May 4, 2016

Կատուն մեկ ամիս առանց կեր ու ջրի մնացել էր միայնակ` բնակարանում

Մեր շքամուտքում մի քանի կատուներ համարյա դարձել են շենքի բնակիչներ` հարևանները նրանց պարբերաբար կերակրում են:
Եվ կատուները այնքան են 'զարգացել', որ երշիկ էլ չեն ուտում:

Դուռը դեռ չբացած ոտքերի տակ են ընկնում: Շատ են լկստվել:

Հարթակում երեք բնակարան կա:
Մեկի դուռը միշտ փակ է, սեփականատերերը քաղաքում չեն:
Դիմացի հարևանը` տիկին Ամալյան, նույնպես սիրում է կատուներին և մեր մեջ ասած` նա է երես տվել դրանց, որ չեն հեռանում դռների առջևից:

Սակայն այսօր բարեհաջող ավարտվեց հետևյալ պատմությունը, որը ի դեպ անհավատալի է:

Ուրեմն մոտ մեկ ամիս շարունակ, շքամուտքի հարթակով անցնելուց, դռան ետևից պարբերաբար կատվի մլավոց է լսվում: Դե ես կարծում էի, որ դիմացի հարևանը` տիկին Ամալյան, որոշել է կատվին տանը պահել և մտածում էի նրա տնից է ձայնը գալիս:

Քայլերը լսելուց կատվի ձայնը ավելի ուժգին էր դառնում: Պատահում էր, որ այլ կատուներ ևս հավաքվում և ձայնակցում էին դռան ետևում գտնվողին:

Բայց այսօր, պարզվեց, որ այդ փիսոն ամենևին էլ մեր իմացած դռան ետևում չէր: Ընդհակառակը, պարզեցինք, որ հենց փակ բնակարանից էր գալիս նրա ձայնը: Այսինքն նա փակ բնակարանում էր հայտնվել:

Բայց ինչպես է նա այնտեղ հայտնվել? Ինչպես է կատուն մեկ ամիս փակ տանը առանց կերի և ջրի դիմանում: Ի դեպ կատվի ձայնը վերջերս թուլացել էր և համարյա չէր էլ լսվում: Հազիվ էր լսվում:

Զանգեցինք 911: Փրկարարները ասացին, որ  կատվին փրկելու համար կարող են դուռը բացել, սակայն պարտադիր է նաև ոստիկանության և համատիրության ներկայությունը:
Դրա կազմակերպումը երկար գործընթաց էր:

Ես լուրն առնելուն պես հանգիստս կորցրի: Գտա այդ տան բնակչի համարը` անհասանելի էր: Իմացանք նրա անուն-ազգանունը: Պարզվեց, որ շատ հազվագյուտ հայկական ազգանուն էր:

Փնտրեցի ինտերնետում, սոցիալական կայքերում, մի քանիսին հաղորդագրություն գրեցի:
Այլ հույս չկար:
........
Մեկ էլ մեկ ժամ չանցած, ստանում եմ ֆեյսբուքյան զանգ: Զանգահարողը այդ փակ բնակարանի տիրոջ որդին էր: Ես պատմեցի եղելությունը: Նա ասաց, որ ծանոթներին կտեղեկացնի, որ լուծեն խնդիրը:

Երկու-երեք ժամից բարեկամները բացեցին դուռը: Դուռն բացելուն պես, փիսոն փախավ տնից:
Սակայն ոչ մի կեր էլ պարզվեց նա չուներ: Ջուր նույնպես: Մեկ ամիս այդպես դիմացել էր:

Ուրեմն բնակարանի տերը մեկ ամիս առաջ եղել էր տանը, մուտքի դուռը բաց թողած` գնացել էր պատշգամբ, իսկ այդ ընթացքում այս չարաճճին ներխուժել և թաքնվել էր տանը: Իսկ տերը դուռը փակել և քաղաքից մեկնել էր:

Բայց ինչպես էր դիմացել փիսոն?
Փաստորեն կատուն կարող է մեկ ամիս մնալ առանց կեր ու ջրի?

Որքան կարևոր են սոցիալական կայքերը: Եվ ինչ լավ է, որ մարդիկ այնտեղ գրանցված և հասանելի են:

Թե չէ մեր այս փիսոն շատ վատ կավարտեր: