Շահումյանում մինչև վերջնական հայաթափումը արդեն կային մի քանի հայտանիշներ, որոնք
այսօր նույնությամբ կրկնվում են մերօրյա Հայաստանում:
Երիտասարդությունը լքում էր գյուղերը և շրջկենտրոնը:
Պատճառները տարբեր էին` ուրբանիզացիա, ճանապարհներ, կրթություն, աշխատանք, արդարադատություն, պաշտպանվածություն:
|
Վիլիսը կարող էր միայն հաղթահարել այդ ճանապարհները |
Բոլոր
Ճանապարները հողային էին: Ոչ մի ասֆալտե ճանապարհ չկար 15 գյուղերի միջև: Միայն
տրակտորները և հատուկենտ վիլիսներն էին կարողանում անցնել խորը ցեխերի միջով: Ձմեռը շաբաթներ շարունակ ընդհանրապես անհնարին էր լինում շրջկենտրոն հասնել:
Գյուղերը 80-ականների կեսերին արդեն մեծամասամբ ծերանոցներ էին հիշեցնում: Մարդիկ գալիս էին ամռանը, մի քանի ամսով:
Գյուղերը դառնում էին ամառանոցներ, ուր քաղաքաբնակ երիտասարդ ընտանիքները, երեխաների հետ այցելում էին մեծահասակ ծնողներին: Գալիս էին Կրասնոդարից, Մոսկվայից, Երևանից, Չարենցավանից, Բաքվից, Կիրովաբադից, Ուզբեկստանից, Ուկրաինայից:
|
Հայ երիտասարդները տրակտորի վրա |
Կողքի
ադրբեջանական գյուղերում պատկերը հակառակն էր:
Թեև բոլոր պայմանները ավելի վատն էին, սակայն նրանք բազմանում ու շատանում էին: Մի ընտանիքում առնվազն 14 երեխա կար:
Նրանց նորաստեղծ դպրոցում ազերի երեխաները հողածածկ գետնին էին նստում և ծնկի վրա տետրը դրած` գրում էին: Իսկ հայկական դպրոցները հիմնվել էին դեռ ցարական ժամանակներից:
Հայ երիտասարդները գնում էին Ստեփանակերտ, Երևան, Բաքու` ԲՈՒՀ-երում սովորելու և վերջում մնում էին ապրելու այնտեղ: Ավարտելուց հետո վերադառնալը այլևս անիմաստ էր, քանի որ համապատասխան աշխատանք չկար տեղում:
|
Խնոցի են հարում |
Արդարադատությունը իրականացնում էին Բաքվի դրածո դատախազները: Միգուցե և հայ էին, սակայն միայն անունով: Ամիսներով գյուղացիները գնում էին շրջկենտրոնի դատախազության դռները,
երկարատև քաշքշուկներ: Կաշառակերությունը անպակաս էր նաև այստեղ:
Պաշտպանությունը իրականացնում էին սովետական բանակը և հետո փոքրաթիվ հայ ջոկատները: Սովետական բանակի պատժիչ գործողությունները` Կոլցո օպերացիան պատճառ դարձան սկզբում մի քանի գյուղերի, իսկ հետո ամբողջ շրջանի վերջնական հայաթափմանը: Հայկական ջոկատների ուժերը բավարար չեղան պաշտպանելու շրջանը:
Այսօր Հայաստանում ես տեսնում եմ նույն պատկերը:
Արտագաղթ: Դատարկ տներ: Ճանապարհների բացակայություն` 25 տարվա շրջափակում: Նոր տարվա և ամառվա ամիսներին երկիրը որպես ամառանոց կիրառող հայեր: Դրսում կրթություն ստանալուց հետո հաշվածներն են հետ գալիս:
Դատարաններ դիմելն անիմաստ է:
Մարդու վրա գործ սարքելուց, ձեռբակալելու սանկցիա ստանալու համար` հաշված րոպեների նիստ են հրավիրում և որոշում կայացնում, ինչպես 37 թվին էր: Իսկ մարդու իրավունքների դատերը տարիներ են տևում:
Պարսիկներն են լցվում Երևան, ամուսնանում հայուհիների հետ, տներ գնում:
|
Սովետական բանակը Գետաշենում տնից վռնդել է այս կնոջը |
Նորից ռուսական բանակի առկայություն, որը չես իմանում ինչպես կպահի իրեն վճռորոշ պահին:
Վերջում Շահումյանի ժողովուրդը ապստամբեց` հեռացրեց Բաքվի դրածո ղեկավարներին, քշեց կաշառակեր դատախազներին, ընտրեց ժողովրդի իշխանությունը, հայությունը 1000 օր պաշտպանվեց-մաքառեց-հերոսացավ:
Բայց արդեն ուշ էր:
Մարդիկ քիչ էին: Կորուստները անդառնալի:
Սա մեծ աղետ է:
Հանձնումը մեկ օրվա գործընթաց չէ: Դա երկարատև տարիների պրոցես է, իր դրվագներով և դեպքերով, սողուն, աննկատ:
Այսօր ոչ ոք, բացի շահումյանցիներից, չի հիշում Շահումյանը:
Քանի որ խնդիրը արդեն Հայաստանին է վերաբերվում: