July 15, 2018

Տեխզննման կայանների գործի մասին

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե "Պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար":






Այս հարցին չէի անդրադառնա, եթե դեռ 4 տարի առաջ սրա մասին գրած չլինեի:

Ինչ է նշանակում բյուջեից հափշտակել են 2 միլիարդ դրամ? Դրանք բյուջեի փողեր չեն: 

Եկեք հասկանանք:

Որպես վարորդ.

- Սկզբից գնում եք թաղապետարան, վերցնում եք զերոյական գույքահարկի տեղեկանք:

- Հետո գնում եք ցանկացած բանկ:

Բացի տեխզննման վճարից, դուք պետք է մուծեք նաև էկոլոգիայի վճար, ինչպես նաև բանկի միջնորդավճար:

Բանկի աշխատողը տալիս է ձեզ տեխզննման կտրոն, որով դուք պետք է գնաք և անցնեք տեխզննում:

Կտրոնը բաղկացած է երկու մասից` մեկը տեխզննման կայանում մեքենայի զնվելուց հետո մնում է այնտեղ, իսկ մյուսը` կնքվելուց հետո, կպցնում եք մեքենայի դիմապակուն:

Տեխզննման կայանը, կտրոնի իր մասով, բանկում ձեր մուծած գումարը հետ է ստանում` գանձապետական տրանզիտ հաշվից, որպես ծառայության վճար: Տեխզննման գումարը, որ մուծում ենք բանկում, գանձապետարանի հաշիվ է գնում և չի համարվում բյուջեի փող, դա հարկ չէ, վարկ չէ, տուգանք չէ, դա գումար է, որ ժամանակավոր գտնվում է գանձապետարանի հաշվին, որպեսզի փոխանցվի տեխզննման կայաններին, ըստ վերադարձված կտրոնների:

Հիմա, ինչ է տեղի ունեցել իրականում, վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ և տրանսպորտի նախարարության աջակցությամբ?


Մարդիկ, բանկում կատարել են տեխզննման մուծումը, մուծել են բանկի միջնորդավճարը, էկոլոգիայի վճարը, ստացել են երկու մասից բաղկացած տեխզննման կտրոն:

Որից հետո եղել են հետևյալ տարբերակները`

1. Վարորդները կտրոնի կեսը դեն են նետել, իսկ մյուս` չկնքված մասը կպցրել են դիմապակուն:

Տեխզննման կայանները, չունենալով կտրոնի մյուս մասը, չեն ստացել դրա դիմաց որևէ գումար, և դա մնացել է գանձապետական հաշվին, որը և ոստիկանությունը սխալմամբ համարում է "բյուջեի փող":

Իրականում այդ փողը չպետք է բյուջեյում մնար, այլ պետք է վերադարձվեր մարդկանց, քանի որ գործարքը կիսատ է եղել:

Տիգրան Սարգսյանը` իր որոշումով ուղղակի լավություն է արել բանկերին և բյուջեին:

2. Մարդիկ վերցրել են կտրոնը, գնացել են տեխզննման կայան և չեն ցանկացել անցնել զննում:
Քանի որ Հայաստանում մեքենաների մեծ մասը տեխզննում անցնելու ենթակա չէ, շատ հին են, դրանց վարորդները` կտրոնի մի մասը տվել են տեխզննման կայաններին և աղաչել են, որ իրենց հին մեքենան չզննվի, այլ ուղղակի կնքվի կտրոնը:


3. Մարդիկ, վերցրել են կտրոնը, գնացել են տեխզննման կայան, զննել են իրենց մեքենան և ստացել կնքված կտրոնը:
Ես ինքս պատկանում եմ այս վերջին խմբին, և միշտ տեխզննումը անցել եմ Ավտոռեմ տեխզննման կայանում, որպեսզի մեքենաս զնվի:


Այսպիսով` սրանք բյուջեի փողեր չեն, այլ մեր, վարորդների վճարներն են, որ գրպանել են բանկերը և պետությունը:


Մարդկանց` ծառայություն չստանալը սկսվել է ոչ թե տեխզննման կայաններում, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումից հետո, բանկերում, թաղապետարաններում, ուր մարդկանց ուղղորդում էին մուծումներ անելու, առանց ծառայություն ստանալու։

Այս համակարգը ստեղծել է պետությունը:

Եթե տեխզննման գործընթացը չլինի, ապա հավատացեք, որ մեքենայի գույքահարկ ոչ մեկը չի մուծի: Տեխզննման գործընթացը խթանում է դրան: Ինչպես նաև էկոլոգիայի վճար չեն մուծի: Բանկերը ևս կզրկվեն միջնորդավճարներից:

Իրականում տեխզննում պետք է, բայց արդյոք վարորդները կանցնեն այն հնամաշ մեքենաներով?

Ու այս պարագայում ոստիկանությունը կատարում է ընդամենը պոպուլիստական հայտարարություն, թե բյուջեի փողեր են գրպանվել, և չի բացատրում այս ամբողջ  իրողությունը:
Իսկ այս ամենի սկզբնաղբյուրը պետք է հաշվի առնել:


Պետք է պատասխանատվության կանչել այս տեխզննման պրոցեսի կնքահորը` Տիգրան Սարգսյանին և տրանսպորտի նախկին նախարարներին:


Թե չէ ընկել եք մանր կայանների հետևից:

January 27, 2018

ՃՈ: Տարիներն անցնում են, իսկ սրանք չեն փոխվում

Բոլորը գիտեն, որ Դավթաշենի կամրջի վրա, երկու արագաչափեր կան:

Սակայն այսօր պարզեցի, որ արագաչափերից բացի նաև ոստիկաններ կան, որոնք ևս արագաչափի դեր են ստանձնել:

Կանգնեցրեցին ինձ, կամուրջը հենց վերջանալու վրա:

ՃՈ - բարև ձեզ, էս ինչ կոչումով էսինչյան:

Ես, չիջնելով մեքենայից - ուրախ եմ, բարև ձեզ: Ինչումն է խնդիրը

ՃՈ- Դուք գերազանցել եք կամրջի վրա արագությունը, նկարահանումը մեր մեքենայի
մեջ կա, կարող եք գալ տեսնել:

Ես - Իսկ ինչումն է խնդիրը? Եթե գերազանցել եմ, կամրջի վրա կան տեղադրված երկու արագաչափեր, նրանք կֆիքսեն գերազանցումս և ես կծանուցվեմ այդ մասին:

ՃՈ - Ոչ, մոտեցեք տեսեք մեր մեքենայում կա տեսագրությունը, որ դուք գերազանցել եք և վարել 75 կմ/ժ արագությունով, թույլատրելի արագությունը գերազանցել եք 5 կմ/ժ-ով:

Ես - Հա, բայց ես կտուգանվեմ չէ, տեսախցիկի նկարածով, հո նույն խախտման համար երկու անգամ չեմ տուգանվելու?

ՃՈ - Եկեք տեսեք նկարահանածը, տեսախցիկը կարող է չֆիքսել, դուք շատ կարճ ճանապարհահատվածի վրա եք գերազանցել արագությունը, հետո նորից իջեցրել եք:

Ես, դուրս գալով իմ մեքենայից - Իսկ դուք որտեղ էիք, որ նկատել եք գերազանցումս?

ՃՈ - Մենք հանդիպակաց ճամփեզրով էինք ընթանում, ձեզ նկարեցինք, կամրջի վրա շրջադարձ կատարելով ձեզ կանգնեցրեցինք:

Ես - Լավ, իսկ ինչով եք նկարել իմ գերազանցումը?

ՃՈ - Մեր մեքենայում տեղադրված արագաչափով:

Ես - Շատ լավ, բայց ես ինչու պետք է հավատամ ձեր արագաչափի հավաստիությանը, ինչ-որ հայաստանյան գերատեսչության փորձաքննություն այն անցել է? ՈՒնեք հավաստագիր նրա մասին?

ՃՈ - Հա իհարկե, մենք հո հենց այնպես սարք չէինք տեղադրի մեր մեքենայում: Ահա չափման թղթերը:

Նա տալիս է ինձ պատճենահանած երկու էջեր, որտեղ ռուսերեն ինչ-որ տեքստեր են:

Ես - Ինչ է գրած այս թղթում, ես ռուսերեն չեմ հասկանում, ինչու ռուսերեն? Հայաստանյան որևէ կառույց այս սարքը փորձաքննության ենթարկել է?

ՃՈ - իհարկե, սրա թարգմանած հակերենն էլ ունենք, ահա, կարդացեք:

Մեկնում է  մեկ էջի վրա տպված կես էջ հայերեն տեքստ, որն արդեն կասկածելի էր, քանի որ ռուսերենը խիտ երկու տպած էջեր էին, հայերենը չէր կարող թարգմանվեր և դառնար կես էջ: Բայց սա լրիվ այլ թուղթ էր:

Ես - Սա ինչ-որ մեքենայի` տուգանային հրապարակ քարշակելու ակտ է, այլ ոչ թե արագաչափի փորձաքննության հայերեն տարբերակը: Հայերեն չունեք?

ՃՈ- Ինչ ա, ռուսերենը հիմք չի քո համար?

Ես - Ոչ, ռուսերենը բացարձակ ինձ համար կարևորություն չունի Հայաստանում, և որևէ հիմք չի կարող լինել:

ՃՈ - Լսեք, դուք խախտում եք արել, ու գերազանցել 5կմ/ժ-ով:

Ես - Հա, բայց արագաչափ կա ու ես տուգանվելու եմ, եթե խախտել եմ, ինչու եք դուք ձեր ժամանակը կորցնում ու նորից արագաչափի գործ անում? Հիմա ինչ եք ուզում?
Եթե խախտել եմ, ուղարկեք խախտումը, հիմա ինչու եք այսքան ժամանակ վատնում?

ՃՈ - Տվեք ձեր փաստաթղթերը?

Ես- Իսկ կոնկրետ ինչ փաստաթղթեր? Ես տարբեր փաստաթղթեր ունեմ?

ՃՈ, խառնված - Մեքենայի տեխ անձնագիրը և վարորդական իրավունքը:

Ես - Խնդրեմ: Ահա նրանք:

ՃՈ - Մենք կարող ենք նախազգուշացնել ձեզ և բաց թողնել, ձեր ժամանակը այսքան չվատնենք: Բայց ախր դուք անգամ չեք էլ ուզում նայել մեր կամերայով նկարածը:

Ես - Ոչ, եթե խախտում կա, ուղարկեք իմ հասցեյով: Իսկ Ձեր կամերային ես չեմ վստահում, քանի որ դուք ինձ որևէ հավաստիացնող փաստաթուղթ ցույց չտվեցիք: Ես ինչ է վթարային իրավիճակ եմ ստեղծել?

ՃՈ- Ոչ: Եթե վթարային իրավիճակ լիներ, մենք այլ խոսակցություն կունենայինք: Լավ,  էս ինչը ձեր հասցեն է? Մենք խախտումը կուղարկենք ձեզ այդ հասցեյով, դուք ձեր հետագա քայլերը կանեք:

Ես - Շնորհակալություն, ուղարկեք: Հաջողություն: