August 15, 2020

Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշումը ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան Բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը անօրինական ճանաչելու մասին

13 փետրվարի 1990 թ., Երևան

Ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանի անբաժան մասն է և երբեք չի պատկանել Ադրբեջանին, որ 1918 —1921 թթ. Լեռնային Ղարաբաղը եղել է անկախ և ունեցել է իր պետականությունը՝ հանձին երկրամասի ժողովրդական կառավարության և հայոց Ազգային խորհրդի,

ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ, որը կայացվել է ուրիշ պետության ազգային-պետական շինարարությանը մասնակցելու իրավունք չունեցող սուբյեկտի կողմից և, հետևաբար, դրսևորվել է որպես խորհրդային մեկ այլ սուվերեն հանրապետության ներքին գործերին միջամտելու կոպիտ ակտ, որի հետևանքով ոտնահարվել են ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, հաշվի չի առնվել երկրամասի 95 տոկոս կազմող հայ բնակչության, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի բնակչության կամքը,

հենվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյի 1920 թ, հուլիսի 9-ի՝ Վ. Ի. Լենինի նախագահությամբ անցկացված նիստի որոշման վրա, որով Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվեր բնակչության էթնիկական կազմով և նրա կամքով, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 1921 թ. հունիսի 12-ի դեկրետի վրա, որը, ելնելով Ադրբեջանի հեղկոմի դեկլարացիայից և Հայաստանի ու Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունների կառավարությունների միջև կայացած համաձայնությունից, Լեռնային %արարաղը հռչակել է Հայաստանի Խորհրդային Հանրապետության անբաժան մաս,

նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նաև Ադրբեջանական ԽՍՀ հեղկոմի 1920 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ և դեկտեմբերի 1-ի դեկլարացայով, հաստատակամորեն հանդես գալով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների պաշտպանությամբ, որն ամրապնդված է ԽՍՀՄ կազմավորման պայմանագրով և ԽՍՀՄ սահմանադրությամբ՝ որպես բազմազգ խորհրդային պետության մեջ ազգամիջյան հարաբերությունների հիմք,

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը, որի հետևանքով խախտվել է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը, անեքսիայի է ենթարկվել Հայկական ԽՍՀ տարածքի մի մասը և հայ ժողովուրդը բաժանվել է երկու հատվածի, համարել իրավասությունից զուրկ, միջազգային իրավունքի անհարիր և անօրինական։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար՝ Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԻՄՔ – «Խորհրդային Հայաստան», 17 փետրվարի 1990։