May 7, 2014

Տեխզննում, գույքահարկ, Ապպա: Երկու լավ և երկու տհաճ նկատառում:

Մայիսին միշտ մուծումներն եմ անում ընթացիկ տարվա` գույքահարկ, ԱՊՊԱ, տեխզննում, հողի վարձակալության վճար և այլն:

Այսօր այս ամենը կատարելու համար կորցրեցի 3.5 ժամ:

Մուծումները կատարեցի Արաբկիրի թաղապետարանում, հետո բանկ, ապահովագրական ընկերություն, տեխզնման կայան:

Արաբկիրի թաղապետարանի շենքը իհարկե շատ լավ նորոգել են:
Ցավալի է, որ նույն ջանասիրությամբ պաշտոնյաները չեն նորոգում մանկապարտեզները: Օրինակ թիվ 26-ը, որը մենք ծնողները փրկեցինք սեփականաշնորհումից և օտարումից դեռ 2011-ին:


1-ին տհաճ նկատառումը

Հողի վարձակալության վճարը մուծելուց` թաղապետարանի այդ սենյակում աչք ծակեց ՀՀԿ-ի կուսակցական դրոշակների խուրձը:
Այն որ պետությունը և այդ կուսակցությունը սերտաճել են այլևս փաստ է: Այն որ չկա դպրոցի, մանկապարտեզի, ԲՈՒՀ-ի, թաղապետարանի ոչ կուսակցական ղեկավար բոլորը գիտեն:

Սակայն հիշեցնեմ Սահմանադրության 2-րդ հոդվածը, որտեղ միակ տեղն է, ուր նշվում է հանցագործության փաստը`
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Թաղապետարանը դա պետական հիմնարկ է և ոչ կուսակցական: ՀՀԿ-ի դրոշներ այնտեղ չեն կարող լինել` Հայաստանի դրոշից բացի:

2-րդ տհաճ դիտարկումը

Առաջին հարկում մեքենայի գույքահարկը մուծելուց ստացա զրոյական քաղվածք, որպեսզի գնամ բանկում տեխզզնման կտրոնը վերցնեմ:
Տեխզննման կտրոնը ունի երկու մաս` մեկը կպցնում եք մեքենայի դիմապակու վրա, մյուսը ներկայացնում եք տեխզնման կայանում, որպեսզի մուծումների դիմաց մեքենան զննեն:

Դուք բանկում մուծում եք տեխզնման ծառայության համար, որպեսզի կայանում մեքենան այդ կտրոնով զննեք, որից հետո կտրոնը տեխզնման կայանում կնքվում է:

Ուրեմն Արաբկիրի թաղապետարանի 114 սենյակի վրա գրված էր "Տեխզնման խորհրդատվություն":

Ես էլ մտա, որ խորհուրդ հարցնեմ:
Ինձանից առաջ կանգնածները փող էին տալիս այդ խորհրդատուին, նա էլ ասում էր ժամը 5-ին կգաք կնքած կտրոնը ստանաք: Ես հասկացա ինչ է կատարվում և հրաժարվեցի նրա Չծառայությունից:
Գնացի և զննեցի մեքենան, այլապես բա ինչի համար ենք մուծում?

Այդ մարդը արդեն կնքած տեխզնման կտրոնները տալիս է մարդկանց առանց ծառայություն մատուցելու: Թաղապետարանում: Օրը ցերեկով: 

Այսինքն այս գործընթացը ձևական բնույթ է կրում:

3-րդ լավ դիտարկում`

2012 թվականից գործում է ԱՊՊԱ-ի Բոնուս-Մալուս համակարգը, որ ամեն անվթար տարվա համար 3% ԱՊՊԱ պայմանագրի գինը նվազեցնում է: Մաքսիմալ մինչև 50% կարող է այն իջնել:
Իսկ վթարի ժամանակ մեղավոր լինելու դեպքում այն կարող է աճել մինչև 100%:

ԱՊՊԱ գործակալների միջոցով կնքված պայմանագրերը շրջանցում են այդ արտոնությունը և դուք տուժում եք: Օրինակ անցյալ տարի ես կորցրեցի այդ 3%-ը: Բայց այս տարի ապահովագրականի գլխամասում արդեն 6% զեղչ ունեի:

4-րդ լավ դիտարկում`

ԱՊՊԱ կտրոն այլևս պետք չէ դիմապակուն կպցնել: Այն այլևս չի էլ տրվում:


April 27, 2014

Շիրազ

Այսօր նա դառնում է 100 տարեկան:



Շիրազի մասին առաջին անգամ լսել եմ 2-րդ դասարանում, երբ մեր լիբանանահայ հարևանները Ֆրանսիայից թաքուն բերել էին մագնիտոֆոնի 90 րոպեանոց կասետ` Հայոց դանթեականով:


Դասից շուտ գալիս և տան մի անկյունում միացնում էի այդ հզոր և գաղտնի ձայնագրությունը:

"Հայոց դանթեական"-ը ասմունքող կնոջ ձայնը աշխատում էինք կամաց միացնել տանը, որ հարևանները չլսեն: Այդ թվականներին պատերն անգամ ականջ ունեին:

Քանի որ գիրքը չէի ճարում, գրի էի առել որոշ դրվագներ այդ ձայնագրությունից:

1984-ին մարտն էր: 4-րդ դասարանում էի: Գնում էի Խնկո-Ապոր գրադարան, հերթական գրքերս փոխանակելու:
Կենտրոնի զինկոմիսարիատի կողքից դեպի գրադարան աստիճաններ կային` շատ նեղ և վտանգավոր: Դանդաղ ու զգույշ իջնելուց, լսեցի մելամաղձոտ երաժշտության ձայն:

Ձայնը գալիս էր օպերայի կողմից:

Մոտեցա և տեսա, որ օպերայի բակում, մուտքի վրա Շիրազի մեծ նկարն էր կախված:
Օպերայի բակը լվացված էր և դատարկ:
Աշխատանքային սովորական օր էր սովետական Հայաստանում:
Շիրազն էր մահացել:



April 18, 2014

Մեծանում է այն կրիտիկական զանգվածը, որը մի պահ կասի. վերջ, արդեն հերիք է

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 18 Ապրիլի 2014, 10:00

Մեր զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորող Արթուր Ղազարյանը


Արթուր, այսօր  «Դեմ եմ» նախաձեռնությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ակցիա է անելու։ Մեծ հաշվով, խնդիրը հասավ նախագահին: Ստացվում է՝ հարցը միայն Սերժ Սարգսյա՞նը կարող է լուծել: Արդյոք խնդիրը, ըստ Ձեզ, չի անձնավորվում:
Զարմանալ պետք չէ, քանի որ Սերժ Սարգսյանն ինքն է ստորագրել այդ պարտադիր կուտակային օրենքը: Նա էր մեկ ամիս առաջ ԵԿՄ համագումարում հայտարարել, որ նույնիսկ եթե մարդկանց 80 տոկոսը դեմ էլ լինի` միևնույն է, անցկացնելու են օրենքը: Սերժ Սարգսյանը շատ նեղ վիճակում է հայտնվել, ի դեպ: Նա է, ըստ Սահմանադրության, հանդիսանում պետության գլուխը և հետևում Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Այսօր Սահմանադրական դատարանի որոշումից հետո նա պետք է կամ իրականացնի իր պարտականությունը, կամ հայտնվելու է ծիծաղելի վիճակում, քանի որ օրենքի հոդվածները ճանաչվել են հակասահմանադրական:
Այսինքն նախագահն իր բոլոր կառույցներով սխալ է թույլ տվել: Ինքը հիմա պետք է ուղղի այդ սխալը, իսկ հակառակ դրան, նա նոր վարչապետին հանձնարարում է ներդնել այդ չարաբաստիկ օրենքը և կյանքի կոչել: Լրիվ հակառակն է անում:
Նախաձեռնությունն անկանխատեսելի՞ է դարձել իշխանության համար:
Նախաձեռնությունը մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ անկանխատեսելի քայլեր կարող է իրականացնել: Քանի որ այնտեղ հավաքված են մտավոր աշխատանքի, փայլուն խելքի տեր մարդիկ, այլ կերպ չէր էլ կարող լինել: Կարծում եմ, այո, լինելու են անկանխատեսելի և խորը մտածված քայլեր, ինչին անպատրաստ է լինելու այսօրվա ծայրը ծայրին հասցնող ռեժիմը: Կրեատիվ մոտեցումներ անշուշտ լինելու են: Հիշեք, երբ էր կառավարության շենքից նախարար իջել ցուցարարների մոտ, բայց իջան, չէ՞:
Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք ծայրը ծայրին հասցնող, ռեժիմն ի՞նչ վիճակում է:
Ինչ վիճակում կարող է լինել մի ռեժիմ, որից արդեն ՕԵԿ-ն է հեռանում: ԲՀԿ-ն արդեն նրան հաշվի չի առնում: Դաշնակցությունը ևս չի ցանկանում նրա հետ գործ ունենալ: Վարչապետի նշանակումով Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ լուծում չունի: Նա նշանակեց վարչապետի պաշտոնին ուղղակի հավատարիմ տեղապահ: Ընդամենը: Կարծում եմ նրան չհերիքեց այդ 10 օրը: ՀՀԿ-ն, կարծում եմ, պետք է ինքնալուծարվի, որպես սահմանադրական կարգը խախտող կուսակցություն, որն ուղղակիորեն սերտաճել է պետության հետ: Սահմանադրական դատարանը կարող է դա անել: Ի վերջո, մեր Հայաստանի Հանրապետությունը չպետք է կործանվի այդ ուժի պատճառով: Նրանք մնացել են միայնակ թե ներսում, թե դրսում: Իսկ կենսաթոշակայինի շուրջ այս ջղաձգումն ուղղակի ֆինանսական ներդրումներից կտրվելու պատճառով է: Փող է պետք նրանց: Հունվարին պետք է բարձրացնեին բյուջետայինների աշխատավարձը, ձգեցին հուլիսի մեկ: Հիմա էլ հո չեն կարող նորից ձգել: Նրանց դեմ արդեն բյուջետային աշխատողները ոտքի կկանգնեն` երկու անգամ խաբելուց հետո: Հանրապետականը ԱԺ-ում այսօր ունի ընդամենը 69 ձայն` 131-ից: Վաղը արդեն կարող է ավելի քիչ ունենալ: Վիճակը փոխվում է օր օրի: Ժողովրդի և կուսակցությունների գործը պետք է լինի հնարավորինս մեղմ դուրս գալ ծագող քաոսային, անկառավարելի վիճակից: ՀՀԿ-ն հեռանում է և դառնում անցյալ:
Իսկ քաղաքացիական այս շարժումը չպե՞տք է քաղաքացիականից քաղաքականի վերածվի, ինչո՞ւ են ի վերջո խուսափում դրանից:
Շատ լավ հարց է: Ես արդեն մի քանի շաբաթ մտածում եմ այդ հարցի մասին: Իսկ պե՞տք է, որ դառնան: Իրենք մեկ հարց են դրել իրենց առջև, որը արդեն 7 ամիս հետևողականորեն լուծում են, ի դեպ համագործակցելով նաև քաղաքական կուսակցությունների հետ, համադրելով բոլոր ուժերը: Այս ընթացքում պայքարի մեջ ներգրավվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Իսկ գիտե՞ք, որ մեկ անգամ պայքարի ելած մարդն այլևս այլ տեսակի մարդ է: Նա արդեն հասարակ սպառող չի, նա գիտակից քաղաքացի է դառնում: Նա այլևս աչք փակող չէ անարդարության դեմ: Տեսեք, վերջին միտինգը մատենադարանի մոտ: Երիտասարդներն ուղղակի ասում են. «Իշխանություններ, դուք արդեն արժանի չեք այս տեսակի ժողովրդին, դուք արդեն շատ հետ եք»: Ժողովուրդը գնում է առաջ, իսկ նրանք արդեն ունակ չեն ղեկավարել: Ակնհայտ սխալներ են գործում իրար հետևից: Նրանք բոլորով պաշտպանում էին հակասահմանադրական օրենքի դրույթները: Սա մեծ հարված էր այդ բուրգին, որը սկսեց արդեն քանդվել:
Ինչո՞ւ, ի վերջո, չի լինում քաղաքացիական ինքնակազմակերպում ոչ թե կոնկրետ խնդրի, այլ ասենք երկիրը այս վիճակից դուրս բերելու ավելի լայն խնդրի ձևակերպման շուրջ: Պատասխանատվությունի՞ց են խուսափում: Չէ՞ որ մեկ խնդրի լուծումով մենք մեծ հաշվով դուրս չենք գալիս այս համակարգից:
Տարբեր շարժումներից, կամաց-կամաց, շերտերով գոյանում և ավելանում է այն կրիտիկական զանգվածը, որը մի պահ կասի. «Վերջ, արդեն հերիք է: Այլևս այսպես չենք կարող առաջ գնալ: Բավական է»: Գիտեք, պայքարի մարդիկ անվերապահորեն իրար հավատում են, մեծ հավատ և փոխօգնություն կա նրանց միջև: Իրոք, մեկ հարցով չեն լուծվում երկրի բոլոր խնդիրները: Բայց պահանջատեր, գիտակից մարդիկ դուրս կբերեն երկիրն այս կանգառից: Պայքարի խմբերի բոլոր քաղաքացիները միմյանց օգնելով, անցյալի սխալներից հետ պահելով, ապահովում են ընդհանուր դինամիկան, որը կա: Յուրաքանչյուր նոր պայքարի օջախ ընդհանուր է: Այստեղ չկա մրցակցություն, այլ կա ուժերի համատեղում, փոխլրացում և առաջընթաց: Հայաստանը հասցրել են այնպիսի արտաքին վտանգների առաջ, որ կամայական չմտածված ամեն քայլ կարող է ճակատագրական լինել: Սա բոլորը գիտակցում են և փորձում են աչալուրջ և զգույշ լինել: Ավելի լայն խնդիր է դրված: Երիտասարդներն ասում են. «Մենք ուզում ենք ապրել մեր երկրում, Մենք ենք տերը, մեր երկրի: Մենք չենք արտագաղթելու: Եվ մենք ուզում ենք ապրել»: Հասկանալի, պարզ ձևակերպում է: Ամեն հաջորդ շարժում ավելի կրեատիվ և հուժկու է, քան նախորդը: Դա նկատելի է: Քաղաքական ուժերը ևս փոխվում են այս շարժումների ընթացքում:
Ակցիայից ի՞նչ պասելիքներ ունեք: Նախորդ անգամ Տիգրան Սարգսյանն իջավ ակտիվիստերի մոտ, հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը գա:
Հասկացա. գա և հերթական անգամ ասի` Տարոն, սիրուն չի՞: Նա արդեն հետ չի կանգնի իր սկզբնապես հայտարարված և մի քանի օր վերահաստատած մտքից, չի հրաժարվի անսպառ անտոկոս ֆինանսական աղբյուրից: Բայց Սերժ Սարգսյանը պետք է գոնե հասկանա, որ դեռ մեր երկրում մարդիկ կան, որ իրենից ինչ-որ բան են սպասում: Իր նստավայրի մոտ եկողները նրան համարում են սահմանադրության երաշխավոր: Հույս են կապում դեռ նրա հետ: Իսկ այդպիսիք գնալով քչանում են: Մարդիկ ասելու են` կատարիր պատշաճ քո պարտականությունը, որը սահմանադրության մեջ քո գործն է համարվում:

Հղումը` այստեղ:

March 24, 2014

Առավոտյան ժամերգություն Վիեննայում

Հուլիսյան կիրակի օր էր: 2009 թվական:

Վիեննայի ժամանակը երկու ժամով հետ է երևանյան ժամային գոտուց, այդ պատճառով առավոտյան շատ շուտ էի արթնանում:

Այդ օրը սակայն սովորականից ավելի շուտ արթնացա: Այս անգամ եկեղեցու բարձր զանգերից:

Մեր Կոնտինենտալ հյուրանոցը ընդամենը մեկ մայթով էր բաժանվում Մարիահիլֆեր քիրշե եկեղեցուց:

Պատուհանս բաց էր: Իսկ եկեղեցու զույգ բարձր գմբեթներից հնչող զանգերի կոչը ուղղակի սենյակ էր լցվում:



Զանգերը կանչում էին առավոտյան պատարագի: 

Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում ես անպայման աշխատում եմ ներկա լինել տեղի եկեղեցիների որևէ պատարագին:

Այսօր առիթը ինքն էր եկել:
Մարիա Հիլֆեռ Քիրշե եկեղեցին
Առավոտյան փողոցները մարդաշատ չէին: Չնայած, որ Վիեննան 1.7 մլն-ոց մայրաքաղաք է, օդը շատ մաքուր է` նման մեր դիլիջանյան օդին:

Տարեց պատկառելի տղամարդիկ, կանայք, ինչպես նաև երիտասարդներ շտապում էին ժամերգության:

Եկեղեցու ներսը շքեղ էր:
Եկեղեցու ներսում

Ներսում փոքրիկ անվճար կլոր մոմերը դրված էին սեղաններին:
Ցանկացողները ինքնուրույն վերցնում և դրամը գցում էին պահոցի մեջ:

Ամեն մի նստարանի դարակում կարմիր աստվածաշունչ էր դրված:
Պատարագի յուրաքանչյուր մասնակից, բացում էր քահանայի արտասանվող մասի էջը և ձայնակցում ընդհանուր աղոթքին:

Անմիջապես մուտքի վերևում մեծ երգեհոնն էր:
Երգեհոն

Ես ներսում նստեցի վերջում` ազատ նստարանին: "Հայր մեր"-ից հետո, քահանան սկսեց կարդալ Սուրբ գրքից հատվածներ:

Ներկաները ուշադիր հետևում էին նրան, թերթելով նստարանների դարակներից հանված ավետարանները:


Հոգևորականը ընթերցում էր գերմաներեն: Որոշ աղոթքներ լատիներեն էին:

Բոլորը ժամանակ առ ժամանակ ոտքի էին կանգնում և խաչակնքվում:
Կաթոլիկները, ի տարբերություն ռուսների, մեր նման ձախից աջ են խաչակնքվում:

Դիմացիս տատիկը շրջվեց և գերմաներեն ինչ-որ բան հարցրեց ինձ:
Ես անգլերեն հարցրեցի, թե ինչ է ասում?
Նա հասկացավ, որ գերմաներեն չգիտեմ, և հարցրեց որտեղից եմ եկել?
Ասացի` I am from Armenia.

Այդ Արմենիա բառը նրան ոգևորեց: Դեմքը անմիջապես պայծառացավ, և ասաց,
"Armenia, Great Country. Christian Country"
Եվ գրկախառնվեց ինձ:
Անակընկալի եկա:

Այդ պահին առաջին անգամ ես զգացի, որ մենք հայերս միայնակ չենք այս աշխարհում: Որ մենք ՄԵԾ քրիստոնեական աշխարհի մի մասն ենք:

Ես ուրախ էի, որ մեր նախնիները հեռատեսորեն մեզ միաձուլել են համաշխարհային քաղաքակրթության կրոնին: Թեև ազգությամբ տարբեր ենք, սակայն եվրոպացիների հետ մենք էլ ընդհանուր կապող օղակ ունենք:





Հայաստանյան մեկուսացված և փակուղային իրականությունից հետո այդ զգացմունքը հիանալի էր: 

Այն էլ Հայաստանից այդքան հեռու, սակայն այդքան մտերիմ Ավստրիայում:

March 23, 2014

Կոմիտասի շուկան դանդաղ վերանում է

Կոմիտասի շուկան շատ եմ սիրում:

Երեք-չորս տարեկան հասակում` պապիկիս հետ հաճախ էինք գնում այնտեղ:
Կոմիտասի շուկան ներսից

Շուկայի ներսում ընդամենը մի քանի վաճառողներ են
Իր ամենօրյա գնումներից զատ անպայման ինձ համար գնում էր նաև ադի-բուդի:
Ադի-բուդին վաճառում էին անմիջապես շուկայի մուտքի մոտ` ահռելի մեծ մեշոկներից:
Կես կիլոգրամանոց ապակե բանկաներով ադի-բուդին լցնում էին թերթից պատրաստած կուլյոկների մեջ:



Այն ժամանակ ցելոֆանե տոպրակներ չկային, և մարդիկ իրենց գնումները դնում էին այսպիսի ցանցառոտ պարանից պայուսակների  (авоська) մեջ:



Շուկան միշտ մարդաշատ էր և ինձ համար կարևոր էր, որ այդքան մարդու մեջ չկորեի:

Ընդհանուր աղմուկի մեջ լսվում էր ռադիոյի ձայնը:
Շուկայում բարձրախոս կար կախված պատուհանների մոտ, որտեղից ինձ համար անհասկանալի հայտարարություններ էին անում:
Բարձրախոսը այսօր էլ կա: Կենտրոնի պատուհանի տակ է այն

Երկրորդ հարկում վաճառում էին կարտոֆիլ և այլ բանջարեղեն:
Այսօր այդտեղ ևս դատարկություն է
Շուկայի մյուս թևում վերևը կաթնամթերքի բաժինն էր: Պանրի և գյուղական կաթի հոտը մինչ օրս տպավորվել է:
Կաթնամթերքի բաժին

Վերջում գտնվում էր մսի բաժինը, որտեղից թարմ միս, բաստուրմա և խաշի պարագաներ կարելի էր գնել: Ի դեպ մինչև 6 տարեկան ես հաստատակամ էի մսավաճառ դառնալ: Որ հարցնում էին ինչ եմ դառնալու, անվրեպ պատասխանում էի` "Մսավաճառ":
Մսի բաժինը շուկայի վերջնամասում էր

Այստեղ էին վաճառում միսը


Այսօր պատկերը այլ է:
Կոմիտասի շուկան դանդաղ, բայց վերանում է:

Բացօթյա մասում նույնպես աշխուժություն չկա: Գնորդները և վաճառողները շատ հազվադեպ են:

Բացօթյա տաղավարներում վաճառողները մի քանիսն են

Ամբողջ շուկայում սոխը մի տեղ են վաճառում



Կոմիտասի շուկա

Ցավալի կլինի, եթե Կոմիտասի շուկան ևս արժանանա Փակ շուկայի ճակատագրին:

Ինչպես անել, որ վաճառողներ և գնորդներ լինեն?

Որ շուկան գործի: Որ հողը մշակեն և նրա բարիքը վաճառեն այստեղ:

Այսօր սրանք դեռ անլուծելի հարցեր են մեր իրականության մեջ:

March 21, 2014

Երևանի ջրհեղեղը 1946 թ. մայիսի 25-ին

Երևի քչերին է հայտնի, թե ինչ է տեղի ունեցել 1946 թվականի մայիսի 25-ին Երևանում:

Առաջին անգամ այս պատմությունը լսել եմ տատիկիս պատմածներից: Նրանք ապրում էին այսօրվա Կամերային տան այգու "Միասնության խաչ" արձանի հետին մասում:
Տատիկս պատմում էր, որ ամբողջ տունը ջուր էր, ոչ մի բան չէր մնացել տան ներսում: Իսկ որպես հետևանք այդ ջրհեղեղի մատնանշում էր քարերը, որոնք Գետառն էր քշել բերել այդ օրը:
Ահա այդ քարերը, որոնք այսօր էլ այդտեղ են`

1946 թվականի Գետառի ջրհեղեղի բերած քարերը այսօր էլ այգում են
1946 թվականի մայիսի 25-ին ժամը 20.30-ին Երևանի կենտրոնը անսպասելի հեղեղվել էր Գետառի ջրերով: Սա իսկական ջրհեղեղ էր:

Նախորդ օրը գիշերը անընդհատ տեղացել էր անձրև: 25-ի ցերեկը անձրևը ավելի թույլ էր, սակայն երեկոյան կողմ այն նորից հորդառատ էր դարձել:

Ջրի հեղեղը առաջին իսկ 2 րոպեյում հասել է կրիտիկականի և պահպանվել այդպես մինչև 22.30: Մոտ երկու ժամ ջրի հոսքը չի թուլացել:

Շատերի հողաշեն տները ուղղակի քշվել էին ջրի ուժգին հոսանքից: Ջուրը իր ճանապարհին հանդիպող շենքերի մուտքերով և առաջին հարկերի պատուհաններով լցվում և դուրս էր հորդում հակառակ կողմից կամ վերևի հարկի պատուհաններից, դուրս հանելով ամբողջ գույքն ու իրերը:

Քշված կամուջների երկաթները և տրամվայների ծռմռված ռելսերը խցանվում էին շենքերի մուտքերում և նկուղներում:

Մեծ ավերածությունների են ենթարկվել Երևանի կենդանաբանական այգին և Անատոմիկի շենքի նկուղները: Ջուրը քշել տարել էր կենդանիներին և մահացածների մարմինները:

Քշված քարերի տրամագիծը հասնում էր 1-1.5 մետրի:
Ասֆալտե ծածկը լրիվ քշվել և մաքրվել էր:

Միայն 22.30-ից այն սկսել է թուլանալ, և նոր 24.00-ին գետը վերադարձել է իր սովորական հունը:

Քաղաքի բակերը և փողոցները ծածկվել էին տիղմով և մեծ ու փոքր քարերով:

Քշված նյութերի ծավալը հասել է մոտ 500.000 խ.մ, որը կազմել է ջրի հոսքի 28%-ը: Փաստորեն 1 խ.մ ջուրը քշել է մոտ 380 կգ նյութ:

Ջրհեղեղի պատճառը նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղացող անընդհատ անձրևներն էին, որոնք նվազեցրել էին հողի ջրի կլանման գործակիցը:

Հետպատերազմյան սոսկալի իրավիճակում բնակիչները ապավինում էին միայն սեփական ուժերին:
Քաղաքը լիովին այս ջրհեղեղի հետևանքներից մաքրվել է մոտ 2 տարվա ընթացքում: Մեծամասամբ բնակիչների ուժերով:

Գետառի պատճառով ջրհեղեղներ եղել են 1860, 1866, 1873, 1912, 1923, 1924, 1946 թթ-ին:

Այսօր արդեն Գետառի հունը լիովին փակ է: Այն խողովակով հասնում է Հրազդան գետ:

Բայց ապահովագրված է արդյոք Երևանը նոր ջրհեղեղից? 

March 13, 2014

Երևանում ՀՀ կառավարությունը դպրոց է լուծարել ինչ որ հիմնադրամին

Այսօր առավոտյան գործի ուղևորվելիս, Աճառյանի անվան դպրոցի ճակատային մասում նկատեցի կապույտ պաստառ` "ՀԱՊԿ ակադեմիա", "Академия ОДКБ".







Պաստառը նոր էր հայտնվել:

Մինչ այսօր մտածում էի, որ դպրոցը վերանորոգում են, քանի որ ԱԺ նախագահը 2013 թվականի մայիսին, անձամբ խոստացել էր նորոգել դպրոցը:
Հովիկ Աբրահամյանը դպրոցը լուծարելուց երեք ամիս առաջ խոստանում էր հոգալ դպրոցի հարցը: ԱԺ նախագահը քվեարկել է այդ դպրոցում:



Դպրոցը իրոք ուներ նորոգման անհրաժեշտություն`




Դպրոցը կառուցվել է 1936 թվականին 240 աշակերտի համար: Ճարտարապետը եղել է Մարկ Գրիգորյանը: Եղել են պահեր, երբ դպրոցի աշակերտների թիվը եղել է 700: Իսկ 2013 թվականին ուներ ընդամենը 48 աշակերտ:

Տեղեկատվական փնտրտուքս հանգեց այսպիսի արդյունքի:

1. ՀՀ կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 29 իր 917-Ա, որոշումով լուծարել է Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցը, որը ուներ 1665 ք.մ մակերես, 0.253 հա հողատարածք և շենքը գանահատվել է 8.359.000 դրամ:

Տեսեք ինչ գնով է լուծարվել եռահարկ շենքը քաղաքի սրտում: Ինչ է սա?

Կառավարության որոշումը («Երևանի Հրաչյա Աճառյանի անվան Հ. 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույք հանձնելու մասին) ունի շատ հետաքրքիր հիմնավորում`

Դպրոցը լուծարելու նախագիծը ներկայացրել է Արման Սահակյանը, որը գիտենք որ Գալուստ Սահակյանի որդին է, և հանդիսանում է պետական գույքի կառավարման վարչության պետը:


2. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր 24.08.2013թ. թիվ 01/7-49629Հ գրությամբ տեղեկացրել է, որ նշված դպրոցի աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով <<Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-իհետագա գործունեությունը գտնում է ոչ նպատակահարմար և կազմակերպությանն ամրացված  Մխիթար Հերացու փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը <<Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա>> հիմնադրամին տրամադրելու հարցում առարկություններ չունի:

Այսինքն Երևանի քաղաքապետը, քանի որ դպրոցի աշակերտների թիվը նվազել է, չի առարկել և թույլ է տվել, որ դպրոցը նվիրեն նորահայտ ակադեմիային:

Հարցեր`
- Արդյոք կրթության ու գիտության նախարարը տվել է իր համաձայնությունը որպեսզի դպրոց լուծարվի?

Քանի որ Կրթության մասին օրենքի 37-րդ հոդվածի 15.1 կետով "համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների  վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ."

- Արդյոք Երևանի ավագանին կողմ է քվեարկել դպրոց լուծարելուն, թե Տարոն Մարգարյանը ինքն է որոշել միանձնյա:

- Ինչու է դպրոցը քանդվել? Դրա մասին կառավարության որոշման մեջ չկա ոչ մի նշում:
Եթե վարձակալը իր հաշվին կատարում է ծախսեր, ապա նոր շենքը փաստորեն արդեն նրան է պատկանելու:


Փաստորեն դպրոցը լուծարելով ու քանդելով այն փաստացի օտարվել է:
Դպրոցը մինչև քանդվելը

Հրաչյա Աճառյան

Ցավալի է, որ մեր երկրում պետական չինովնիկները պարզ ընթացակարգերով կարող են լուծարել կրթօջախ այն հիմնավորմամբ, թե աշակերտների թիվը նվազել է: Եվ անգամ չեն մտածում, թե ինչի է նվազել:
Ոչ Ազգային ժողովի նախագահը, ոչ վարչապետը, ոչ քաղաքապետը, ոչ կրթության նախարարը դեմը չեն առել այս ապօրինության: