Թիվ 26 մանկապարտեզի խնդիրը ծագեց անսպասելի: Այն շատ բուռն քննարկվեց և ծնողների միջավայրում, և թաղամասի բնակիչների, և ֆեյյսբուքում, և իհարկե լրատվամիջոցներում` տպագիր և էլեկտրոնային:
Սակայն կարելի է մի քանի միջանկյալ եզրահանգումներ անել:
- Ի պատիվ Արաբկիր շրջանի վարչակազմի` Նրանք հրավիրեցին և ծնողների հետ քննարկեցին իրենց նախագիծ-ծրագիրը: Ծնողների կարծիքները լսելուց հետո, պարոն Մուշեղյանը Առավոտ թերթում հայտարարեց` "Ես որոշել էի լավ բան անել, բայց որ տեսնում եմ ժողովուրդը չի ուզում՝ ոչ մի բան էլ չեմ անելու":Իրոք շատ ողջունելի է, որ բնակիչների կարծիքները հաշվի առնվեցին շրջանի ղեկավարի կողմից:
- Ի պատիվ մանկապարտեզի տնօրենի և աշխատակիցների` Նրանք ամեն կերպ չեզոքացրեցին ծնողների անհանգստությունը և պահպանեցին մանկապարտեզի բնականոն գործունեությունը: Ծնողներին ներկայացվեց շենքի սեյսմիկ հետազոտության արձանագրության պատճեն, որտեղից երևաց որ 2003 թվականից ի վեր շենքում առկա ճաքերը զգալի չեն աճել, և շենքը մնացել է 3-րդ կարգի վթարային: Այնտեղ առաջարկվում էր շենքը կամ ամրացնել կամ նորը կառուցել:
- Ի պատիվ բարեխիղճ և պրոֆեսիոնալ լրագրողների` Նրանք արագ արձագանքում էին խնդրին և ներկայացնում այն: Սակայն եղան և շարունակվում են անհայտ ծագման հրապարակումներ, որտեղ խնդիրը անձնավորվում և քաղաքականացվում է: Այդ մոտեցումը շեղում է հիմնական խնդրից:
- Ի պատիվ քաղաքացիական խմբերի` Նրանք աջակցեցին խնդրի արդարացի լուծմանը, տարածմանը և պարզաբանմանը:
Սակայն մնում է իրական խնդիրը, որից և սկսվեցին քննարկումները:
Մանկապարտեզը իրոք վերանորոգման խնդիր ունի: Կցանկանայի որ հետագա քննարկումները դրա շուրջ վարվեին, այլ ոչ թե շեղվեին: Պետք է գտնել լուծման ճանապարհներ:
Միգուցե վերականգնվի ամսեկան վարձը և այդ միջոցները ուղղվեն նորոգման? Միգուցե նախատեսել 2012 թվականի բյուջեում նորոգման ծախսեր?
Ինչ կասեք?
Արթուր Ղազարյան: