Showing posts with label խանութ. Show all posts
Showing posts with label խանութ. Show all posts

August 6, 2014

Առաջարկ նոր վարչապետին` խանութների համար

Հուլիսի մեկից անընդհատ լսում ենք, որ դուրս գրված հարկային հաշիվների քանակը աճել է 45 տոկոսով, իսկ գումարային ծավալը` 35 %:
Շատ լավ է:

Սակայն միայն խոշոր տնտեսվարողների կողմից փաստաթղթերի դուրսգրումը չի կարելի հաջողված համարել:
Կան շատ միջին ու փոքր խանութներ, որոնք ուղղակի չեն վերցնում մատակարարի կողմից դուրս գրվող հաշիվը և չեն ուզում մտնել հարկային դաշտ:


Իսկ ինչու?
Որովհետև ձեռնտու չէ: Կատարենք որոշ հաշվարկներ:

Մեր երկրում փոքր տնտեսվարողները չեն վարում բարդ հարկային հաշվապահություն, չունեն պրոֆեսիոնալ հարկային հաշվապահ, չեն հանձնում բազմաթիվ հաշվապահական և վիճակագրական հաշվետվություններ:
Նրանք մուծում են շրջանառության հարկ:

Նոր կառավարությունը` տարեկան մինչև 58.3 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար, շրջանառության հարկը 3.5 %-ից նվազեցրել է 1%:
Եթե տնտեսվարողները անցնեն այս 58.3 միլիոն շեմը, ապա պետք է լրիվությամբ վարեն հաշվառում և փաստաթղթավորում, էլեկտրոնային հաշիվներ դուրս գրեն` ինչպես որ մյուս խոշոր հարկ վճարողները, օրինակ Գազպրոմը: Իսկ սա աբսուրդ է փոքրերի համար:

Շրջանառության հարկի 1տոկոս դարձնելը հիանալի է, բայց շրջանառության հարկի շեմը չի փոխվել: Այն մնացել է 58.3 միլիոն դրամ, ինչպես որ նախկինում էր:

58.300.000 /12 ամիսներին կստանանք  խանութի ամսեկան շրջանառությունը 4.858.000 դրամ:

Եթե հաշվի առնենք որ միջինում` խանութի հավելագինը կազմում է 10 տոկոս, ապա այս գումարից միայն ` 485.000 դրամն է ամսեկան խանութի օգուտը:

Վաճառողին օրական աշխատավարձը շուկայում 2000-5000 դրամ է: Միջինացված ամսեկան կլինի 105.000 դրամ: Սա դեռ ստվերում:
Եթե խանութը վարի հաշվապահություն և պահի մի հատ էլ հաշվապահ` ապա նա պետք է լրացուցիչ 100.000 դրամ նրան վճարի աշխատավարձ:

Եթե հանենք խանութի կոմունալ, էներգիայի, վարձակալության ծախսերը, խանութի տիրոջ աշխատավարձը` ես շատ կասկածում եմ, որ որևէ տնտեսվարող կցանկանա աշխատել այս պայմաններում: Դա ուղղակի ձեռք չի տա նրանց:

Եթե խանութները չեն ուզում վերցնել հարկային հաշիվ, ապա այս իրարանցումը շատ իզուր է և ոչ մի օգուտ չի տա: Պետք է 58.3 միլիոն շեմը փոխել:

Դրա պատճառով, կառավարությունը պետք է շրջանառության հարկի շեմը ևս բարձրացնի, դարձնի 150-200 միլիոն դրամ, այսօրվա 58.3 միլիոնի փոխարեն:
Հարկը իջեցնելը կարևոր էր նրանց համար, բայց շրջանառության շեմը պետք է բարձրացվի, որ նրանք չդառնան ԱԱՀ վճարող և հաշվառում վարող: Նրանք սրանից են խուսափում:

Այդ դեպքում արդեն ամեն ինչ կընկնի իր տեղը, մարդիկ օգուտով և հարկային դաշտում կաշխատեն: 

Իսկ հիմա դա չի ստացվի: Վախով ու ստիպելով ոչինչ չի ստացվի: