December 27, 2024

Մարդը ռեսուրս չէ։ Ի՞նչ է նշանակում HR:

Հայաստանում վերջերս տարածում է գտել HR - Human Recources կամ ՄՌ - Մարդկային ռեսուրսներ զարհուրելի բառակապակցությունը։

Մտածեք մի պահ։ Մարդը որպես ռեսուրս, որպես ծախսվող ինչ-որ առարկա, ծախսվող նյութ։

Ի՞նչ է ռեսուրսը։


Ըստ Աղայանի 1976 թ․, Արդի հայերենի բացատրական բառարանի, այդ բառն ունի հետևյալ նշանակությունը․
Ռեսուրս - 1․ Միջոց, հնարավորություն։ 2․ Որևէ բանի պաշար։ 3․Նյութական միջոցներ։
Ավելի շատ նյութական արժեքների և միջոցների մասին է խոսքը գնում և երբեք ոչ Մարդու։

Ըստ Աճառյանի 1980 թ․, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի․
Ռեսուրս - 1․ Միջոց, հնարավորություն։ 2․ Նյութական միջոցներ։ 3․ Որևէ բանի պաշար։
Նույնպես խոսք չկա մարդու մասին։ Նյութական պաշարների մասին է նորից խոսքը։

Ըստ Մալխասեանցի, 1945 թ․, Հայերէն բացատրական բառարանի․
Ռեսուրս - Միջոցների աղբիւր, Պահեստ։
Այստեղ ևս մարդը բացակայում է։

Օժեգովի 1992 թ․ ռուսերեն բացատրական բառարանում․
РЕСУРС1. мн. Запасы, источники чего-н. Природные ресурсы.Экономические ресурсы. Трудовые ресурсы (часть населения страны, к-рая способна работать, участвовать в процессе производства). 2. Средство, к к-рому обращаются в необходимом случае (книжн.). Испробовать последний ресурс.

Անգամ ռուսական բառարանում խոսքը գնում է աշխատանքային ռեսուրսի մասին, ուղղակիորեն մարդուն չի վերագրվում։

Բայց ինչու՞ Հայաստանում տարածվեց այդ զարհուրելի ռեսուրս բառը։

Արդյունաբերական դարաշրջանում մարդիկ սկսեցին դիտարկվել որպես արտադրության առանցքային գործոն՝ բնական ռեսուրսների հետ մեկտեղ:

ԽՍՀՄ-ում մինչև 1980-ական թվականները հիմնականում օգտագործվում էր «աշխատանքային ռեսուրսներ» տերմինը, որն ընդգրկում էր աշխատանքի համար պիտանի բնակչության կատեգորիան։ Ուշ խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանում փոխարինվեց «մարդկային ռեսուրսներ» տերմինով, որը կապված է արևմտյան կառավարման տերմինաբանության փոխառության հետ (HR - Human Resources):

Մինչև վերջերս այս մասնագիտությունը կոչվում էր Կադրերի բաժին։
Այնտեղ լրացնում էին աշխատանքային գրքույկները, աշխատանքային կադրային թերթիկները, տաբելային տեղեկագրերը, կազմում էին ընդունման, ազատման, արձակուրդի հրամանները։

Մեծ կազմակերպություններում այս գործառույթները բաժանված էին, գոյություն ուներ նաև առանձին՝ Աշխատանքի և աշխատավարձի հաշվարկի բաժին։ Որտեղ զուտ հաշվարկներն էին կատարում։ Իսկ անձնական տվյալների հետևելու պատասխանատուն Կադրերի բաժինն էր։

Ավելի փոքր կազմակերպություններում
դրանք համատեղված էին մեկ ստորաբաժանման մեջ։

Վերջին շրջանում, արդեն ակտիվորեն կիրառվում է Մարդկային կապիտալ հասկացությունը, որն ընդգծում է աշխատակիցների գիտելիքների, հմտությունների և փորձի արժեքը:
Օգտագործվում է նաև Անձնակազմի ղեկավարում ընդունելի տարբերակը։
Ճապոնիայից ծագել է նաև հիանալի լուծում՝ Տաղանդների ղեկավարում։
Սկանդինավյան երկներում կիրառում են Մարդկային ներուժի զարգացում գաղափարը։

Ինչու՞ են մեր HR-ները այսքան նորմալ տարբերակներից ընտրել վատագույնը։

Ես, երբեք ինձ որպես ռեսուրս չեմ համարել։

Իսկ Դուք ռեսու՞րս եք։