Showing posts with label Մելիք Հաթամ. Show all posts
Showing posts with label Մելիք Հաթամ. Show all posts

October 21, 2021

Րաֆֆու նոթերը Հյուսիսային Արցախի մասին: Մաս 4

 Գետաշեն

 Ազատ գյուղում երկու օր մնալով, իմ հյուրընկալ քահանայի հետ ձի վարձեցինք, և երրորդ ավուր առավոտյան պահուն սկսեցինք դիմել դեպի Գետաշեն գյուղը: Ճանապարհը ձգվում էր լեռների բարձրավանդակների վրայով, երբեմն իջնում էր խորին ձորերի մեջ: Կեսօր էր, երբ հասանք Գետաշեն հայաբնակ գյուղը:

Գետաշենը գտնվում էր մի փոքրիկ ձորի մեջ, որտեղից անցնում է Քյուրակ-չայի ճյուղերից մեկը: Ամբողջ ձորը, գետի աջ և ձախ կողմերում, լցված է գյուղացիների այգիներով, որ նրան անտառի ձև են տալիս: Վայրենի ընկուզենիները դարևոր հասակ ունին:

Հայկական Գետաշենը։ 















  Այդ գյուղում ես իջևանեցի Մելիք Մնացականովների տանը. մի հոյակապ, քարից շինված տուն, որ որոշվում էր մյուսներից իր մեծությամբ: 

Մելիք Մնացականյանի տունը Գետաշենում



















Դա Գանձակի գավառի չորս մելիքներից մեկի տունն էր: 

Մելիք Մնացականյանների տունը Գետաշենում












Ես գտա այդ տոհմի ներկայացուցիչներից մեկին՝ Մնացական բեկին անկողնի մեջ: Մոտ հարյուրամյա ծերունին տկար էր, բայց հիշողությունը տակավին արթուն և դատողությունը առողջ: Խիստ հետաքրքրական էր խոսել այդ կենդանի հնության հետ հին անցքերի մասին: Նա պատմում էր բոլորը ինչպես մի Խորենացի: Երբ նա նկատեց, որ ասածները նշանակում եմ հիշատակարանիս մեջ, շատ ուրախացավ: «Գրեցեք, որդի, ասաց նա, թող հայոց նախնյաց գործքերը չկորչեն. նրանք շատ երևելի մարդիկ են էլել»: Հետո նա հարցրեց. «Հիմա ինչպե՞ս է հայոց ազգի գործը»: Ես պատմեցի նրան մի քանի բաներ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածից, Ներսես պատրիարքի աշխատություններից և այլն: «Բա մեր կաթողիկոսը ի՞նչ է շինում», հարցրեց նա: — Ոչինչ, պատասխանեցի ես: Ծերունին խորին կերպով հոգվոց հանեց և լռեց:

Գետաշենի ս․Մարիամ եկեղեցին














Գետաշեն գյուղը ունի մի քարաշեն եկեղեցի և մի մատուռ, որ ուխտատեղի է. նա կոչվում է ս. Նշան: Եկեղեցին ես չգնացի, ինձ հետաքրքրում էր ուխտատեղին, որտեղ ես կամենում էի տեսնել մի հին գրչագիր ավետարան:

Սուրբ Նշան մատուռը Գետաշենում














Երկար որոնելուց հետո գտան քահանային, որ եկավ մատուռի դուռը բաց արավ: Ճանապարհին իմ ուղեկից տեր Գ. Բ. պատմեց մի նոր պատահած անցք, որից ես հասկացա, թե ինչպես պետք էր վարվել այդ մատուռի մեջ: Ամենայն երկյուղածությամբ մոտեցա, երեսս խաչակնքելով համբուրեցի ս. Ավետարանը և այլ սրբությունները, որ կարգով շարած էին սեղանի վրա: Հետո խնդրեցի քահանային, եթե կարելի էր, ինձ ցույց տալ գրչագիր ավետարանը: Որովհետև մատուռի մեջ սաստիկ մութն էր, նա այնքան բարի եղավ, որ թույլ տվեց ավետարանը մատուռից դուրս հանել և բակումը նայել: 

Ես տեսել եմ հայոց բազմաթիվ գրչագրեր, բայց առաջին անգամ պատահում էր ինձ տեսնել մի այսպիսի գեղեցիկ աշխատություն: Մագաղաթի նրբությունը, գրչի գեղեցկությունն ու կանոնավորությունը սքանչելի էր: Համարյա ամեն երեսների վրա կային հիանալի պատկերներ, որ ներկայացնում էին ավետարանի յուրաքանչյուր գլխի բովանդակությունը: Պատկերների նկարները, գույները, ոսկեզօծությունը, ցույց էին տալիս ժամանակի գեղարվեստի կատարելությունը: Կազմը ամբողջապես արծաթից էր. կազմի վրա դուրս էին փորված առաքյալների և այլ սրբերի պատկերները: 

Բայց ես բախտավոր գտնվեցա, որ նույն ավետարանի վերջին թերթերի վրա գտա մի հիշատակարան, որ ինձ համար շատ թանկագին էր: Իմ ճանապարհորդության գլխավոր նպատակներից մեկը լինելով հայոց հին մելիքների մասին պատմական տեղեկություններ հավաքել, — այդ ավետարանի մեջ գտա Ջրաբերդի մելիքների ամբողջ տոհմագրությունը:

Ահա ինչ դիպվածքով, հիշատակարանից երևում է, որ 1753 թ. Ջրաբերդի մահալի իշխան Մելիք Հաթամը ետ է գնել այդ ավետարանը պարսիկներից, որ նրանց ձեռքում գերի էր ընկած: Նրա առաջին արծաթ կազմը պարսիկները պոկած են եղել, մելիքը նորից արծաթով կազմել է տալիս և ընծայում Գետաշենի եկեղեցուն: Որպեսզի ապագա սերունդը այդ բարեգործության համար հիշե նրան իր աղոթքների մեջ, մելիքը ժամանակի սովորության համեմատ, իհարկե կրոնական մտքով, արձանագրում է հիշատակարանի մեջ իր նախնյաց, իր որդիների և թոռների անունները: Ահա այդքանը մի հաստատ փաստ է պատմագրի համար, գիտենալ, թե որ ժամանակումն էին ապրում այդ մարդիկը, ովքե՞ր էին նրանց նախնիքը, ովքե՞ր էին նրանց որդիքը, թոռները և այլն: Բացի դրանից, հիշատակարանի մեջ արձանագրվում է, թե ով էր ժամանակի կաթողիկոսը, առաջնորդը, երկրի տիրապետողը և այլն: 

Գետաշենցիների մասին այսքանը ավելորդ չեմ համարում հիշել, որ նրանք հայտնի են շրջակա գյուղացիների մեջ իրանց կռվասեր և խռովարար բնավորությամբ: Երբ գյուղական աշխատությունները դադարում են, հանգստի ժամանակ նրանք մի առանձին բավականություն են զգում, հավաքվել խրճիթների կտուրների վրա, ծխել և միմյանց ուշունցներ տալ: Երևանի նահանգի աշտարակցիները հայհոյանքը, ուշունցը իր կատարելությանն են հասցրեք, բայց գետաշենցու ուշունցը, թեև սյունեցու նման կոշտ է, կոպիտ է, բայց ազդու է

Կարաբուլաղ (Մարտունաշեն)

Գետաշենից անցանք Կարաբուլաղ գյուղը, որ ընդամենը 2 ժամվա ճանապարհ է: Ամեն մի գյուղ հասնելիս կամ պետք է որոնել տանուտերի տունը, կամ քահանայի տունը: Ես ընտրեցի վերջինը, մտածելով, թե հունձքի, կալի ժամանակ է, տանուտերը զբաղված կլինի, բայց քահանան անգործ կլինի: Բայց իմ կարծիքը խաբեց ինձ: Քահանային մենք գտանք մեր քարաշեն քարվանսարայի մեջ: Այդ քարվանսարան մնացել է ամենահին ժամանակներից: Նրա շրջապարիսպը, դարվազան, ախոռատները քանդված են, և գյուղացիները քարերը տանելով գործ են ածել իրանց շինությունների համար: Այժմ ողջ մնացել են մի կարգ քարաշեն և կամարակապ սենյակներ, որ առաջ ծառայում էին որպես իջևան ճանապարհորդների համար:

Մարտունաշեն գյուղը













Քարվանսարան այժմ բոլորովին անտեր մնալով, գյուղի տեր Դ. քահանան սենյակներից մեկը ընտրել էր իր համար որպես արհեստանոց, այնտեղ տակառներ էր շինում, որոնք մեծ քանակությամբ գնում են շրջակա գյուղացիները: Քահանան վարպետի մոտ չէ սովորել, այլ իր սեփական վարժություններով փայտից այնպիսի իրեղեններ է շինում, որ ամենահմուտ արհեստավորի գործ կարելի է համարել: Ես տեսա նրա շինած մի փայտյա մատուցարան (պոդնոս), որը իր նրբությամբ և գեղեցկությամբ շատ հիանալի էր: Քահանան բացի հյուսնությունից գիտեր և այգեգործություն անտառներից վայրենի պտղատու ծառեր բերելով տնկել էր մի այգի և տունկերը պատվաստելով, այն աստիճան ազնվացել է, որ ամենաընտիր տեսակների հետ կարելի է համեմատել:

Առհասարակ այդ քահանան ինձ վրա շատ լավ տպավորություն գործեց, ես առաջին անգամ տեսնում էի աստուծո սեղանի պաշտոնաներից մեկին, որ իր ապրուստի հույսը չէր դրել միայն պսակից, մկրտությունից և թաղումից ստացած փողերի վրա, այլ ապրում էր արդար արհեստով և գյուղացու տնտեսությամբ: Նրա արհեստանոցի մոտ էր կալը, որտեղ նա կալսել էր տալիս իր մշակության բերքը:

Կեպաս լեռը հայկական Մարտունաշենից














Քահանայի արհեստանոցում ես գտա մի ուրիշ զարմանալի մարդ: Դրան կարելի է իր կյանքում պատահած արկածների համար և տեսած երկրների համար հայոց թափառական հրեա կոչել: Նա եղել է Թուրքիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, մի խոսքով, ամեն տեղ: Հնդկաստանում նա սովորել էր լեղակ մշակելու արհեստը: Կամենալով այդ արհեստը իր հայրենիքում ևս մտցնել, նա վերադառնալով Գանձակ, սկսեց փորձեր անել, փորձը հաջողվեցավ և իր արդյունաբերած լեղակը նա ցույց տվեց տեղային կառավարությանը, խնդրելով, որ իրան օգնեն, որ կանոնավոր մշակություն սկսե: Ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց, այժմ ծերությունից և աղքատությունից ստիպված, նա պատսպարան էր գտել Կարաբուլաղի հին քարվանսարայի ավերակների մեջ, և տեր հոր արհեստանոցում նստած, կոշիկներ էր կարում, կոշիկների կաղապարներ էր շինում և օգնում էր տերտերին նրա հյուսնության գործում: 


Նոթերի նախորդ մասերը՝

Մաս 1
Մաս 2
Մաս 3
Մաս 4
Մաս 5
Մաս 6