Showing posts with label փրկարար ծառայություն. Show all posts
Showing posts with label փրկարար ծառայություն. Show all posts

July 13, 2014

Շնորհակալություն Ձեզ, 911 փրկարարներ

Իրոք ունենք օպերատիվ, քաղաքացու համար ստեղծված, հասանելի, պրոֆեսիոնալ և դժվարության պահին արձագանքող 911 ծառայություն:

Երեկ երկրորդ անգամ դիմեցի 911 ծառայության օգնությանը:

Սակայն մինչև երեկվա դեպքին անցնելը, պատմեմ առաջինի մասին:

Առաջին դեպքը

Առաջին դեպքը մոտ մեկ տարի առաջ էր:
Երկաթյա մուտքի դռան ռուսական կողպեքը ներսից կոտրվել էր և բանալին չէր աշխատում: Գիշերվա 1ն էր:
Չնայած որ ուշ ժամ էր, կանչեցի ծանոթ վարպետին, որ ոչ հեռու էր ապրում: Նա եկավ, սակայն որևէ բան անհնար էր անել:
Նա ինձ խորհուրդ տվեց զանգել 911, որպեսզի գան, մտնեն դրսի կողմից տուն, բնակարանի կողպեքը ներսից քանդեն:

... Ինձ հետ նմանատիպ դեպք պատահել էր 2012-ին` Դյուսելդորֆում: Դյուսելդորֆից Ամստերդամ մեկնման կիրակնօրյա առավոտյան, թարսի պես, հյուրանոցի դուռը փակվել էր, բանալին ներսից դռան վրա թողնված: Հյուրանոցի ադմինիստրացիան ինձ ասաց, որ 911 անցանկալի է կանչել, քանի որ միայն կանչն արժե 700 եվրո: Նրանք այդ պատճառով կանչեցին մի ռուս պապիկի, որ դուռ բացելու իր մեթոդն ուներ` մետաղյա բարակ լարով:
Այս մեթոդը աշխատեց անգամ ճապոնական կողպեքի վրա ....

Վերադառնանք Երևան:
Քանի որ ես երբեք չէի օգտվել մեր 911 ծառայությունից, հատկապես այս գերմանական փորձից հետո, վախեցա, որ ահագին թանկ կարժենա:
Բայց դե վիճակն անելանելի էր: Այլ ելք չկար:

Զանգեցի 911:

Ներկայացրեցի իրադրությունը: Այն կողմից ճշտեցին իմ տվյալները, հեռախոսահամարները:
Ասացին, որ կարող են օգնել և շուտով փրկարար բրիգադը կժամանի:
Կարճ ժամանակ անց մեր բակ մտավ փրկարար ծառայության մեծ մեքենան` լուսավորված եզրերով:

Տղաները արագ, որոշ ճշգրտումներից հետո, ակնթարթորեն բարձրացան վերևի հարկի բնակարան, նրա պատուհանից` պարաններով կախվելով, դրսից` մտան իմ 3րդ հարկի բնակարան, քանդեցին կողպեքը, մեկ թուղթ տվեցին ինձ ստորագրելու և հեռացան:
Ընթացքում նրանցից մեկը անընդհատ հետևում էր ժամանակին:

Եկան, արագ կողմնորոշվեցին, անվճար օգնեցին ու հեռացան:
Ես ապշած էի:
Երբեք չէի պատկերացնի, որ մեր այս քայքայված, բյուրոկրատական, կաշառակեր, դանդաղաշարժ երկրում այսպիսի հրաշք 911 կարող է լինել:

Երկրորդ դեպքը

Սա երեկ էր:

Ուրեմն մեր վերևի հարկի բնակարանից, արդեն երրորդ անգամ, ջուր է հոսում (ոչ թե կաթկթում, այլ իրոք հոսում) շենքի միջանցքի առաստաղից, այլ բնակարանների պատերով և թափվում է առաջին հարկի աստիճաններով դուրս:

Այս երրորդ դեպքը շատ բնութագրական է: Քանի որ այն ցույց է տալիս ոստիկանություն, ջրմուղ, համատիրություն կառույցների անպետքությունը:

Թե ինչու, դատեք ինքներդ...

185 ջրմուղ զանգերը անօգուտ էին: Այս երեք դեպքերում էլ զանգել ենք: Եվ պարզել, որ

  • Ջրմուղը չունի շուրջօրյա օպերատորական ծառայություն:
  • Ջրմուղը չի աշխատում շաբաթ և կիրակի օրերին: 
  • Աշխատանքային օրերին ջրմուղի բրիգադները ունեն մեծ հերթեր և թե երբ կհասնի մեզ օգնելու հերթը, չգիտեն: Իսկ հարևանների զանգերին օպերատորը առաջին երկու անգամից հետո, այլևս չի էլ պատասխանում: 
Ընտրությունների նախօրեին, երբ ընտրողների ձայները կարևոր էին, մեզ այցելեց Շենքերի կառավարում համատիրության նախագահը: Նա տվել էր հեռախոսահամարներ, որոնք ևս մեր դեպքում անհասանելի էին:
Համատիրությունը չունի շուրջօրյա սպասարկում և փաստորեն հիշում է մեզ միայն վարձեր հավաքելուց: Աշխատանքային օրերին զանգերս համատիրություն ևս տեղից չշարժեցին այդ կառույցը:


Քանի որ այն բնակարանի բնակիչը, ով արդեն երրորդ անգամ հեղեղում է մեր շենքը, համառորեն չի բացում դուռը, չի պատասխանում զանգերին, չի նորոգում իր խողովակները, ապա միակ կառույցը ում ներկայությամբ կարող են մուտք գործել բնակչի բնակարան` ոստիկանությունն է:
Ոստիկանը և համատիրության ներկայացուցիչը կարող են մտնել այդ վթարային բնակարան, փակել ջուրը, կնքել բնակարանը, կազմել ստորագրություններով ակտ, որը հետո կներկայացվի այդ պահին ահնասանելի սեփականատիրոջը:
Սա շատ կարևոր պահ է, քանի որ Երևանի բնակարանների մեծ մասում մարդիկ չեն ապրում, բնակարանները փակ են, սեփականատերերը անհասանելի, իսկ իրենց բնակարարանները ապահովագրված չեն այսպիսի դեպքերի պատճառ լինելուց:

Ես զանգեցի 102:
Պատմեցի դեպքը: Երկար լսելուց հետո, հերթապահը ասաց, որ զանգեմ Արաբկիրի ոստիկանություն, քանի որ դա է մեր շրջանը:
Զանգեցի:
Պատմեցի դեպքը, որ շտապ պետք է մուտք գործվի և ոստիկանի ներկայությամբ փակվի ջուրը ներսից:
Հերթապահ Բաբայանը, ասաց, որ եթե լիներ կրիմինալ դեպք, իրենք կարձագանքեին, բայց ջրի հարցերով իրենք չեն զբաղվում, և զանգեմ 102:
Ես ասացի, որ 102-ից են ինձ ուղղորդել դեպի իրենց, ու նորից պետք չի զանգեմ 102, անվերջ ցիկլով:
Ասացի, որ օրենքով իրենք պետք է ներկա լինեն բնակարանի բացելուն:
Բայց նա պնդում էր, որ այսպիսի դեպքերը հազարավոր են և ոստիկանությունը չի կարող դրանց արձագանքել:

Հարգելի ոստիկանություն, իսկ հարյուրավոր ոստիկաններ Մաշտոցի պուրակի ապօրինի բուծիկների պաշտպանության համար կարող եք երեք ամբողջ ամիս պահել:
Կարող եք օլիգարխի ռեստորան, դղյակ պաշտպանել:
Իսկ այս պահին, քաղաքացիներին, ում հարկերով դուք աշխատում եք, չեք օգնում?

Իսկ ջրի հոսքը չէր դադարում:

Ու նորից զանգեցի 911:
Պատմեցի վիճակը, փոխանցեցի իմ տվյալները, այդ բնակարանի տվյալները, սեփականատիրոջ անհասանելի համարները:
Մի քանի անգամ, մինչև փրկարար բրիգադի ժամանումը, 911 օպերատորը զանգում էր ինձ:
Նա խորհուրդ տվեց գտնել շենքի ջրի մուտքի փականը և փակել ամբողջ շենքի ջուրը:
Մենք փակել էինք:

Հետո 911 ծառայության օպերատորը ինձ ասաց, որ կապնվեմ և կանչեմ համատիրության ներկայացուցչին ու ոստիկանություն:
Ինչը պետք է ըստ օրենքի լիներ և 911 շատ ճիշտ էր գործում:
Բայց ես արդեն նկարագրեցի վերևը, որ ոստիկանությունը և համատիրությունը չէին արձագանքում:

Միակ հույսը` համատիրություն, ջրմուղ, ոստիկանություն, սեփականատեր շարքից -  մնաց նորից 911ը:

Ժամանած փրկարարները, տեղում նորից ճշտեցին վիճակը: Անգամ նրանք զանգեցին ոստիկանություն, որ գան իրենց մուտքի անվտանգությունը ապահովեն: Բայց ավաղ, նրանց էլ չլսեցին: Պատկերացնում եք?

Շնորհակալություն քեզ 911:

Ծառայություն, որը փակում է և համատիրության անգործությունը, և ոստիկանության անգործությունը, և ջրմուղի անգործությունը, և անպատասխանատու քաղաքացի սեփականատերերի անգործությունը:

Ապրեք դուք, Տղաներ:

Իսկ հարցերը` ոստիկանությանը, ջրմուղին և համատիրությանը մնում են:
Ում համար եք դուք ստեղծված?