September 26, 2011

Մանկապարտեզի խնդիրը ոնց որ թե լուծվեց?


Թիվ 26 մանկապարտեզի խնդիրը ծագեց անսպասելի: Այն շատ բուռն քննարկվեց և ծնողների միջավայրում, և թաղամասի բնակիչների, և ֆեյյսբուքում, և իհարկե լրատվամիջոցներում` տպագիր և էլեկտրոնային:
 Սակայն կարելի է մի քանի միջանկյալ եզրահանգումներ անել:

  1. Ի պատիվ Արաբկիր շրջանի վարչակազմի` Նրանք հրավիրեցին և ծնողների հետ քննարկեցին իրենց նախագիծ-ծրագիրը: Ծնողների կարծիքները լսելուց հետո, պարոն Մուշեղյանը Առավոտ թերթում հայտարարեց` "Ես որոշել էի լավ բան անել, բայց որ տեսնում եմ ժողովուրդը չի ուզում՝ ոչ մի բան էլ չեմ անելու":Իրոք շատ ողջունելի է, որ բնակիչների կարծիքները հաշվի առնվեցին շրջանի ղեկավարի կողմից:
  2. Ի պատիվ մանկապարտեզի տնօրենի և աշխատակիցների` Նրանք ամեն կերպ չեզոքացրեցին ծնողների անհանգստությունը և պահպանեցին մանկապարտեզի բնականոն գործունեությունը: Ծնողներին ներկայացվեց շենքի սեյսմիկ հետազոտության արձանագրության պատճեն, որտեղից երևաց որ 2003 թվականից ի վեր շենքում առկա ճաքերը զգալի չեն աճել, և շենքը մնացել է 3-րդ կարգի վթարային: Այնտեղ առաջարկվում էր շենքը կամ ամրացնել կամ նորը կառուցել:
  3. Ի պատիվ բարեխիղճ և պրոֆեսիոնալ լրագրողների` Նրանք արագ արձագանքում էին խնդրին և ներկայացնում այն: Սակայն եղան և շարունակվում են անհայտ ծագման հրապարակումներ, որտեղ խնդիրը անձնավորվում և քաղաքականացվում է: Այդ մոտեցումը շեղում է հիմնական խնդրից:
  4. Ի պատիվ քաղաքացիական խմբերի` Նրանք աջակցեցին խնդրի արդարացի լուծմանը, տարածմանը և պարզաբանմանը:
Մենք բոլորս սովորում ենք քաղաքացիական հասարակության օրենքները, մեր փորձի վրա: :)))))

















Սակայն մնում է իրական խնդիրը, որից և սկսվեցին քննարկումները:

Մանկապարտեզը իրոք վերանորոգման խնդիր ունի: Կցանկանայի որ հետագա քննարկումները դրա շուրջ վարվեին, այլ ոչ թե շեղվեին: Պետք է գտնել լուծման ճանապարհներ:
Միգուցե վերականգնվի ամսեկան վարձը և այդ միջոցները ուղղվեն նորոգման? Միգուցե նախատեսել 2012 թվականի բյուջեում նորոգման ծախսեր?
Ինչ կասեք?

Արթուր Ղազարյան:

September 19, 2011

Թիվ 26 մանկապարտեզը թույլ չենք տա դառնա Նալբանդյան 106


Ծնողների ժողով թիվ 26 մանկապարտեզում

Թիվ 26 մանկապարտեզի մտահոգ ծնողները սեպտեմբերի 19-ին հավաքվել էին ծանոթանալու մանկապարտեզի շուրջ ընթացող նորություններին:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի սկզբին 97 ծնողներ դիմել էին Երեւանի քաղաքապետարան, որպեսզի վերանորոգվի մեր մանկապարտեզը: Քաղաքապետարանից այսօր ստացվել է Երևանի Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի պատասխանը, ըստ որի մանկապարտեզի ծնողներին նա հավաստիացրել է, որ երեխաները հին շենքից պետք է տեղափոխվեն, միայն նոր մանկապարտեզի շենք կառուցելուց հետո:

Սեյսմիկ ծառայությունից այսօր ստացվել է 2011 թվականի մանկապարտեզի սեյսմակայունության ստուգման եզրակացությունը, համաձայն որի 2003 թվականի վերջին ստուգումից ի վեր շենքը մնացել է 3-րդ կարգի վթարային, ինչպիսին է Երևանի բնակֆոնդի 60%-ը:
Սեյսմիկի եզրակացության մեջ առաջարկում են կամ ամրացման աշխատանքներ կատարել+կապիտալ նորոգել, կամ նոր շենք կառուցել:


Ծնողները ժողովի ժամանակ այն համոզման են, որ չի կարելի ի հաշիվ այսօրվա շենքային 1800 ք.մ պայմանների և բակային 2300 քմ-ի 3 անգամ նվազման բիզնես ծրագրերով կառուցել նոր էլիտար շենք և մանկապարտեզիկ:

Մանկապարտեզի կողքը մեկ տարի առաջ ավարտվել է պարսկական էլիտար շենքի շինարարությունը և երեխաների դուրս բերում այդ ժամանակ մանկապարտեզից չի կատարվել, նրանք շարունակել են հաճախել:

Դա փաստում է, որ այսօր նոր մանկապարտեզի շենք եղածից ոչ հեռու հնարավոր է կառուցել, նորից առանց երեխաների հանման:


Արաբկիրի վարչակազմի ծնողներին ներկայացված բիզնես-ծրագրով`

  1. Վատթարանում են բակի մակերեսը
  2. Վատթարանում են շենքային մակերեսը
  3. Կտրուկ չի աճում մանկապարտեզ հնարավոր հաճախող երեխաների թույլատրելի քանակը, այն մնում է նույնը
  4. Խախտվում է նախադպրոցական կրթության մասին” օրենքի 30 հոդվածի 4-րդ կետը
  5. Խախտվում է «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» վարչակազմի լիազորությունները
  6. Այսօրվա մնակապարտեզի շենքը այդ տարածքով համապատասխանում է 100 երեխայի նորմաներին և հաճախում է 100 երեխա: Որևէ նվազում թե բակի, թե շենքի կխախտի այդ նորմաները: (ՀՀ առողջապահության նախարարի թիվ 857 հրաման,2002 թ.)
  7. Իրականացվում է բիզնես-ծրագիր այլ ոչ թե նորոգում:

Այսօր ծնողները դիմել են արդեն 4 լրատվական միջոցներին: Բազմաթիվ նամակներ են գրել տարբեր ղեկավար օղակներին: Ֆեյսբուքյան շահագրգիռ խմբեր են արդեն ներգրավվում մեր պայքարին:

Ծնողները իրոք տրամադրված են հավասարակշիռ և ապագային միտված լուծման, այլ ոչ թե ակնթարթային բիզնես ծրագրերի իրագործմանը:

September 17, 2011

Թիվ 26 մանկապարտեզի տարածքի հաշվին բիզնես ծրագիր է պատրաստվում:


Երեկ թիվ 26 մանկապարտեզի ծնողներին հրավիրել էին Արաբկիրի վարչակազմի ղեկավարի հետ հանդիպման:
Նա մեզ տեղեկացրեց, որ մեկ ամսից մեր երեխաներին պետք է բաշխեն տարբեր մանկապարտեզներով, իսկ հին մանկապարտեզը քանդեն: Նա ներկայացրեց, որ բիզնես ծրագիր է նախապատրաստում, որի համաձայն ներդնողը 220 մլն դրամ պետք է ներդնի 1 տարում նոր մանկապարտեզի շենք` 600 ք.մ, 120 երեխայի համար (ներկայիս 1800 ք.մ շենքային տարածքի փոխարեն, 100 երեխա է այսօր հաճախում այդտեղ): 

Դրա դիմաց կառուցողին պետք է օտարվի ներկայիս մանկապարտեզի հողի 2400 ք.մ-ից 1200-ը, որի վրա կկառուցվի էլիտար բարձրահարկ շենք:
Դա ուղղակի "ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" օրենքի խախտում է:
Նրա 30 հոդվածում գրված է "4. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:"

Երևանի 2011 թվականի բյուջեում http://www.yerevan.am/edfiles/files/Avagani%2023.12.10/Byuje.pdf բյուջեով "Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և  վերանորոգում" հոդվածում հատկացված է 1,731,616,700 դրամ:
Եթե 220 մլն-ով կարելի կառուցել նոր մանկապարտեզ, ապա ինչու ամեն տարի Երևանում 8 նոր մանկապարտեզ չի կառուցվում պետական գումարներով եթե նրանք հատկացվում են? Ինչու պետք է երեխաների խաղահրապարակի վաճառքի հաշվին կառուցվի նոր երեք անգամ փոքր մանկապարտեզ ավելի փոքր բակով?
Եթե կարելի է կանխեք այդ ծրագրի իրականացումը:
Մեր 20 տարվա անկախ Հայաստանում չի կարելի վաճառել կրթական համալիրի այդպես դժվարությամբ մինչ այսօր պահպանված տարածքները: Մուշեղյանի խոսքով, ինքը այսօր ուզում է կառուցել նոր մանկապարտեզներ, սակայն տարածք չի գտնում, իսկ երեխաների հոսքը այս տարվա ապրիլի համեմատ Արաբկիրում 2500 հոգուց դառել է 4000:
Եթե տարածք վարչակազմի ղեկավարը չի գտնում նոր մանկապարտեզի համար, երեխաների հոսքը ավելացել է, ինչու ենք մենք երեխաների-մեր ապագայի եղած մանկապարտեզի տարածքը վաճառում բիզնեսմենին?
Խնդրում եմ Ձեր միջամտությունը:

Օրենքը պետք է գործի: