December 11, 2019

Գիւղական տպաւորութիւններ, Մաս 3

Հարգելի ընթերցող, մեծ սիրով Ձեզ եմ ներկայացնում մեր դրախտավայր Հյուսիսային Արցախի վերաբերյալ 130 տարի առաջ Մշակ թերթում տպագրված հոդվածաշարի երրորդ մասը։
Այս հղումներով  կարող եք կարդալ առաջին և երկրորդ մասերը։



Գիւղական տպաւորութիւններ
Մշակ, N77, 12 յուլիսի, 1890 թ, Թիֆլիս

Գտնվելով Գետաշէնից 3-4 վերստ հեռաւորութեան վրա, Վարդավառից մի օր առաջ գնացինք Գետաշէն՝ յատկապէս այդ ժողովրդական տօնին ներկայ լինելու։ Գիւլիւմ լսելու գալիս են Գանձակից և շրջակայ գիւղերից շատերը։ 


Կարապները Գետաշենի Ալհարակ լճում

      Վարդավառի նախընթաց օրն է,  երեկոյեան ժամի 9։ Գետաշէնի փողոցները անցուդարձ անողներով կամաց կամաց լցվում են։ Նրանք բոլորն էլ սպասում են գիւլիւմ ասողներին։ Մի ամբողջ ժամ սպասելուց յետ ժողովրդի այդ ահագին բազմութիւնն ուղեւորվում է դեպի գիւլիւմ երգելու տեղը։ Գնում ենք և մենք։ Այդտեղ էլ մի կէս ժամ սպասելուց յետ փոխանակ գիւլիւմ լսելու, լսում ենք - ի՞նչ եք կարծում - հայհոյանք։ Հայհոյողը մի ծեր մարդ էր։ “Յամութ չի՞ ձեզ համար”, գոռում էր նա, “էս գշերի կէսին եկել էք մեր աղջկերանց թըմաշայ անելու՞…. Մեր աղջըկերքը հի՞նչ են ….”: 
Ոչ մի խօսքով չը կարողացան համոզել զայրացած ծերունուն։ Ստիպված՝ այստեղից պիտի հեռանայինք։ 
Գետաշենցի տան տիկինը պատրաստում է թոնիրը հաց թխելու

       Ասեցին թէ գիւղի միւս ծայրումն է լինելու, շտապով գնացինք ցոյց տուած տեղը, ուր արդէն բաւական ժողովուրդ կար հաւաքված։ Նա մի շրջան բոլորած սպասում էր։ Այդ շրջանի մի ծայրում նստած էին մի խումբ աղջիկներ, այս խմբի դիմացը՝ շրջանի միւս ծայրին մի խումբ երիտասարդներ։ Աղջկերանց խումբը կառավարող, նրանց թելադրողը մի կին էր, տղամարդկանց խումբը - մի հասակն առած տղամարդ։ Այդ կառավարիչները գիւղի մէջ յայտնի գիւլիւմ ասողներիցն են։ Ճրագները հանգցրած են, շուրջներս խաւար է տիրում։ Ուշադրութիւններս լարած՝ լուռ սպասում ենք։ 

Գետաշենցի հայ մանուկը
Տղամարդկանց խումբը կամաց սկսում է․

Գեանջու հըղեն (ուղի, ճանապարհ) փոշ անենք, ջան, գիւլիւմ ջան, ջան
Քու ոտներդ քօշ (կօշիկ)  անենք, ջան, գիւլիւմ ջան, ջան,
Մին տարի ա տեսել չենք,
Եկէք յախշի (թուրքերեն բառ․ լաւ) խօշ անենք։

       Աղջկերանց խումբը, քաշվելով, ամաչելով, քիչ դողդոջուն ձայնով առաջին խմբին պատասխանում է․

Ալիր մաղենք, թեփ անենք, ջան, գիւլիւմ ջան, ջան,
Մեր չուանին կեափ (փայտեայ փոքրիկ կեռ) անենք, ջան, գիւլիւմ ջան, ջան,
Էգուց քինանք տանձուտը,
Ճենջեղ ածենք, քէֆ անենք։

Այս երկու տունը, այսպէս ասած, դեռ նախաբանն է։ Երկու խումբն էլ, մանաւանդ աղջկերանց, սկզբում անվստահ կերպով են երգում, բայց գնալով ոգևորվում, տաքանում են։ Ժողովուրդն էլ նրանց հետ միասին ոգևորվում, խնդում, ուրախանում, քրքջում, ծիծաղում է։ Գիւլիւմների մէջ աղջիկները և երիտասարդ տղամարդիկ միմեանց գովում, վիրաւորում են, փոխադարձաբար միմեանց (մի խումբը միւս խմբին) սէր, գգուանք կամ արհամարհանք են արտայայտում։ Երկու խումբն էլ միմեանց գովում, բարձրացնում, տանում երկնքիցը կախում, կամ կամաց կամաց միմեանց վատաբանում, պարսաւում, ստորացնում, ցեխի հետ հաւասարեցնում։ Այստեղ դնում ենք մի կտոր ևս։


Տղամարդիկ, խմբով՝
Նստած, դիզած խոտ օնիմ, ջան, գիւլիւմ ջան, ջան,
Քու մէջումդ փոթ (փոթ կամ փութ - պակասություն, բիծ) օնիմ,
Մին ըռհանի փոնջ պիտիր,
Քըթիս տինեմ, հոտ օնիմ։

Աղջկերք, խմբով՝
Ստեղով տիւ անուխ ես,
Ջըրաւոր Բըլանուխ (Գետաշէնի մօտերքում գտնվող փորքիկ գետակի անունն է) ես։
Ես գիտամ թա մին զատ չես,
Հոտ օնելի նանուխ (անանուխ) ես։


Տղամարդիկ, խմբով՝
Գլխանդ երի սարն եմ,
Ունքերս իրար կը խառնեմ,
Կուռս վըզաւդ կը բերեմ,
Ծուցիդ մեխակը կառնեմ։

Աղջկերք, խմբով՝
Լեօրը թռաւ էն արտան,
Կըտրել ա սրտիս փեարդան (քող) ,
Աչըղ չի, աչըղ տեառայ
Բէդասլ (չար, անպէտք) եարին դարդեան։

Տղամարդիկ, խմբով՝
Նստել ես նազանի պէս,
Ման կիգաս գազանի պէս,
Ամեն մին ինձ տեսնալով,
Վեր կը տաս խաղալի (թուրքերէն բառ․ չոր տերև) պէս։

Աղջկերք, խմբով՝
Փորեն վրա սողումա,
Լեաւ ջիւրն էլ հողումա։
Որ ձեր ձէնը լըսում եմ
Իմ ոտներս դեօղումա։

Այսպէս երկար շարունակվում է, անցնում է մի ժամ, երկու, դեռ երգում են։ Օդը գնալով հովանում է։ Բայց մենք տեղներիցս չենք շարժվում, մինչև որ գիւղի գզիրը “դե, բօ՜լ է բօ՜լ, վէ կացէք, ձեր տները քինացէք” չէ ասում։ Երգողները լռում են։ Վեր ենք կենում, բայց ակամայ։ Խարխափելով գնում ենք տուն։ 
       Բայց, ինչպէս միւս օրն իմացանք, նրանք մէկ էլ նորից հաւաքվել, շարունակել են մի քանի ժամ ևս։ Գիւղացի աղջիկները քաղաքացիներից քաշվում, ամաչում են, նրանց ներկայութեամբ ազատ, համարձակ չեն կարողանում երգել։ Գզիրը մեզ դիտմամբ խաբեց, ճանապարհ դրաւ, որ իրանք “տնատունի”, ընտանեբար նորից նստեն ու երգեն։

Միւս օրը Վարդավառ էր։ Ժամի 10-ից սկսած զուրնան “Տանձուտում” ածում էր։ Մի մեծ ծառի ճիւղերից կախել էին երկու հաստ չուաններ, դրանք էին “ճենջեղները”։ Այդ “ճենջեղները” սովորաբար կախ են տալիս ¾ - 1 արշին գետնից բարձր։ Մարդիկ բարձրանում են այդ ծայրերը միմեանց հետ կապած չուանի, “ճենջեղի” վրա, կանգնում, չուանից բռնում, ոտների և ամբողջ մարմնի կուճ-ձիգ անելով տարուբերվում։ Գնալով այդ տարուբերվելն արագանում, սաստկանում է, այնպէս որ ճենջեղի վրա տարուբերվողը, կամ, ինչպէս ժողովուրդն է ասում, “ճենջեղ ածողը” ծառի (որից կախած է ճենջեղը) բարձր ճիւղերին է դիպչում։ Երկու ճենջեղներից մէկը մարդկանց համար է, միւսը - կանանց։ Զուրնան սկսում է։ Գիւղացիք՝ ծիծաղելով, քրքջալով, “ճենջեղ են ածում, քէֆ անում”։


Գետաշենցի ընտանիքը իրենց տան առաջ

Լինել Գետաշէն գիւղում և չը գնալ գիւղից 8-9 վերստ հեռաւորութեան վրա գտնվող “Գեօգ գեօլ” (Կանաչ լիճ՝  խմբ. նշանակում է կապույտ) անուանեալ լճակը, դա մի յանցանք է։ …. 


Կապույտ կամ Ալհարակ լիճը։ Թուրքերեն Գեոգ գյոլ։

       Այնքան գեղեցիկ է նա։ Երևակայեցէք, մի փոքրիկ և սիրուն, երկար ու նեղ լեռնային լճակ, որի երկարութեամբ աջ ու ձախ ձգվում են անտառախիտ, գեղեցիկ սարեր։ Լճակի վերևի, հարաւ-արևմտեան մասում նոյնպէս անտառ։ Այստեղից՝ խայտալով, կարկաչելով գալիս թափվում է լճակի մէջ մի փոքրիկ գետակ։ 
       
       Լճակի հարաւային եզրից քիչ դէն իր հարթ և լերկ գագաթը վեհ կերպով ցցած կանգնած է Քեափեազ լեառը։ Ջուրը պարզ, վճիտ, համով և մաքուր, իսկ հեռուից լճակի գոյնը կանաչ, կանաչ խոտից էլ կանաչ, իզուր չեն ասում Գեոգ-գեոլ - Կանաչ լիճ։ (տեքստում սխալ է մեկնաբանված, Գեոգ Գյոլ նշանակում է կապույտ, ոչ թե կանաչ։ Կանաչ լիճը Մարալ գյոլն է կամ Մարալի լիճը)


Քեափաս-Ալհարակ լեռը Մարալ կամ Կանաչ լճից

Յուլիսի 29-ին էր, երբ մենք վաղ առաւօտը ձիով ճանապարհ ընկանք դէպի Կանաչ լճակը։
Շրջակայ գիւղերի բնակիչներն այս լճակին “ծով” անունն են տալիս։ Գետաշէնի ծերերից մէկը լճակի կազմվելու մասին հետևեալ աւանդութիւնը պատմեց։ Առաջ, շատ առաջ Քեափազ սարը շատ բարձր է եղել, Մռաւ սարիցն էլ բարձր։ Դրա առաջն ընկած է լինում մի խոր ձոր, որի միջով հոսելիս է լինում մի մեծ գետ։ Մէկ օր երկրաշարժ է պատահում, Քեափազ սարը փլում է, քարերը, հողը թափում ձորի մէջ ածում, գետի առաջը կտրում։ Գետը լցնում է ձորը և այդպիսով այդ ձորը դառնում է ծով։ 


Քեփազ-Կեպաս-Ալհարակ լեռը 

        Այս աւանդութիւնը շատ մօտ է Կիրակոս Գանձակեցու պատմածին, գուցէ հէնց այդ պատմագրի պատմածից կազմված լինի վերոյիշեալ աւանդութիւնը։

Ի շձը (1139 թ.) թուականին, - պատմում է Կիրակոս Գանձակեցին, - եղաւ շարժ սաստիկ և կործանեցաւ քաղաքն Գանձակ, և տապալեցան շինուածք՝ որ ի նմա, ի վերայ բնակչաց իւրոց …. Փլաւ և լեառն Ալհարակ ի շարժմանէն և արգել զձորակն, որ անցանէր ընդ մէջ նորա և եղաւ ծովակ, որ է մինչև ցայսօր, լինին ի նմա ձկուն ազնիւք”։        Լճակի արևելեան կողմում և նրա շարունակութիւնը կազմող ձորի մէջ խառնիխուռն թափված ահագին քարերը, հէնց նոյն իսկ Քեափազ սարի թէ դիտմամբ հարթած գագաթը, նրա լանջերը ստուգում են, որ այդ լիճն առաջ է եկել սաստիկ երկրաշարժից։ 

    Լճից դուրս է գալիս կարմրախայտ։ Ձուկը որսում են կարթով, ուռկանով ձուկ որսալ այստեղ անհնարին է, լճի տակը, ձկնորսների ասելով, քարքարոտ է և խճով ծածկված։ Լճակի խորութիւնը 40 սաժէն է։ 
Գետաշենի անտառները Ալհարակ լեռան փեշերին

      Վերադարձին, երբ Գետաշէնին հասուէ հաս էինք, ներկայ եղանք մի տխուր տեսարանի։ Գետաշէնում, ինչպէս և շատ ուրիշ գիւղերում, այդ տարին տաւարի հիւանդութիւն կար, կոտորվածքը սաստիկ էր։ Երկու սատակած եզներ սայլերի վրա բարձած տանում էին գիւղից դուրս՝ մաշկելու։ Այդ սայլերը քշող գիւղացիք գնում էին տխուր, գլխակոր։ Իսկ սայլերի ետևից գնում էր մի կին՝ նոյնպէս գլխակոր և տրտում։ Արտասուքի խոշոր կաթիլները թանում էին նրա երեսը։ Դրանք սատակած եզների տէրերն էին։ Գիւղացու համար եզան, առհասարակ տաւարի հիւանդութիւնը, մահը մեծ կորուստ է։


“Եզը ջան, եղբա՜յր, դու իմ աջ կուռն ես,
Իմ թև ու թիկունք, դու իմ տան դուռն ես”։
Ասում է Ա․Արարատեան իր “կալի երգում”։

Մշակ, N77, 12 յուլիսի, 1890 թ, Թիֆլիս

(կը շարունակվի)


Տես նաև հոդվածի՝