October 28, 2017

Արմավիրի ուսումնական բրիգադում

Այս օրերին նախաձեռնվել է ուսման տարկետման լրիվ վերացման օրենքի նախագիծը:
Կասկած անգամ չունեմ, որ օրինագիծը կվավերացվի այս խայտառակ ԱԺ-ի կողմից:

Այսօրվա իշխանավորները և 20 տարի առաջ, և 10 տարի առաջ նմանատիպ նախագիծ բերել էին ասպարեզ, սակայն հզոր ուսանողական շարժումը թույլ չտվեց այն իրագործել:
Այսօր իրավիճակը այլ է: Դժգոհ քաղաքացիները հիմնականում արտագաղթել են և բողոքի ալիքը թույլ է:

Այս նախագիծը ստիպեց ինձ վերհիշել իմ բանակային տարիները`1997-98 թթ:

Այս պատմության մասնակից իմ զինվորական ընկերներից շատերը ևս արտագաղթեցին 1999-ին, երբ նրանց, սպայական ուսում ստացածներին, զորակոչեցին որպես շարքային զինվոր:
Գիտության թեկնածուներին, մագիստրոսներին հրամաններ էին տալիս 18 ամյա անկիրթ սերժանտները, դրա բոլոր հետևանքներով:

Մենք երկրորդ անգամ Չարբախի հավաքակայանում հայտնվելուց հետո, ուղևորվեցինք դեպի Արմավիրի ուսումնական բրիգադ:
Այստեղ ամեն ինչը էականորեն տարբերվում էր իմ նախկին` Արտաշատի զորամասից:

Այստեղ հայտնվեցինք երկրորդ գումարտակում:
Վաշտի սերժանտները Երևանի ֆիզկուլտ ինստիտուտի ձյուդոյի, բոքսի բաժիններից էին:



Կուբրիկ
Բանակում ննջասենյակը անվանում էին կուբրիկ: Այնտեղ երկհարկանի երկաթյա մահճակալներ էին:
Հենց առաջին գիշերը կատարվեց հետևյալը:
Գիշերվա կեսին վառվեց կուբրիկի լույսը:
Կուբրիկ էր մտել վաշտը նայողներից մեկը, և պատահական մեկին` Մարալիկից եկածին քարշ տվեց գետնին և մի քանի սերժանտներով սկսեցին հարվածներ հասցնել այդ անմեղ տղայի մարմնի տարբեր մասերին:
Ծեծելուց հետո, դիմեցին մնացածին, թե տեսեք "Եթե մեզ չլսեք, բոլորիդ հալը սենց կլինի":
Առավոտյան, մեզ պետք է զինվորական հագուստ տրամադրեին, քանի որ Արտաշատում մենք հանձնել էինք մեր օրեր առաջ ստացած նոր հագուստը, հագել պատահական շորեր` բոմժերի տեսքով:
Արմավիրի զորամասի պահեստից ստացանք մեզ հասանելիք ձմեռային նոր հագուստը: Սերժանտները` անգղների պես եկան, հանեցին որոշ զինվորների հագից իրենց չափով նորերը, փոխարենը տալով իրենց հինը նորակոչիկներին:

Բուժկետ

Զորամասի բուժկետում որպես ատամնաբույժ, վիրաբույժ և բժկի օգնական էին ծառայում իրավաբանական ֆակուլտետը ավարտած, բժշկության հետ բացարձակ կապ չունեցող զինվորներ: Ով ինչ հարցով դիմում էր իրենց, նրանք միևնույն դեղերն էին առաջարկում: Երկրորդ անգամ բուժկետ դիմողներ ես չգիտեի:

Զուգարան

Բրիգադի զուգարանը առանձնացված շինություն էր, որտեղ գետնի վրա արաբական կոչվող զուգարաններն էին, 10 հատ կողք կողքի, առանց բաժանարար պատերի:
Առավոտյան, ամբողջ բրիգադը մտնում էր այդ զուգարան` 1540 հոգի, վաշտը վաշտի հետևից: Ինչպես ձեզ նկարագրեմ, թե դա ինչ տեսարան էր: Ոտք դնելու տեղ չկար այնտեղ: Երկարաճիտ կոշիկները խրվում էին մարդկային այդ թափոնների մեջ: Կեղտ, ցեխ, արյուն, շան հոտ:
Զուգարանը մաքրող տղաներից մեկը մեկ շաբաթ անց կախվեց իր զորանոցում, որից հետո այդ գործը ստանձնեցին ոչ հայազգի երկու եղբայրներ:

Բաղնիք
Մենք դեկտեմբերի ութից գտնվում էինք զորամսում, սակայն մինչև հունվարի կեսերը բաղնիքը չէր աշխատում: Երբ ուսումնական բրիգադ ժամանեցին տարբեր զորամասերից զինվորներ, ապա այդ անբաղնիք վիճակը վերածվեց ոջիլի համաճարակի: Տղաները ցերեկները լրիվ հանում էին իրենց շորերը, փռում էին գետնին և կապիկների պես` ոջիլ ջոկում շորերի մեջ:
Քորում էին մարմինը, մինչև վերքերի առաջանալը:

Մենք, այս վայրենի պայմաններում, պահպանելու համար մեր մարդկային դեմքը, գիշերները սառցե ջրով էինք լվացվում:
Երբ բաղնիքը սարքեցին, վաշտերով մեզ տարան այնտեղ լողանալու: Բաղնիքի փոքրիկ սենյակ էր մտնում միաժամանակ, մոտավորապես 25 հոգի, իսկ 6 ծորակներից աշխատում էր միայն մեկը և մյուսի կեսը: Ժամանակը սահմանափակ էր, և պետք էր հասցնել լողանալ....

Խանութ
Զորամասի ներսում կար փոքրիկ կրպակ-խանութ, որտեղից կարելի էր ծխախոտ, հաց-երշիկ, թխվածքաբլիթ, գուլպաներ, թել, սանր, ատամի մածուկ, և զինվորին այլ անհրաժեշտ պարագաներ գնել: Խանութի դռան մոտ միշտ կանգնում էին լրտեսները, որոնք զորամաս նայողներին էին պատմում այն զինվորների մասին, որոնք խանութ էին գնում: Նրանցից կարելի էր հետագայում կամ գումար պահանջել կամ պահանջել որևէ բան գնել իրենց համար: Ինչը և արվում էր:
Այն տղաները, որոնք ծխում էին և ծխախոտի կարիք ունեին, սակայն գումար չկար, ստիպված գետնից էին հավաքում, կիսատ ծխած բիչոկները:

Տեսակցություն
Երկու շաբաթը մեկ, բրիգադի հանրակացարաններին կից բացօթյա տարածքում, կես ժամով տեսակցություն էր բարեկամների հետ: Բազմիցս է եղել, երբ բարեկամները արդեն հավաքված, զորամասի դռան մոտ, հրամանատարը արգելել է տեսակցությունը, պատճառաբանելով ինչ-որ զինվորական արարք կամ պատճառ: Հայաստանի տարբեր մարզերից բրիգադ ժամանած բարեկամները հետ էին վերադառնում իրենց հեռավոր տները, առանց իրենց զինվորին տեսնելու:
Տեսակցության օրերին, բարեկամները զինվորների համար "տուլիկներ" էին բերում` ուտելիք, մաքուր շորեր, գումար: Տեսակցությունից  զորամաս վերադարձող զինվորները դրանք հանձնում էին մուտքի մոտ, չաստ նայողների սենյակ: Միայն թե զինվորներին չհասնի, իրենք ուտեն մեկ ամբողջ շաբաթ, գիշեր-ցերեկ, մինչև գարշահոտությունը տարածվի և ամբողջ ուտելիքը դեն նետեն, մինչև հաջորդ տեսակցություն:
Տղաները պատմում էին, որ կային վաշտեր, որտեղ տղաների շորերն էին անգամ հանում ստուգում, չհայտարարագրված գումար գտնելու համար:

Ինչու եմ այս ամենը պատմում?
Որպեսզի լույս սփռեմ այն "ամեն հայի պարտք" կոչվող բանակի վրա, ցույց տամ թե ի վերջո էս մարդիկ ինչու են լեղապատառ իրենց երեխաներին փեշով փող թափում, բանակից ազատելու համար, կամ երկրից փախցնում տանում:
Օրենք փոխելով չի բանակ դառնում: Այլ այս բոլոր հարցերը հատ հատ լուծելով:

Այս անգամ նկարագրեցի կենցաղային կողմը, մյուս անգամ կնկարագրեմ ուսումնական պրոցեսը: