April 21, 2013

Ամառանոց, պանսիոնատ թե երկիր?

Շահումյանում մինչև վերջնական հայաթափումը արդեն կային մի քանի հայտանիշներ, որոնք այսօր նույնությամբ կրկնվում են մերօրյա Հայաստանում:

Երիտասարդությունը լքում էր գյուղերը և շրջկենտրոնը:
Պատճառները տարբեր էին` ուրբանիզացիա, ճանապարհներ, կրթություն, աշխատանք, արդարադատություն, պաշտպանվածություն:

Վիլիսը կարող էր միայն հաղթահարել այդ ճանապարհները
Բոլոր Ճանապարները հողային էին: Ոչ մի ասֆալտե ճանապարհ չկար 15 գյուղերի միջև: Միայն տրակտորները և հատուկենտ վիլիսներն էին կարողանում անցնել խորը ցեխերի միջով: Ձմեռը շաբաթներ շարունակ ընդհանրապես անհնարին էր լինում շրջկենտրոն հասնել:

Գյուղերը 80-ականների կեսերին արդեն մեծամասամբ ծերանոցներ էին հիշեցնում: Մարդիկ գալիս էին ամռանը, մի քանի ամսով: Գյուղերը դառնում էին ամառանոցներ, ուր քաղաքաբնակ երիտասարդ ընտանիքները, երեխաների հետ այցելում էին մեծահասակ ծնողներին: Գալիս էին Կրասնոդարից, Մոսկվայից, Երևանից, Չարենցավանից, Բաքվից, Կիրովաբադից, Ուզբեկստանից, Ուկրաինայից:

Հայ երիտասարդները տրակտորի վրա
Կողքի ադրբեջանական գյուղերում պատկերը հակառակն էր:
Թեև բոլոր պայմանները ավելի վատն էին, սակայն նրանք բազմանում ու շատանում էին: Մի ընտանիքում առնվազն 14 երեխա կար:
Նրանց նորաստեղծ դպրոցում ազերի երեխաները հողածածկ գետնին էին նստում և ծնկի վրա տետրը դրած` գրում էին: Իսկ հայկական դպրոցները հիմնվել էին դեռ ցարական ժամանակներից:

Հայ երիտասարդները գնում էին Ստեփանակերտ, Երևան, Բաքու` ԲՈՒՀ-երում սովորելու և վերջում մնում էին ապրելու այնտեղ: Ավարտելուց հետո վերադառնալը այլևս անիմաստ էր, քանի որ համապատասխան աշխատանք չկար տեղում:

Խնոցի են հարում
Արդարադատությունը իրականացնում էին Բաքվի դրածո դատախազները: Միգուցե և հայ էին, սակայն միայն անունով: Ամիսներով գյուղացիները գնում էին շրջկենտրոնի դատախազության դռները, երկարատև քաշքշուկներ: Կաշառակերությունը անպակաս էր նաև այստեղ:

Պաշտպանությունը իրականացնում էին սովետական բանակը և հետո փոքրաթիվ հայ ջոկատները: Սովետական բանակի պատժիչ գործողությունները` Կոլցո օպերացիան պատճառ դարձան սկզբում մի քանի գյուղերի, իսկ հետո ամբողջ շրջանի վերջնական հայաթափմանը: Հայկական ջոկատների ուժերը բավարար չեղան պաշտպանելու շրջանը:

Այսօր Հայաստանում ես տեսնում եմ նույն պատկերը:

Արտագաղթ: Դատարկ տներ: Ճանապարհների բացակայություն` 25 տարվա շրջափակում: Նոր տարվա և ամառվա ամիսներին երկիրը որպես ամառանոց կիրառող հայեր: Դրսում կրթություն ստանալուց հետո հաշվածներն են հետ գալիս:

Դատարաններ դիմելն անիմաստ է:
Մարդու վրա գործ սարքելուց, ձեռբակալելու սանկցիա ստանալու համար` հաշված րոպեների նիստ են հրավիրում և որոշում կայացնում, ինչպես 37 թվին էր: Իսկ մարդու իրավունքների դատերը տարիներ են տևում:
Պարսիկներն են լցվում Երևան, ամուսնանում հայուհիների հետ, տներ գնում:

Սովետական բանակը Գետաշենում տնից վռնդել է այս կնոջը

Նորից ռուսական բանակի առկայություն, որը չես իմանում ինչպես կպահի իրեն վճռորոշ պահին:

Վերջում Շահումյանի ժողովուրդը ապստամբեց` հեռացրեց Բաքվի դրածո ղեկավարներին, քշեց կաշառակեր դատախազներին, ընտրեց ժողովրդի իշխանությունը, հայությունը 1000 օր պաշտպանվեց-մաքառեց-հերոսացավ: 

Բայց արդեն ուշ էր:

Մարդիկ քիչ էին: Կորուստները անդառնալի:

Սա մեծ աղետ է:

Հանձնումը մեկ օրվա գործընթաց չէ: Դա երկարատև տարիների պրոցես է, իր դրվագներով և դեպքերով, սողուն, աննկատ:

Այսօր ոչ ոք, բացի շահումյանցիներից, չի հիշում Շահումյանը:
Քանի որ խնդիրը արդեն Հայաստանին է վերաբերվում: