June 13, 2021

Նամակ շահումյանցուն։ Հունիս 13, 2021 թ։

Բարև, իմ տարագիր ու հայրենազուրկ շահումյանցի։
Իմ հող ու ջրի բարեկամ։

Այսօր մեր Հայրենիքի կորստի օրն է՝  սև հունիսի 13-ը, երբ 1992 թվականին, թշնամուն երկարատև դիմակայելուց հետո, քեզ հանեցին քո հայկական հողից։

Այսօր, ուր էլ լինես, աշխարհի որ ծայրում էլ գտնվես, քո համար հիշատակի օր է, ցավի օր, կորստի օր, դառնության օր։

Իհարկե, այս մեկ օրով չի սահմանափակվում քո սերը դեպի հայրենիք՝ Հյուսիսային Արցախ։
Գիտեմ, որ 29 տարի շարունակ չկա մի առավոտ, որ չլուսացնես առանց կարոտի, առանց հիշողության, առանց այնտեղ մնացած հարազատների հիշատակի, առանց հայրենի բարբառի բառերը հիշելու։

Քո աշխատասիրության, մարդասիրության, ճշմարտախոսության, հարգանք ու պատվի մասին արդեն խոսում են աշխարհի մյուս ծայրերում։ Նոր ծնված զավակներդ արդեն մեծ են, 29 տարեկան, նրանք միայն լսել են մեր Մռավի, Դոդ սարի, Շմփրըպտոկի, Քուրակ գետի, Կեպասի մասին։ Նրանք դարձել են գիտնական, մարզիկ, զինվորական, արվեստի ստեղծագործող, պետական գործիչ, հողագործ աշխատավոր, բժիշկ։ Բայց միևնույնն է իրենց շահումյանցի են համարում, քո շնորհիվ հայերեն են խոսում։

Հայրենակից ջան, գլուխդ բարձր պահիր։

Չնայած, որ 90-ականներին ու հետագա տարիները անարդար եղան քո հանդեպ, շատ վատ դիմավորեցին քեզ Հայաստանում։ Անգամ փախստականի կարգավիճակ չտվեցին քեզ։ Դավաճան հհշականները քեզ էին դավաճան անվանում, քեզ էին մեղադրում, թե իբր թողեցիր քո հողը, առանց կռվի եկար Հայաստան։ Գիտեմ, որ քո հետ փոխանակված Շուշիում էլ չթողեցին որ բնակվես՝ մի հայտնի գեներալ, այսօր էլ պաշտոնյա, ասել էր՝ ի՞նչ է, Շուշին անտեր է՞, որ շահումյանցին գա բնակվի։
Լաչինում Հայրիկյանի (պարետն էր այն ժամանակ) բաշիբոզուկները թալանում էին գրպանիդ վերջին փողն ու մատանին, 
թրքաբարո շորթում էին փախստականներիդ։

Սակայն դու չես փոխանակել քո հայրական տունը թուրքի հետ։ Դու առևտրի չես հանել հայրենիքդ։ Քո ղեկավարները չեն գնացել թուրքի հետ բանակցել, թե ինչպես անվնաս՝ գումարի դիմաց, հայի տունը թուրքի տան հետ փոխեն ու շարասյուներով,  ուղղաթիռներով քեզ դուրս ուղեկցեն քո իսկ հողից, միայն թե գնաս, միայն թե թողնես հայկական տունդ, տեղդ։ 

Սկսած այն պահից, երբ Շահումյանի նստաշրջանում, 1989 թվականի հուլիսի 26-ին որոշեցիր միանալ Արցախին ու այդ օրվանից սկսած, 1000 օր պայքարեցիր մինչև 1992 թվականի հունիսի 13-ը։ Ոտքով 21000 հայեր անցան Մռավի կածանները, գետերը և անդունդները։ Շատ շատերը չհաղթահարեցին այդ արգելքները։

Իսկ ո՞վ էր քո վրա հարձակվողը։ Արդեն ռուսական, ուկրաինական վարձկանները, ադրբեջանցի թալանչիների ուղեկցությամբ, մոտ 150 տանկերով մեկ օրում հայաթափեցին շրջանը։ 

Այո, գիտեմ, որ քեզ հայերի չեչեններ են անվանում կատակով։ Քանի որ մի քանի անգամ արտաքսվել ես հարենիքիցդ ու նորից հետ ես եկել։ Քանի որ կռվել գիտես։ Հողդ հիշել ու սիրել գիտես։ 

Եղբայր իմ։ Քույր իմ։ 

1767-ին դու չէի՞ր հակահարձակումից հետո պաշարել Գանձակ քաղաքը, երբ Շահվերդի խանը խնդրում էր վրաց Հերակլ թագավորին, որ միջնորդի դադարեցնես պաշարումը։

Դու չէի՞ր, որ թուրքական զորքերին ջարդ տվեցիր 1918-ին Գանձակում, կոտորեցիր 18000 մուսավատական։

Դու չէի՞ր 1991-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Մամեդովին գերի վերցրել, երբ նա իր օմոնական ջոկատներով գյուղերդ էր ավիրում ու զավակներիդ գերի տանում, իսկ դու գերի վերցնելով ազատում էիր զավակներիդ, ի տարբերություն այսօրվա գերի  ընկածներին ազատողների։

Դու չէի՞ր, որ դիմադրեցիր խորհրդային զորքերի Կոլցո օպերացիային և առաջին անգամ պատմության մեջ՝ 1991 թվականի սեպտեմբերին, հետ գրավեցիր քո Բուզլուխ․ Էրքեջ, Մանաշիդ գյուղերը։

Քո հանդեպ էր, որ առաջին անգամ պատերազմում, թշնամին կիրառեց Գրադ կայան, օգտագործեց քիմիական զենք, կործանիչ Մի-24 ինքնաթիռներ։

Դու չէի՞ր միակը, ով այս 30 տարվա պատերազմների մեջ, մի քանի տարի անտառներում պարտիզանական կռիվ մղեցիր թուրքի դեմ։ Այլ տեղերում պարտիզաններ եղա՞ն։ Ոչ։

Քանի՞ անգամ քո զավակներդ եկան Մռավի փեշերին կազմ ու պատրաստ կանգնեցին, որ ազատագրեն Շահումյանը։ 

Շատերը չգիտեն էլ, որ 1993-ի ապրիլի 13-ին ազատագրել ես Գյուլիստանը, քո արծիվ որդիների հետ, Մեծն Շահենի գլխավորությամբ։ Այն օրվա հհշական իշխանությունը հրամայեց հետ հանձնել, չազատագրել մնացած գյուղերը, իսկ չորս օր անց Շահենի ուղղաթիռը կործանվեց։
2016-ի ապրիլյանին ևս զավակներդ հավաքվեցին աշխարհի տարբեր ծայրերից, որ պետք է ազատագրվի Շահումյանը։ 
2020-ին էլ եկան։ Շատերը զոհվեցին, անհայտ կորան, վիրավորվեցին։ Բայց Արցախի հյուսիսային Եղնիկները մնացին անառիկ։ Քո հիմնած զորամասի տղերքը չպարտվեցին անգամ կապիտուլյանտի պատերազմում։

Գիտեմ, որ հատկապես այս տարի վհատված ես։

Քո կորստյան ցավը շատերը չըմբռնեցին, մինչև այդ ցավը չտարածվեց Հադրութի, Շուշիի, Քարվաճարի, Մարտակերտի վրա։ 
Այսօր արդեն նրանք են տարագիր դարձել։ Արդեն Հայաստանից են գերի վերցնում, Հայաստանի հողն են գրավում։
Որովհետև քո Մռավի ղողանջները չլսեցին ոչ մեկը։ Քո ահազանգին խուլ մնացին։ 

Ուղղիր մեջքդ եղբայր իմ։

Մենք իրավունք չունենք ջուրը լցնելու այսքան չարչարանքը և մեր սերնդի վրա ավարտելու մեր պատմությունը։ 
Այսօր դավաճանները խոսում են 
միայն ԼՂԻՄ-ի սահմանները վերականգնելու մասին։ Մոռացել են քեզ, մի լռիր, եղբայր իմ։ 

Մեր ավագ սերունդը արդեն մեզ հետ չէ, եթե Հյուսիսային Արցախում ծնված սերունդն էլ անցնի գնա, մենք անդառնալիորեն վերջնականապես կորցնելու ենք  Հյուսիսային Արցախը։

 Այս 29 տարիներին դու գրել ես բազմաթիվ գրքեր, բանաստեղծություններ, երգեր, հիշողություններ և փաստեր ես թղթին հանձնել, ֆիլմեր նկարել, որպեսզի սերունդներին փոխանցվի մեր հերոսական պատմությունը։ Որևէ պետական աջակցության չես արժանացել, դեռ ավելին՝ դու ես օգնել պետությանդ, Հայաստանին, Արցախին։ 

Փառք մեր պապերին ու հայրերին։ 
Նրանք տոտալ շրջափակման մեջ, ուղղաթիռներով կարողացել են հաց, զենք, այլ պարագաներ հասցնել մեր պաշարված բնակիչներին։

Շահումյան-Գետաշենի համար ընկած մեր զինվորներ։ 
Փառք Ձեր հիշատակին և զոհողությանը։ 

Շահումյանը մոռացության չմատնող հայեր, դուք հերոսներ եք։
Կաթիլը քար է ծակում, դա այդպես է։

Այս ժամանակավոր վայրէջքը 
նորից կփոխարինվի հաղթանակով և թռիչքով։

Լուսաբացից առաջ ամենամութ պահն է լինում։