքրիկ աննշան տիպար: Բոլորը խառնվել էին նրա շուրջը: Գրկում- համբուրում էին:
Երեկոյան նրան բերել էին Չարբախի հավաքակայանից` Քյավառից:
Զորամասի 'ախպերությունը' արդեն
քսիֆ էր ստացել, որ '
սրան պետքա լավ նայեք: Ինքը լավ տղայա':
Ու վերջ:
Ես
չէի տեսել և չէի լսել այդպիսի բաների մասին: Դպրոց, համալսարան, մագիստրատուրա, աշխատանք ու հանկարծ այսպիսի պանյատկեքի միջավայր:
Նկատեցի, որ հին զինվորները իրենց պահում էին թագավորների պես: Իրենք այդ իրավունքը 'վաստակել' էին ամիսների ընթացքում:
Սկզբում ճնշել են իրենց, հետո իրենք պետք է ճնշեն նորերին: Եվ այսպես տարիներ շարունակ:
Պետք էր, ինչ-որ բան ձեռնարկել ու մտածել: Թե ինչ մտածեցինք կգրեմ մյուս անգամ:
Մեզ սկսեցին նախապատրաստել երդման արարողությանը: Մենք ցույց տվեցինք մեր արդեն նախորդ սպայական երդման թղթերը, բայց իրենք նայել չէին ուզում, պետք էր նորից երդվել` որպես զինվոր:
Մեր ասածները, որ "Սխալ են մեզ զորակոչել,
մենք արդեն երդում ընդունել ենք" և այլն` զարմանքով էին ընդունվում զորամասի հրամանատարի կողմից:
Ինքը մեզ չէր հավատում: Ասում էր անհնար է այդպիսի բան:
Պատահել էր:
Հիմա, այդ 44 հոգուց Հայաստանում են 5-6 հոգի:
Բոլոր իմ 39 ընկերները բանակից անմիջապես հետո առաջին հերթին լքեցին երկիրը: