April 27, 2015

Բանակ. Չարբախի հավաքակայան

Դուք եղել եք երբևէ ռազմական հավաքակայանում? Սբոռնի պունկտում, ինչպես ասում են հայերը:
Մարդ կա կյանքում մեկ անգամ էլ չի եղել այնտեղ, իսկ ես երկու անգամ եմ եղել այնտեղ: Ոնց? Դե լսեք:

Ես գրել եմ արդեն, թե ինչպես 44 սպաներիս անսպասելի - մեկ գիշերվա մեջ, 37 թվականի հանկարծակի աքսորների պես, առավոտ լույսով, առանց ծանուցագրի, տարան հայկական բանակ: Որպես զինվորներ:

Մեծն Սպարապետը, ով ՊՆ նախարար էր այդ տարիներին, հայոց բանակի շտաբի պետ Միքայել Հարությունյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը - բոլորը տեղեկացված էին ապօրինության մասին: Ու լռում էին: Որովհետև մասնակից էին այդ ամենին:
Հրամանը արձակվել էր գիշերը և ի կատար ածվել նույն առավոտյան:

Հիմնավորում էին թե փող չկա բյուջեում, որպեսզի մեզ սպայական աշխատավարձ տան, կացարանով ապահովեն, այդ պատճառով էլ զինվոր են զորակոչում:

Հավաքակայանում մենք անցանք բուժզննում ասածը:


Արյունը նորակոչիկներից ընդունում էին հետևյալ կերպ: Հասարակ` սովետական ճաշարանների, Общепит ափսեների մակերեսը ֆլոմաստերով տրոհել էին 8 մասի, համարակալել դրանք, և մեր մատից արյունը քսում էին ութ հատվածներից որևէ մեկի վրա: Որպեսզի հետազոտեն:

Հետո մեջքից մեզ սրսկեցին: Տղաները պնդում էին, որ դա հայտնի բոռով թեյի փոխարեն է հիմա արվում: Դե հասկացաք: Որ մի կես տարի որևէ այլ բանի մասին չմտածենք: (no sex)

Բայց ամենազավեշտալին "համահայկական ձեռք գցող" սեռավարակաբան բժիշկն էր: Բոլոր նորակոչիկները մերկ կանգնում էին կողք կողքի, իսկ այդ բժիշկը հերթով մոտենում էր տղաներին և շոշափում էր յուրաքանչյուր զինվորի եղած-չեղածը: Հատ-հատ:
Ես ճիշտն ասած այդ պահին Օսվենցիմը պատկերացրեցի: Ինչ-որ մի բան նման էր:

Իսկ ներսում` սպասասրահում մի խառնաշփոթ կերուխում էր:
Բոլոր նորակոչիկները իրենց ճանապարհի տուլիկները փռել էին սեղաններին:
Ոչխարի պանրի, խորովածի, քյաբաբի, քյուֆթայի, խաշլամայի, թթվի, հացի, տարատեսակ մրգերի, հյութերի շշերի, լավաշի բազմություն: Մի խոսքով էս ամենը միևնույնն է զորամաս չէին թույլ տալու տանել և ինչ ուտեին ուտեին: Մնացածը շուտով պետք է թափվեր: Տղաները ասում էին. "Կերեք, մեկա էսա թողնելու ենք գնանք:"

Ժամանակ առ ժամանակ ներս էր մտնում մի ենթասպա ու անուններն էր կարդում` հաջորդ ավտոբուսով գնացողների:

Իմ ձեռքին կար պապիկիս նվեր ոսկեզոծ ժամացույցը, որը 5-րդ դասարանից ձեռքիս էր, չէի հասցրել հանել ձեռքիցս, այնքան անսպասելի տնից ինձ տարան տականքները:
Ժամացույցս տվեցի հավաքակայանում ծառայող տղաներից մեկին, նա փոխանցեց դրսում սպասող ծնողներիս, հետ բերելով մի պատառիկ նամակ, որ ստացել են իրը:

"Ամենաբախտավորները", ով մի քիչ կյաժ էր, ու ռուսերեն գիտեր` ընկնում էին սահմանապահ  ռուսական զորամասեր: Տղերքը շատ ուրախ էին, քանի որ կարգուկանոնը այնտեղ անհամեմատելի էր հայկական զորամասերի հետ, և ծառայության ժամկետն էլ էր կարճ` ընդամենը մեկ տարի, մեր երկուսի փոխարեն: 

Վերջապես կարդացին և մեր անունը: Ասացին գնում եք Արտաշատի կապի գումարտակ:

Նստեցինք մեր դեղին ՊԱԶ-իկը և ուղևորվեցինք դեպի անհայտություն:
Որի մասին կգրեմ մյուս անգամ:

Նոյեմբերի 13-ին մեզ հավաքակայանից տարել էին Արտաշատ, բայց քանի որ մեր ծանոթ-բարեկամները աղմուկ էին բարձրացրել` կատարված անօրինականության մասին, ապա
բանակային տիրակալները որոշել էին մի փոքր շտկում անել, մեզ` տարբեր զորամասերով սփռված 44 նախկին սպաներին, իսկ այսօր արդեն զինվորներին, հավաքել մի զորամասում:

Այդ պատճառով, 1997 թ. դեկտեմբերի 8-ին մենք նորից հայտնվեցինք Չարբախի հավաքակայանում, որպեսզի բոլորիս տեղափոխեն Արմավիրի ուսումնական բրիգադ:

Գնդապետ Մուրադ Կիրակոսյանը անձամբ եկել էր հավաքակայան, որպեսզի ուղեկցի Արմավիրի զորամաս, ուր ինքը բրիգադի հրամանատարն էր:

Բայց դա հետո կնկարագրեմ: