Լույսի մասին խոսք չկար, հացը ամենքիս տալիս էին օրական 200 գրամ, այն էլ կտրոնով:
Խանութները դատարկ էին և աշխուժանում էին այն օրերին, երբ օգնության լոբի կամ ամերիկյան մարգարին էին բաժանում:
Հաճախ հացը ստանում էին երեկոյան ժամը 10-11-ին և մենք խանութում հերթ էինք կանգնում մոմի լույսի տակ, ու սպասում էինք այդ մեկ ու կես մատնաքաշին:
Մեր կուրսի տղաներով տարբեր հնարքների էինք դիմում, որպեսզի մի քանի ռուբլի աշխատեինք, ուսմանը զուգահեռ: Տարբեր գործեր էինք նախաձեռնում:
Մեկը նկարներ էր նկարում և վաճառում Սարյանի արձանի մոտ գտնվող վերնիսաժում, մյուսը ֆոտոլուսանկարում էր փողոցում, մյուսը դոլարներ էր վաճառում սև շուկայում, մի քանիսս էլ համակարգչային խաղային ծրագրեր էինք բերում փոստով Մինսկից: Հետո սկսեցինք ծրագրեր գրել Բեյսիկով 'Վեկտոր' սովետական համակարգչի համար և վաճառել ծանոթներին:
Մեր համալսարանական խմբում Սուրեն կար Գյումրիից:
Նա Երևանում սովորելու ընթացքում ապրում էր վարձով:
Վրացիները այդ ժամանակ շատ էին գալիս երևանյան շուկաներ: Նրանք բերում էին արկղերով մանդարին, կիտրոն, դափնու տերև - վաճառում էին ԳՈՒՄ-ի շուկայում: Երեկոյան էլ, հենց նույն օրը` գնացքով վերադառնում էին Թիֆլիս:
Նա առաջարկեց ինձ էլ առավոտյան գալ իր հետ տոմս գնելու:
Մեր կրթաթոշակի համեմատ ահագին մեծ գումար էր: Սակայն տոմսերը տալիս էին սահմանափակ, յուրաքանչյուր գնորդին 3 տոմս:
Տոմսարկղերը բացվում էին առավոտյան 8-ին և կես ժամվա ընթացքում բոլոր տոմսերը վաճառվում էին: Վրացիներին այլ տարբերակ, քան գնել մեզանից չէր մնում:
Շուտով հասկացանք, որ տոմսերը անգամ առավոտյան են վաճառում շատ քիչ քանակով: Երկաթգծի այդօրյա տերերը իրենք էին տակից հետո վաճառում բազմակի թանկ:
Առավոտյան վաճառածը երևի տոմսերի մի 10 տոկոսն էր կազմում` դա էլ ձևականորեն, իբր թե մարդկանց էլ են ազատ վաճառում:
Ձմեռը սաստիկ էր: Քաղաքում մեքենա չկար: Լենինի հրապարակը դատարկ էր և պատված ձյունով: Մարդիկ տեղաշարժվում էին կամ ոտքով կամ մետրոյով:
Տոմսերը հաստ ստվարաթղթից էին, ուղղանյունաձև: 3-ն էլ Սուրենը գնեց:
Երեկոյան ժամը 7-ից ես ու Սուրենը երկաթգծի կայարանում էինք: Գնացքը պետք է մեկներ 20.30-ին:
Վաճառեցինք այդ 6 տոմսերը և ուրախացած վերադարձանք տուն:
Միլիցիոներները թույլ չէին տալիս, որ իրենց անծանոթ մարդիկ կայարանում կանգնած տոմս վաճառեն: Միայն իրենց ծանոթները պետք է վաճառեին: Մենք ներկայանում էինք, թե տոմսը գնել ենք, որ գնանք Թիֆլիս, բայց չի ստացվում գնալը, դրա համար պետք է տոմսը վաճառենք ինչ-որ մեկին: Այդ հնարքը կարող էր աշխատել 1-2 անգամ:
Կար 2 տարբերակ` կամ մտնել իրենց մենթական մաֆիայի տանիքի տակ և մուծվել նրանց, կամ էլ դուրս գալ այդ 'բիզնեսից':
Մենք ընտրեցինք 2-րդ տարբերակը:
Այդ օրը մենք կարող էինք մեզ թույլ տալ գնել բժշկականի մոտից հավելյալ հաց և տանել տուն: Մեր վաստակածը դա թույլ էր տալիս: