April 27, 2014

Շիրազ

Այսօր նա դառնում է 100 տարեկան:



Շիրազի մասին առաջին անգամ լսել եմ 2-րդ դասարանում, երբ մեր լիբանանահայ հարևանները Ֆրանսիայից թաքուն բերել էին մագնիտոֆոնի 90 րոպեանոց կասետ` Հայոց դանթեականով:


Դասից շուտ գալիս և տան մի անկյունում միացնում էի այդ հզոր և գաղտնի ձայնագրությունը:

"Հայոց դանթեական"-ը ասմունքող կնոջ ձայնը աշխատում էինք կամաց միացնել տանը, որ հարևանները չլսեն: Այդ թվականներին պատերն անգամ ականջ ունեին:

Քանի որ գիրքը չէի ճարում, գրի էի առել որոշ դրվագներ այդ ձայնագրությունից:

1984-ին մարտն էր: 4-րդ դասարանում էի: Գնում էի Խնկո-Ապոր գրադարան, հերթական գրքերս փոխանակելու:
Կենտրոնի զինկոմիսարիատի կողքից դեպի գրադարան աստիճաններ կային` շատ նեղ և վտանգավոր: Դանդաղ ու զգույշ իջնելուց, լսեցի մելամաղձոտ երաժշտության ձայն:

Ձայնը գալիս էր օպերայի կողմից:

Մոտեցա և տեսա, որ օպերայի բակում, մուտքի վրա Շիրազի մեծ նկարն էր կախված:
Օպերայի բակը լվացված էր և դատարկ:
Աշխատանքային սովորական օր էր սովետական Հայաստանում:
Շիրազն էր մահացել:



April 18, 2014

Մեծանում է այն կրիտիկական զանգվածը, որը մի պահ կասի. վերջ, արդեն հերիք է

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 18 Ապրիլի 2014, 10:00

Մեր զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորող Արթուր Ղազարյանը


Արթուր, այսօր  «Դեմ եմ» նախաձեռնությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ակցիա է անելու։ Մեծ հաշվով, խնդիրը հասավ նախագահին: Ստացվում է՝ հարցը միայն Սերժ Սարգսյա՞նը կարող է լուծել: Արդյոք խնդիրը, ըստ Ձեզ, չի անձնավորվում:
Զարմանալ պետք չէ, քանի որ Սերժ Սարգսյանն ինքն է ստորագրել այդ պարտադիր կուտակային օրենքը: Նա էր մեկ ամիս առաջ ԵԿՄ համագումարում հայտարարել, որ նույնիսկ եթե մարդկանց 80 տոկոսը դեմ էլ լինի` միևնույն է, անցկացնելու են օրենքը: Սերժ Սարգսյանը շատ նեղ վիճակում է հայտնվել, ի դեպ: Նա է, ըստ Սահմանադրության, հանդիսանում պետության գլուխը և հետևում Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Այսօր Սահմանադրական դատարանի որոշումից հետո նա պետք է կամ իրականացնի իր պարտականությունը, կամ հայտնվելու է ծիծաղելի վիճակում, քանի որ օրենքի հոդվածները ճանաչվել են հակասահմանադրական:
Այսինքն նախագահն իր բոլոր կառույցներով սխալ է թույլ տվել: Ինքը հիմա պետք է ուղղի այդ սխալը, իսկ հակառակ դրան, նա նոր վարչապետին հանձնարարում է ներդնել այդ չարաբաստիկ օրենքը և կյանքի կոչել: Լրիվ հակառակն է անում:
Նախաձեռնությունն անկանխատեսելի՞ է դարձել իշխանության համար:
Նախաձեռնությունը մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ անկանխատեսելի քայլեր կարող է իրականացնել: Քանի որ այնտեղ հավաքված են մտավոր աշխատանքի, փայլուն խելքի տեր մարդիկ, այլ կերպ չէր էլ կարող լինել: Կարծում եմ, այո, լինելու են անկանխատեսելի և խորը մտածված քայլեր, ինչին անպատրաստ է լինելու այսօրվա ծայրը ծայրին հասցնող ռեժիմը: Կրեատիվ մոտեցումներ անշուշտ լինելու են: Հիշեք, երբ էր կառավարության շենքից նախարար իջել ցուցարարների մոտ, բայց իջան, չէ՞:
Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք ծայրը ծայրին հասցնող, ռեժիմն ի՞նչ վիճակում է:
Ինչ վիճակում կարող է լինել մի ռեժիմ, որից արդեն ՕԵԿ-ն է հեռանում: ԲՀԿ-ն արդեն նրան հաշվի չի առնում: Դաշնակցությունը ևս չի ցանկանում նրա հետ գործ ունենալ: Վարչապետի նշանակումով Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ լուծում չունի: Նա նշանակեց վարչապետի պաշտոնին ուղղակի հավատարիմ տեղապահ: Ընդամենը: Կարծում եմ նրան չհերիքեց այդ 10 օրը: ՀՀԿ-ն, կարծում եմ, պետք է ինքնալուծարվի, որպես սահմանադրական կարգը խախտող կուսակցություն, որն ուղղակիորեն սերտաճել է պետության հետ: Սահմանադրական դատարանը կարող է դա անել: Ի վերջո, մեր Հայաստանի Հանրապետությունը չպետք է կործանվի այդ ուժի պատճառով: Նրանք մնացել են միայնակ թե ներսում, թե դրսում: Իսկ կենսաթոշակայինի շուրջ այս ջղաձգումն ուղղակի ֆինանսական ներդրումներից կտրվելու պատճառով է: Փող է պետք նրանց: Հունվարին պետք է բարձրացնեին բյուջետայինների աշխատավարձը, ձգեցին հուլիսի մեկ: Հիմա էլ հո չեն կարող նորից ձգել: Նրանց դեմ արդեն բյուջետային աշխատողները ոտքի կկանգնեն` երկու անգամ խաբելուց հետո: Հանրապետականը ԱԺ-ում այսօր ունի ընդամենը 69 ձայն` 131-ից: Վաղը արդեն կարող է ավելի քիչ ունենալ: Վիճակը փոխվում է օր օրի: Ժողովրդի և կուսակցությունների գործը պետք է լինի հնարավորինս մեղմ դուրս գալ ծագող քաոսային, անկառավարելի վիճակից: ՀՀԿ-ն հեռանում է և դառնում անցյալ:
Իսկ քաղաքացիական այս շարժումը չպե՞տք է քաղաքացիականից քաղաքականի վերածվի, ինչո՞ւ են ի վերջո խուսափում դրանից:
Շատ լավ հարց է: Ես արդեն մի քանի շաբաթ մտածում եմ այդ հարցի մասին: Իսկ պե՞տք է, որ դառնան: Իրենք մեկ հարց են դրել իրենց առջև, որը արդեն 7 ամիս հետևողականորեն լուծում են, ի դեպ համագործակցելով նաև քաղաքական կուսակցությունների հետ, համադրելով բոլոր ուժերը: Այս ընթացքում պայքարի մեջ ներգրավվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Իսկ գիտե՞ք, որ մեկ անգամ պայքարի ելած մարդն այլևս այլ տեսակի մարդ է: Նա արդեն հասարակ սպառող չի, նա գիտակից քաղաքացի է դառնում: Նա այլևս աչք փակող չէ անարդարության դեմ: Տեսեք, վերջին միտինգը մատենադարանի մոտ: Երիտասարդներն ուղղակի ասում են. «Իշխանություններ, դուք արդեն արժանի չեք այս տեսակի ժողովրդին, դուք արդեն շատ հետ եք»: Ժողովուրդը գնում է առաջ, իսկ նրանք արդեն ունակ չեն ղեկավարել: Ակնհայտ սխալներ են գործում իրար հետևից: Նրանք բոլորով պաշտպանում էին հակասահմանադրական օրենքի դրույթները: Սա մեծ հարված էր այդ բուրգին, որը սկսեց արդեն քանդվել:
Ինչո՞ւ, ի վերջո, չի լինում քաղաքացիական ինքնակազմակերպում ոչ թե կոնկրետ խնդրի, այլ ասենք երկիրը այս վիճակից դուրս բերելու ավելի լայն խնդրի ձևակերպման շուրջ: Պատասխանատվությունի՞ց են խուսափում: Չէ՞ որ մեկ խնդրի լուծումով մենք մեծ հաշվով դուրս չենք գալիս այս համակարգից:
Տարբեր շարժումներից, կամաց-կամաց, շերտերով գոյանում և ավելանում է այն կրիտիկական զանգվածը, որը մի պահ կասի. «Վերջ, արդեն հերիք է: Այլևս այսպես չենք կարող առաջ գնալ: Բավական է»: Գիտեք, պայքարի մարդիկ անվերապահորեն իրար հավատում են, մեծ հավատ և փոխօգնություն կա նրանց միջև: Իրոք, մեկ հարցով չեն լուծվում երկրի բոլոր խնդիրները: Բայց պահանջատեր, գիտակից մարդիկ դուրս կբերեն երկիրն այս կանգառից: Պայքարի խմբերի բոլոր քաղաքացիները միմյանց օգնելով, անցյալի սխալներից հետ պահելով, ապահովում են ընդհանուր դինամիկան, որը կա: Յուրաքանչյուր նոր պայքարի օջախ ընդհանուր է: Այստեղ չկա մրցակցություն, այլ կա ուժերի համատեղում, փոխլրացում և առաջընթաց: Հայաստանը հասցրել են այնպիսի արտաքին վտանգների առաջ, որ կամայական չմտածված ամեն քայլ կարող է ճակատագրական լինել: Սա բոլորը գիտակցում են և փորձում են աչալուրջ և զգույշ լինել: Ավելի լայն խնդիր է դրված: Երիտասարդներն ասում են. «Մենք ուզում ենք ապրել մեր երկրում, Մենք ենք տերը, մեր երկրի: Մենք չենք արտագաղթելու: Եվ մենք ուզում ենք ապրել»: Հասկանալի, պարզ ձևակերպում է: Ամեն հաջորդ շարժում ավելի կրեատիվ և հուժկու է, քան նախորդը: Դա նկատելի է: Քաղաքական ուժերը ևս փոխվում են այս շարժումների ընթացքում:
Ակցիայից ի՞նչ պասելիքներ ունեք: Նախորդ անգամ Տիգրան Սարգսյանն իջավ ակտիվիստերի մոտ, հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը գա:
Հասկացա. գա և հերթական անգամ ասի` Տարոն, սիրուն չի՞: Նա արդեն հետ չի կանգնի իր սկզբնապես հայտարարված և մի քանի օր վերահաստատած մտքից, չի հրաժարվի անսպառ անտոկոս ֆինանսական աղբյուրից: Բայց Սերժ Սարգսյանը պետք է գոնե հասկանա, որ դեռ մեր երկրում մարդիկ կան, որ իրենից ինչ-որ բան են սպասում: Իր նստավայրի մոտ եկողները նրան համարում են սահմանադրության երաշխավոր: Հույս են կապում դեռ նրա հետ: Իսկ այդպիսիք գնալով քչանում են: Մարդիկ ասելու են` կատարիր պատշաճ քո պարտականությունը, որը սահմանադրության մեջ քո գործն է համարվում:

Հղումը` այստեղ: