March 11, 2013

Այսօր Հայաստանում հեղափոխական իրավիճակ է

Թեհմինե Ենոքյան

Հարցազրույց - 11 Մարտի 2013, 12:10


Մեր զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորող Արթուր Ղազարյանը
Ինչու՞ է մեր հանրության մի ստվար զանգված անլուրջ վերաբերվում հացադուլ անող անձնազոհ քաղաքական գործիչներին:
Քրեաօլիգարխիան ստեղծել է մի ահավոր մամլիչ մեքենա, որը ներթափանցել է բոլոր օղակներ, պետական բոլոր կառույցներ, մամուլ, հեռուստատեսություն, ԲՈՒՀ-եր, նաև սոցցանցեր: Պարզ է բոլոր այն Բաղրամյան 26-ին կից բլոգերների և նրանց կից ֆեյք, շինծու օգտատերերի ով լինելը: Նրանք ամեն կերպ վարկաբեկում են ժողովրդի ցանկացած շարժում, ցանկացած գործչի: Որ նայեք նրանց ստատուսները և ուղղորդված գրաrումները, պարզ է, թե ինչ պատվեր են կատարում:


Առհասարակ հացադուլը ծայրահեղ միջոց է համարվում: Դուք կարո՞ղ եք նշել դեպքեր, երբ հնարավոր է եղել հացադուլի միջոցով հարց լուծել:
Հացադուլը աշխարհում և մասնավորապես Հայաստանում ունեցել է շատ օրինակներ: Իռլանդիայի բանտերում գիտենք, որ մարդիկ խմբերով իրար հետևից հացադուլ էին անում և անգամ մահանում 60-65 օրվա ընթացքում: Թուրքիայում գիտենք նաև քրդերի հացադուլները, նորից մահվան ելքերով: Գիտենք 1988 թվականի Օպերայի հրապարակում հացադուլ անողների դեպքերը, որին մասնակցում էին հայեր, ռուսներ, եզդիներ, ուկրաինացիներ. բոլորը մեր Հայաստանի քաղաքացիներ էին: Նրանց պահանջները ԽՍՀՄ իշխանություններից էին` Սումգայիթի ջարդերի բացահայտում, Գերագույն խորհրդի սեսիայի հրավիրում, Արցախի հարցի լուծում: Իհարկե, նրանք հասան նպատակին` ժողովրդի համախմբմանը, ճեղքեցին ինֆորմացիոն պաշարումը, հասան լոկալ խնդիրների լուծմանը:
Մոտ 30 օր հացադուլ էր անում նաև Անդրիաս Ղուկասյանը, նրա պահանջները դարձան լայն հանրային քննարկման առարկա: Այդ հարցերն այդպիսի ձևակերպումներով դեռևս չէին շրջանառվել մինչ այդ` ՀՀԿ-ի լուծարում, Եվրադիտորդների դուրս հրավիրում և ընտրություններից միասնական բոլոր թեկնածությունների հանում: Այդ հարցերը իրոք հանրային խնդիրներ են, որոնք այսօր էլ արդիական են: Իրոք, տեսանք, որ ՀՀԿ-ի մասնակցությունը խաթարում է երկրում սահմանադրական կարգի հաստատմանը: Նրանք փաստորեն նորից փորձ են կատարում իշխանությունը ուզուրպացնելու:
Ի՞նչ ճանապարհ եք տեսնում Հայաստանում արմատական համակարգային փոփոխությունների հասնելու համար:
Այսօր իրոք շատ հետաքրքիր իրավիճակ է: Կան պայքարի շատ թեժ կետեր, խմբեր, քաղաքացիական ակտիվիստներ, կուսակցությունների մնացորդներ, որոնք կոնկրետ խնդիրներ դրած՝ լուծումներ են տալիս:
Իշխող վարչակազմը ոչ մի բարեփոխում կամ փոփոխություն առաջարկել չի կարող, քանի որ դրա հնարավորությունը նա ուներ արդեն 1998 թվականից, երբ փաստորեն այս խմբավորումը եկավ իշխանության: Նրանց բացթողումներն առանձին մեծ քննարկման թեմա է: Այսօրվա իրավիճակում փորձ կկատարվի ՀՀԿ-ի կողմից ռեանիմացնելու պահեստային ԲՀԿ-ի տարբերակը մայիսյան ընտրությունների ժամանակ: Քրեաօլիգարխիան իրեն ապահովագրել է երկու հենասյուն ստեղծելով` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ-ին կարելի է արդեն մոռանալ: Մնացյալ կուսակցությունները նույնպես հետ են քաշվել, և առաջարկ, լուծում չունեն: Խնդիրն այսօր Րաֆֆիի համախմբման ներուժի օգտագործումն է և ժողովրդի քվեի պաշտպանությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդից ստացել է պատվեր՝ երկրում անցկացնել շրջադարձային փոփոխություններ: Նա ունի այդ լիազորությունը: Երեկվա ելությում նա ասաց, որ կստեղծվեն նոր իշխանության տարրեր` հենց Ազատության հրապարակում: Ես հրապարակում տեսնում եմ ամբողջ քաղաքական խմբերի, անձերի, քաղաքացիական ակտիվիստների ներկայությունը:
Ռեժիմը ոչ մի զիջման չի գնալու: Նրանք գիտեն, որ փոքր զիջումը դա արդեն իրենց բուրգի կազմաքանդում է նշանակում:
Այսօր հեղափոխական իրավիճակ է: ՀՀԿ-ն անկարող է կառավարել:
Ելքը` միավորել բոլորի ներուժը, ձևավորել ինքնուրույն իշխանության օղակներ, ամբողջ Հայաստանի տարածքով մեկ հասնել ՀՀԿ-ի դրածոների հեռացմանը՝ գյուղերում, քաղաքներում, մարզերում: Տալ շարժմանը կազմակերպչական բնույթ, միգուցե կոմիտեների տեսքով: Կարծում եմ՝ կլինեն քաղաքացիական անհնազանդության շարունակական ակցիաներ: Հաղթանակն ուղղակի հրամայական է: Երկրի գոյության անհրաժեշտ պայման:
Ի՞նչ նախապայմաններ են պետք, որպեսզի գործող նախագահը հրաժարական տա:
Նախ, սոցիալական ցանցերում շրջանառվում են տարբեր լուրեր, թե գործող նախագահն արդեն 5-6 օր չի երևում հանրությանը: Սա անհանգստացնող փաստ է: Մյուսը, որ Վատիկանում շտապ բացում են դեսպանություն, և նշանակվում է իր ընտանիքի անդամը: Սա էլ է իհարկե մտահոգիչ: Չընտրված նախագահը չի կարող աշխատել երկրում, որտեղ կան հազարավոր խնդիրներ: Դրսի շնորհավորանքները նույնպես մտահոգիչ են, քանի որ լի են նախապայմաններով և պահանջներով: Նրանք փորձում են շնորհավորանքով Հայաստանից կորզել զիջումներ: Սա Հայաստանի շահից չի բխում:
Գործող նախագահի շրջապատը մայիսյան ԱԺ ընտրություններով հաստատեց, որ բարեփոխման ցանկություն չունի: Տեսեք ինչ քաղաքական մումիաներ են վերադարձվել ԱԺ, ինչ նոր ՀՀԿ-ացված երգչուհիներ են հայտնվել այնտեղ: Նրանք զբաղված են միայն սեփական բիզնեսների լոբինգով, կապիտալի անձեռնմխելիության պաշտպանությամբ: Միայն ԱԱՀ-ի մասին օրենքը փոփոխվել է վերջին հինգ տարիների ընթացքում 31 անգամ: Պատկերացնո՞ւմ եք այդ օրենքը կարդացողների և կիրառողերի վիճակը: Սա արել են միայն սեփական նեղ այսօրվա շահերից ելնելով:
Երբ որ իր հենարան ՀՀԿ-ացված ուսխորհուրդները կվերընտրվեն, վոյին-մարզպետները կհեռացվեն, ձայն խփող թաղապետերը, գյուղապետերը կմերժվեն ժողովրդի կողմից, նա կզրկվի իր հենարանից և ստիպված կլինի հաշվի նստել երկրի շահի հետ, այլ ոչ թե քրեաօլիգարխիայի: Իմ կարծիքով, միայն սա կստիպի նրան հեռանալ: Չեմ կարծում, որ ինչ-որ մարդկային նկատառումներով հրաժարականը հնարավոր է: Թեև չի բացառվում 98 թվականի պալատական փոփոխության տարբերակը, երբ արդեն այսօր իշխող խմբավորումը տեսնում է, որ Акела промахнулся:



Հոդվածի հղումը` այստեղ