Showing posts with label 100 ամյակ. Show all posts
Showing posts with label 100 ամյակ. Show all posts

April 27, 2015

100 ամյակ

Երեկ ապրիլի 25-ի երեկոյան երեխաներիս հետ գնացի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մարդկանց հոսքը դեռ բավականին մեծ էր`


Կիևյան կամրջի վրա խցանումներ էին:
Գետնանցման տակ ծաղիկների բազար էր` սկզբնամասում կակաչը և մեխակը 100 դրամ էին առաջարկում, իսկ ելքի մոտ բոլորի մոտ գները արդեն 150 դրամ էին: Մարդկանց խիտ ընթացող հոսքը թույլ չէր տալիս իհարկե վերադառնալ և այն 100 դրամանոց ծաղիկներից գնել:
Մարդիկ 100 ամյակը վերածեցին հզոր բիզնես կամպանիայի: Անմոռուկներ, գրիչներ, ծաղիկներ, ֆիլմեր, համերգներ, արտասահմանյան այցեր, ֆորումներ, գրքեր, ....
Իսկ առաջ, անկախության սկզբի տարիներին, ծաղիկները անվճար էին բաժանում մարդկանց, երթուղային, քաղաքային, մասնավոր տրանսպորտը անվճար էր այդ օրը: Բայց դա առաջ էր: Հիմա Հայաստանը ավելի ապահով է:

Ի տարբերություն նախորդ տարիների մաքրությունը իդեալական էր: Ամենուրեք աղբարկղներ էին, Sanitek-ի աշխատակիցները բառացիորեն ամեն քայլափոխին, մարդկանց հետևից մաքրում էին: Բայց դե մարդիկ հո նույնն էին: Անխնա թափում էին, որ էս խեղճերը հետևներից մաքրեն:


Անմար կրակի մոտ ուղղակի արմագեդոնի տեսարան էր:
Մարդիկ ծաղիկը ձեռքում մեկնած սելֆիներ էին անում, խմբով կանգնած նկարվում էին, մյուսներին անգամ ծաղիկ դնելու հնարավորություն չտալով: Անգամ մարդ կար, որ կադրը լավ չէր ստացվում, ծաղիկը հետ էր վերցնում ու նորից նկարվելով դնում, ավելի լավ կադրի համար:
Աշխատեցի արագ դուրս գալ: Տեսարանը զզվելի էր:


Այսօր արդեն ապրիլի 26ն է:
Շատ ուրախ եմ, որ ապրիլի 23,24,25,26 ոչ աշխատանքային ցեղասպանական օրերը վերջացան: 
Ուրախ եմ, որ անմոռուկային հիստերիան վերջացավ: Ուրախ եմ, որ 1-ին դասարանցի երեխեքին լացակումած պատմություններ չեն պատմի խեղկատակ ուսուցիչները ու չեն խեղճացնի, թույլ մարդու ոգի չեն ներարկի էդ փոքր երեխաներին: Ուրախ եմ, որ այլևս դրոշ չեն վառի, ինքնաբավարարվելու համար: Ուրախ եմ, որ աշխարհի առաջին էջերից սպանված մարդու կերպարով հանդես չենք գա:

Ապրիլի 23-ին սրբադասեցին 1.5 միլիոն հայերին, և կառավարությունը այդ օրն հայտարարել էր ոչ աշխատանքային օր:
Ոչ աշխատանքային դարձնելու հիմնավորումը լրիվ տեղավորվում էր անտրամաբանական կառավարության և կազմին և բովանդակությանը`
"Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ս.թ. ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ:"
Էջմիածնում, այլ ոչ թե Երևանում, երեկոյան ժամը 18.00-ին, այլ ոչ թե կեսօրին, ապրիլի 23-ին սրբադասման արարողություն պետք է սկսվեր, ու այդ պատճառով առավոտյան 9.00-ից Երևանում, Գյումրիում, Վանաձորում, .... ոչ ոք չպետք է աշխատեր:

Այն, որ ոչ բոլոր զոհվածներն էին քրիստոնյա, կամ ոչ բոլորն էին սպանվել` որոշները իքնասպանվել էին, որպեսզի դահիճների ձեռքը չընկնեն, ու էն որ իքնասպաններին ոնց-որ եկեղեցին չի ընդունում, ուր մնաց սրբացնելը ոչ մեկ չքննարկեց անգամ: Բայց մեկա Բենտլիի սիրահար եպիսկոպոսը անձամբ կարդաց սրբադասման տեքստը և բոլորին սուրբ դարձրեցին:

Ապրիլի 24-ին մինչև 13.40 բնակչության հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր փակ էր:
ԿՎՆ-ից դուրս եկած, մեծացած տղերքը շատ 'հզոր' միտք էին հղացել: Սև բուծիկ էին տնգացրել հենց Ծիծեռնակաբերդի կանաչ ծածկի վրա, ու սովորական պանիխիդայի ձևով 100 ամյակի արարողություն էին անում: Նույն ձևով, ինչպես ամեն օր, աստված հեռու տանի, որևէ մահացածի կապակցությամբ ժամը 6-ին լինում է քաղաքի տարբեր հոգեհանգիստների ժամանակ: Բարեկամները կանգնում են, ու մարդիկ մոտենում ցավակցում, անցնում գնում են:


100 ամյակին ՀՀ նախագահը և նրա տիկինը նույն ձևով կանգնած էին Ծիծեռնակաբերդի ճանապարհին, և 5 րոպեն մեկ մի դեսպան կամ ներկայացուցիչ էր մոտենում նրանց, ցավակցում և գնում նստում պալատկայի մեջ:

Եկել էր ընդամենը 4 նախագահ: Կիպրոսի նախագահը, Սերբիայի Դոդիկը (դա ազգանունն է նրա), Օլանդը, Պուտինը:

Օլանդի հիմնական միտքը սա էր, որ
"Ցեղասպանությունը հիշելը չի նշանակում դատավարություն սկսել, դա նշանակում է հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, որպեսզի այլեւս երբեք այդ ողբերգությունը չկրկնվի:"
Մարդը ասում է, որ հարգանքի տուրք է մատուցում ու վերջ: Ոչ մեկին ոչ պետք է դատել , ոչ պատժել: Սա մեսիջ էր հատկապես Հայաստանին, որ միջազգային դատարան է ուզում ներկայացնի այս հարցը: Հիշում ենք, որքան լուրջ այս հարցը քննարկում էր Աղվան Հովսեփյանը:

Պուտինն էլ ասաց, որ Ռուսաստանում արդեն երեք միլիոն հայ է ապրում: Նախորդ անգամ նա ասել էր 2.5 միլիոն:

В сотнях российских городов, хочу это подчеркнуть, дорогие друзья, – в сотнях российских городов пройдут более двух тысяч поминальных мероприятий. В них примут участие не только представители многочисленной армянской общины России, насчитывающей около трёх миллионов человек, но и десятки тысяч людей других национальностей.

Քանի որ Պուտինը ևս եկել էր, Բակո Սահակյանը կորել էր Սերժ Սարգսյանի կողքից: Երևի Պուտինի կողքը կանգնելը անընդունելի էր:
Չէ որ "Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում" ու անկախ երկիր չէ: Հատկապես Պուտինի ներկայությամբ:

Ամենազիլ իրադարձությունը իհարկե System of a down խմբի փառահեղ ելույթն էր:
Թանկյանը ասաց.
Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունն է՝ ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող համակարգային անարդարությունից և դադարեցնել բնակչության արտագաղթը, որ այժմ տեղի է ունենում:

Վսյո, էլ չեմ գրում:
Պրծանք, լավ էր