Արդեն երկրորդ ամիսն է, ինչ բոլոր կոմունալ վճարների վճարումից հետո, այնուամենայնիվ Երևանի ջրի վարձավճարի մուծման պարտքերը MyAmeria ծրագրում չեն զերոյանում։
Երկու ամիս շարունակ, զանգելով, իրենց մոտ խնդիր գրելով, մեկ ամիս սպասելուց հետո, առանձին հոդվածով նկարագրել էի իրավիճակը իմ բլոգում (հղում)
Այս ամիս նույն խնդիրը կրկնվում է։
Ինչու՞։
Որովհետև զանգերի կենտրոնի կողմից հաճախորդի հայտնած խնդիրը ծրագրային փոփոխության չի բերում։
Ինչու՞ կարող է այդպես լինել։ Կարող են լինել հետևյալ դեպքերը․
1․ Խնդիրը չի հասկացվել զանգերի կենտրոնի կողմից, որպեսզի ձևակերպվի ծրագրավորողների համար։
Բայց ես իմ անցյալ հոդվածով նկարագրել էի խնդիրը (հղում), որ ծրագրավորողները տեսնեին։ Դրանից ավել ես ոչնչով նրանց չեմ կարող օգնել։
2․ Հնարավոր է դեպք, որ ծրագրավորողները ստացել են խնդիրը, բայց չեն հասցրել լուծել։ Այդ դեպքում զանգերի կենտրոնը պետք է ասեր, դեռ ընթացքի մեջ է, սպասեք, հարգելի հաճախորդ։
Բայց զանգերի կենտրոնը դա չի ասում։ Սա արդեն զանգերի կենտրոնի պրոբլեմն է։
3․ Ծրագրավորողները հնարավոր է ստացել են խնդիրը, բայց չեն հասկացել ինչումն է այն կայանում։ Դա արդեն իմ, որպես հաճախորդի խնդիրը չէ, այլ նորից բանկի։
Ես հակված եմ մտածել, որ այս պահին բանկում առկա է այս 3-րդ տարբերակը։
Հ․Գ․ Զանգերի կենտրոնի աշխատակիցը նորից ինձ փորձում էր այսօր համոզել, որ իրենք վճարը ուղարկում են Վեոլիա ջուր, բայց թարմացված պարտք հետ չեն ստանում։ Իսկ իմ հարցին, թե եթե դուք պետք է պարտք ստանաք վճարելուց հետո, ապա ինչու՞ եք ֆայլի տեսքով ամսական պարտքերը ստանում ու ներմուծում համակարգ, մնում է անպատասխան։
Որովհետև այստեղ անտրամաբանական ողջ վիճակը ի հայտ է գալիս։