December 1, 2019

Անիծվի է՜ն սհաթը


Այս խոհեմ ու ուշիմ պատանին եղեռն է տեսել։ Նա վերջինն է թողել հայրենի Ղարաչինարը և շատ բան գիտի։ Բայց քանի դեռ հոգեկան ծանր ապրումների ու ցնցումների մեջ է, բավարարվենք առաջին իրապատումով։ 

․․․ Ծննդյան վկայականը գրպանում՝ մազապուրծ հասել է Երևան։ Միակ փաստաթուղթն ու, ինչու չէ՝ ունեցվածքը։ Այնտեղ կարդում ենք Սաշա Դավթի Ավանյան, ծնված 1977 թ հուլիսի 14-ին, Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում։

․․․Շատերի պես նա էլ ուրախացել է, երբ առաջին դասագիրքն է ունեցել, առաջին դասարան է հաճախել, հայոց լեզու է սովորել, հայոց պատմություն։ Պատմություն այն մասին, թե ինչպես մեր մեծերը օրհնել են էն սհաթը, երբ ․․․ թե ինչպես ազատարար 11-րդ կարմիր բանակը․․․ թե ինչպես ժողովուրդների բարեկամությունը ․․․
Մինչդեռ, կյանքում Սաշան տեսել է ճիշտ հակառակը, թե ինչպես ․․․ «վրեմյաները» տարիներով չարախոսում ու լուտանք էին թափում հայերի գլխին, թե ինչպես աղավաղվում էր ամենայն սուրբն ու հայկականը, թե ինչպես․․․
Այժմ ու այսուհետ Սաշան պիտի պատմի, որ «լայնարձակ հայրենի երկրում, որտեղ մարդն ապրում է այսպես ազատ», ինքն ու իր համադասարանցիները նկուղներում են անցկացրել կանաչ-կարմիր մանկությունը, որ թեպետ դասերը սովորել էին, դպրոց չէին կարողացել հաճախել, իսկ թե գնացել են, միայն պատերի տակով, գաղտագողի, կուզեկուզ։ Պիտի պատմի նաև, որ խորը շրջափակման մեջ տարիներով լուր չեն ունեցել մայր հայրենիքից, աշխարհից ո՝չ հեռուստացույց, ո՝չ ռադիո, ո՝չ թերթ, ո՝չ էլ գոնե նամակ։
Դա էլ ոչինչ, չէին ընկճվի, բայց իրադրությունը կտրուկ փոխվեց։

․․․ «Ազատարար» ռուսական բանակը՝ մինչև ատամները զինված, տանկերով, զրահամեքենաներով մտավ Ղարաչինար, տակնուվրա արեց գյուղն ու կեղծ փրկարարի կեցվածքով ռուս զինվորներն սկսեցին մարդկանց զգուշացնել՝ թե՜ փախե՜ք, օմոնն է գալիս։ Ծնողների ու հարազատների մի խմբի հետ էլ Սաշան նստեց մեքենա, բայց դեռ մի քանի մետր չէին հեռացել, երբ ․․․

Եվ քանի որ արհավիրքից խուսափող մայր թռչունի պես ծնողները փակել էին փոքրամարմին տղային, նա միայն քիչ անց, երբ կրակահերթերը լռեցին, հասկացավ կատարվածը։ Զոհվել էին բոլորը։ Մի կերպ դուրս սողաց մեքենայից ու հասավ մոտակա խրամատը։ Չէր կարող հեռանալ՝ ընդամենը մի քանի քայլ հեռու իր ծնողներն էին, ինքը՝ ներկված նրանց արյունով։

Իսկ անազգ ու անհայրենիք ռուս զինվորները, տանկի վրա կանգնած, գյուղի նորահաս կեռասն էին խփշտում ու թվում է, իմիջիայլոց, կրկին ու կրկին ավտոմատային կրակահերթեր տեղում զոհված մարդկանց վրա։
Ատամները սեղմած հեռացավ դեպի փրկարար անտառը։ Եթե ձեռքին գոնե մի ավտոմատ լիներ։ Նկատեցին, հետևից կրակահերթեր տեղացին, մի կերպ փրկվեց, մեծ դժվարությամբ, օրեր անց հասավ Երևան։

Վալտեր Այդինյան։
Լուսանկարը Միքայել Քոչարյանի։
«Կանչ»  Հայաստանի մանկապատանեկան պարբերական, 1992 թ, հուլիսի 1, թիվ 26։

Կարդացեք նաև Մարատ Ղուլյանի հոդվածը այս դեպքի մասին։