August 27, 2019

"Բա ուր էիք Սերժի վախտ։ Ինչի չէիք խոսում" ասողներին

Ժամանակ առ ժամանակ, տարբեր առիթներով կարելի է հանդիպել կամ կարդալ այսպիսի հարցադրման․
- Բա ու՞ր էիք Սերժի ժամանակ։ Ինչի՞ չէիք խոսում։ Խոսքի իրավունք եք ստացել Նիկոլի օրոք ու չեք գնահատում։

Այս հարցադրումը նորմալ կդիտվեր, եթե անտեսեինք թե ովքեր են հարցնողները և ում են այդ հարցը տալիս։

Ցավալիորեն այդ հարցը ուղղում են այն մարդկանց, ում գործը և խոսքը ապացույցների կարիք չունի։ Այդ մարդկանց ազատությունը տրվել է ոչ թե Նիկոլի, Սերժի, կամ մի այլ հերթական իշխանության ժամանակավոր գլխի կողմից այլ ի վերուստ, ի ծնե։
Ազատությունը հենց իրենք են։ Իրենք բոլոր ժամանակներում էլ ազատ են եղել ու կլինեն։

Իսկ հարց տվողների համար զարմանալիորեն Հայոց պատմությունը սկսվում է 2018 թ գարնանից։ Одноклассник-ներում, Жди меня-ներում, Мейл.ру երում վերընկած էին, մեկ էլ հոպ՝ Նիկոլի թվի Հեղափոխություն, ազատություն, դրախտ, լայվեր, խոսքեր, խոսքեր, խոսքեր։ Հատկապես, որ նոր իշխանությունը վայելելու հրավիրյալների մեջ մեծամասամբ իրենց պեսներն են այսօր։

Իսկ դու ու՞ր էիր Սերժի վախտ։ Ինչու՞ չէիր խոսում, պրոֆեսոր։
















Ու գիտե՞ք, նրանք մյուս կողմից ճիշտ են այդ հարցը տալիս։ Նրանք չգիտեն մենք ուր էինք, քանի որ մեր ճանապարհները և գործունեությունը, խնդիրները և անելիքները չեն հատվել։

Երբ մենք մթի ու ցրտի օրերին համալսարանում սովորում էինք, նրանք տաք ու լուսավոր Ռուսաստաններում թրիվ էին գալիս։
Երբ մենք բանակում ծառայում էինք ու մեր հասանելիք հացը ավելի կրտսերնեին էինք տալիս, որ սովից չմահանան, սրանք թռած էին բանակից։
Երբ մեզ, բանակում մեր ուզածով քվեարկելու համար 2000 հոգու առաջ նվաստացնում էին, նրանք դիլիջանյան բազեներում՝ կապույտ-կարմիր-նարնջագույն ճամբարներ էին խաղում։
Երբ մենք քննչական մեկուսարանում ծեծվում էինք, նրանք վիվարոներում հերթական ստավկեքն էին անում։
Երբ մենք Մաշտոցի պուրակում թույլ չէինք տալիս այգին "սարայի" վերածեն, նրանք այդ այգիների սրճարաններում վերընկած ֆուտբոլ էին նայում, անտարբեր, քմծիծաղ տալով մեր ուղղությամբ։
Երբ մենք երևանյան հերթական մանկապարտեզը չէինք թողնում քանդեն, թաղապետի համար էլիտար շենք սարքեն, դուք էդ թաղապետի հետ ձեր անձնական շահերն էիք ապահովում։
Երբ մենք ընտրատեղամասերում ամեն մի ընտրության ժամանակ քյալլա էինք տալիս ՀՀՇ-ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ների հետ, իսկ հետո ամիսներով դատարաններից տուն չէինք գալիս, նրանք տանը գործարքի էին գնում ժեկի պետերի, թաղի տղերքի ու լիազորների հետ։
Երբ մենք նեմեց Ռուբոյի տան դեմը փակում էինք, հայ սպա Ավետյանին խոշտանգելով սպանելու համար, նրանք Հարսնաքարերում լափելուց հետո գիշերվա մեկին սալյուտ էին  խփում։
Երբ մեր դեմ, ընդամենը կարծիքի համար քրեական գործ էին բացում, տունը խուզարկում, տակնուվրա անում, դուք մեր ստատուսներն էիք նկարում ու հանձնում միլիցեքին։
Երբ մեզ գործից այս ամենի համար ազատում էին, սրանք դեռ իրենց ենթակա աշխատակիցների վրա դոնոսներ էին գրում, սեփական հոտած կաբինետից դուրս չշպրտվելու համար։
Երբ մեր երեխեքին մեքենայի տակ էին գցում, կազմակերպված ծեծում էին, մանկապատեզից էին գողանում, ձեր երեխեքը Սերժի ու Աշոտյանի հետ սելֆի էին անում։
Երբ մեր մեքենան ջարդում էին, պատուհանները կոտրում, դուք ձեր հերթական տաչկայով էիք հիանում։


Հետո Սերժի ժամանակ ասելով ո՞ր ժամանակը ի նկատի ունեք։ Կևորկովի՞ ժամանակվա Սերժի, թե Լևոնի՞ ժամանակվա Սերժի, թե Վազգեն-Վանոյի՞ ժամանակվա Սերժի, թե Ռոբերտի, հենց Սերժի՞ թե, վերջապես՝ Նիկոլի՞ ժամանակվա Սերժի։

Որովհետև թվարկածներս բոլորն էլ մեզ համար Սերժի ժամանակներ են եղել։
Այսօր էլ են Սերժի ժամանակներ, թեև Սերժի անունը փոխվել է։

June 10, 2019

Ջրմուղը աննախադեպ հետընթաց է ապրել

Վերջերս առիթ ունեցա առնչվել ջրմուղի հետ, որն այսօր "Veolia jur" է կոչվում։

Պետք է բնակարանի համար բաժանորդ դառնամ։
Առաջին անգամ չէր և գիտեի գործընթացի քայլերը։ Նախկինում սեփականության վկայականով-անձնագրով դիմում էինք գրում ջրմուղի շրջանային սպասարկման կենտրոններից մեկում, ինքներս ձեռք էինք բերում ջրի հաշվիչը, որը արտադրվում էր Հայաստանում, տեղադրում էինք մեզ հարմար պահին և ժամանակին, ջրմուղի տեսուչը երեք օրվա ընթացքում գալիս ուղղակի կնքում էր մեր տեղադրած հաշվիչը։ Շատ պարզ և հարմար գործընթաց էր։

Այսօր պարզվեց գործընթացը լրիվ այլ է։














Նախ տեղական արտադրության հաշվիչները այլևս կիրառելի չեն, ջրմուղը այսօր իր հաշվիչն է դնում  ձեր տանը։ Դրանք ներմուծված հաշվիչներ են, որոնք մեր տեղական՝ 8000 դրամի փոխարեն, ինքնարժեքով ավելի թանկ են՝ 30 եվրո։

Ջրմուղի սպասարկման շրջանային կենտրոնները փակվել են, ամբողջ Երևան քաղաքում մեկ կետ է մնացել սպասարկման։

Եվ ամենավատը բաժանորդի համար՝ որ հաշվիչը տեղադրում են աշխատանքային 30 օրվա ընթացքում, դիմումը գրելուց հետո։

Հաշվիչը չտեղադրած վիճակում դուք մուծում եք ամսական ֆիքսած 5400 դրամ վճար, անկախ սպառած ջրի քանակից։
Դիմումը գրել եմ մարտի 29-ին, անցել է մոտ երկու-երեք ամիս, ամսական մուծում եմ 5400 դրամ, իսկ հաշվիչ բերող չկա։

Զանգել եմ 185, ասում եմ մոռացել եք բերել հաշվիչը, այն կողմից խոստացան, որ հիշեցման թերթիկ կուղարկեն որ բերեն։ Սպասեք 5 աշխատանքային օր հիշեցման թերթիկը որ գործի։

Մի քանի օր անց եկան։ Առաջ մի տեսուչ էր։ Հիմա եկան չորս հոգի։ Մեկ հաշվիչ վերցրած եկել են մեր տուն։

Ասում եմ դե դրեք հաշվիչը։
Պատասխանում են, որ իրենք չունեն գործիքներ և պարտականություն հաշվիչը տեղադրելու, քանի որ իմ մոտ մետալոպլաստի խողովակներ են և այլն։

Ասում եմ, բա ինչու եք այդ դեպքում չորս հոգով եկել, ձեր այդ չորս հոգու աշխատավարձը մեր վճարից է չէ գոյանում։ Ասում է, ամեն մեկս ունենք մեր գործը, դա ձեզ չի վերաբերվում։

Ասեցի, դե եթե չեք կարող տեղադրել ինքերդ, թողեք հաշվիչը իմ մոտ, ես վարպետ գտնեմ, ինքը որևէ օր կտեղադրի, դուք կգաք կկնքեք։
Ասում է, ոչ մենք տեղադրելուց պետք է ներկա լինենք։
Ասում եմ, դե տեղադրեք։ Պատասխանում է չենք կարող։

Վեոլիա ջրում ստեղծել են մի անիմաստ մոնոպոլ իրավիճակ, որից շահում են միմիայն իրենք և ոչ թե բաժանորդը։ Օրավճարը անցնում է, իրենք հաշվիչ տեղադրելու որևէ ձգտում և շարժառիթ չունեն։ Որքան ուշ տեղադրեն այդքան ջրմուղի օգուտն է։

Ասեմ, որ այս ընթացքում մի 3 անգամ գնացել եմ իրենց սպասարկման կենտրոն, 5 անգամ զանգահարել եմ իրենց 185 թեժ գծին, մի 10 անգամ զանգել եմ տեսուչին։
ՈՒ դեռ հաշվիչը չկա։

Ու դուք ասում եք երկրում իրավիճակ է փոխվել։
Այո ջրմուղում փոխվել է, դեպի վատը։


Հ․Գ1․ նյութը հրապարելուց մեկ ժամ անց ջրմուղից զանգ ստացա։ Տեսնենք ինչ կլինի։

Հ․Գ2․ նույն օրը եկան տեղադրեցին հաշվիչը։ Նախորդ անգամ տեղադրումից հրաժարված աշխատակիցը պնդում էր, որ ինքը կարող էր անցյալ անգամ էլ տեղադրեր։

Հ․Գ3․ Երկու օր անց նորից զանգեցին ջրմուղից, ուզում էին նորից գան և տեղադրեն հաշվիչը։
Ասացի, որ արդեն տեղադրել եք։ Զարմացան։ Ես էլ զարմացա։


July 15, 2018

Տեխզննման կայանների գործի մասին

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե "Պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար":






Այս հարցին չէի անդրադառնա, եթե դեռ 4 տարի առաջ սրա մասին գրած չլինեի:

Ինչ է նշանակում բյուջեից հափշտակել են 2 միլիարդ դրամ? Դրանք բյուջեի փողեր չեն: 

Եկեք հասկանանք:

Որպես վարորդ.

- Սկզբից գնում եք թաղապետարան, վերցնում եք զերոյական գույքահարկի տեղեկանք:

- Հետո գնում եք ցանկացած բանկ:

Բացի տեխզննման վճարից, դուք պետք է մուծեք նաև էկոլոգիայի վճար, ինչպես նաև բանկի միջնորդավճար:

Բանկի աշխատողը տալիս է ձեզ տեխզննման կտրոն, որով դուք պետք է գնաք և անցնեք տեխզննում:

Կտրոնը բաղկացած է երկու մասից` մեկը տեխզննման կայանում մեքենայի զնվելուց հետո մնում է այնտեղ, իսկ մյուսը` կնքվելուց հետո, կպցնում եք մեքենայի դիմապակուն:

Տեխզննման կայանը, կտրոնի իր մասով, բանկում ձեր մուծած գումարը հետ է ստանում` գանձապետական տրանզիտ հաշվից, որպես ծառայության վճար: Տեխզննման գումարը, որ մուծում ենք բանկում, գանձապետարանի հաշիվ է գնում և չի համարվում բյուջեի փող, դա հարկ չէ, վարկ չէ, տուգանք չէ, դա գումար է, որ ժամանակավոր գտնվում է գանձապետարանի հաշվին, որպեսզի փոխանցվի տեխզննման կայաններին, ըստ վերադարձված կտրոնների:

Հիմա, ինչ է տեղի ունեցել իրականում, վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ և տրանսպորտի նախարարության աջակցությամբ?


Մարդիկ, բանկում կատարել են տեխզննման մուծումը, մուծել են բանկի միջնորդավճարը, էկոլոգիայի վճարը, ստացել են երկու մասից բաղկացած տեխզննման կտրոն:

Որից հետո եղել են հետևյալ տարբերակները`

1. Վարորդները կտրոնի կեսը դեն են նետել, իսկ մյուս` չկնքված մասը կպցրել են դիմապակուն:

Տեխզննման կայանները, չունենալով կտրոնի մյուս մասը, չեն ստացել դրա դիմաց որևէ գումար, և դա մնացել է գանձապետական հաշվին, որը և ոստիկանությունը սխալմամբ համարում է "բյուջեի փող":

Իրականում այդ փողը չպետք է բյուջեյում մնար, այլ պետք է վերադարձվեր մարդկանց, քանի որ գործարքը կիսատ է եղել:

Տիգրան Սարգսյանը` իր որոշումով ուղղակի լավություն է արել բանկերին և բյուջեին:

2. Մարդիկ վերցրել են կտրոնը, գնացել են տեխզննման կայան և չեն ցանկացել անցնել զննում:
Քանի որ Հայաստանում մեքենաների մեծ մասը տեխզննում անցնելու ենթակա չէ, շատ հին են, դրանց վարորդները` կտրոնի մի մասը տվել են տեխզննման կայաններին և աղաչել են, որ իրենց հին մեքենան չզննվի, այլ ուղղակի կնքվի կտրոնը:


3. Մարդիկ, վերցրել են կտրոնը, գնացել են տեխզննման կայան, զննել են իրենց մեքենան և ստացել կնքված կտրոնը:
Ես ինքս պատկանում եմ այս վերջին խմբին, և միշտ տեխզննումը անցել եմ Ավտոռեմ տեխզննման կայանում, որպեսզի մեքենաս զնվի:


Այսպիսով` սրանք բյուջեի փողեր չեն, այլ մեր, վարորդների վճարներն են, որ գրպանել են բանկերը և պետությունը:


Մարդկանց` ծառայություն չստանալը սկսվել է ոչ թե տեխզննման կայաններում, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումից հետո, բանկերում, թաղապետարաններում, ուր մարդկանց ուղղորդում էին մուծումներ անելու, առանց ծառայություն ստանալու։

Այս համակարգը ստեղծել է պետությունը:

Եթե տեխզննման գործընթացը չլինի, ապա հավատացեք, որ մեքենայի գույքահարկ ոչ մեկը չի մուծի: Տեխզննման գործընթացը խթանում է դրան: Ինչպես նաև էկոլոգիայի վճար չեն մուծի: Բանկերը ևս կզրկվեն միջնորդավճարներից:

Իրականում տեխզննում պետք է, բայց արդյոք վարորդները կանցնեն այն հնամաշ մեքենաներով?

Ու այս պարագայում ոստիկանությունը կատարում է ընդամենը պոպուլիստական հայտարարություն, թե բյուջեի փողեր են գրպանվել, և չի բացատրում այս ամբողջ  իրողությունը:
Իսկ այս ամենի սկզբնաղբյուրը պետք է հաշվի առնել:


Պետք է պատասխանատվության կանչել այս տեխզննման պրոցեսի կնքահորը` Տիգրան Սարգսյանին և տրանսպորտի նախկին նախարարներին:


Թե չէ ընկել եք մանր կայանների հետևից:

January 27, 2018

ՃՈ: Տարիներն անցնում են, իսկ սրանք չեն փոխվում

Բոլորը գիտեն, որ Դավթաշենի կամրջի վրա, երկու արագաչափեր կան:

Սակայն այսօր պարզեցի, որ արագաչափերից բացի նաև ոստիկաններ կան, որոնք ևս արագաչափի դեր են ստանձնել:

Կանգնեցրեցին ինձ, կամուրջը հենց վերջանալու վրա:

ՃՈ - բարև ձեզ, էս ինչ կոչումով էսինչյան:

Ես, չիջնելով մեքենայից - ուրախ եմ, բարև ձեզ: Ինչումն է խնդիրը

ՃՈ- Դուք գերազանցել եք կամրջի վրա արագությունը, նկարահանումը մեր մեքենայի
մեջ կա, կարող եք գալ տեսնել:

Ես - Իսկ ինչումն է խնդիրը? Եթե գերազանցել եմ, կամրջի վրա կան տեղադրված երկու արագաչափեր, նրանք կֆիքսեն գերազանցումս և ես կծանուցվեմ այդ մասին:

ՃՈ - Ոչ, մոտեցեք տեսեք մեր մեքենայում կա տեսագրությունը, որ դուք գերազանցել եք և վարել 75 կմ/ժ արագությունով, թույլատրելի արագությունը գերազանցել եք 5 կմ/ժ-ով:

Ես - Հա, բայց ես կտուգանվեմ չէ, տեսախցիկի նկարածով, հո նույն խախտման համար երկու անգամ չեմ տուգանվելու?

ՃՈ - Եկեք տեսեք նկարահանածը, տեսախցիկը կարող է չֆիքսել, դուք շատ կարճ ճանապարհահատվածի վրա եք գերազանցել արագությունը, հետո նորից իջեցրել եք:

Ես, դուրս գալով իմ մեքենայից - Իսկ դուք որտեղ էիք, որ նկատել եք գերազանցումս?

ՃՈ - Մենք հանդիպակաց ճամփեզրով էինք ընթանում, ձեզ նկարեցինք, կամրջի վրա շրջադարձ կատարելով ձեզ կանգնեցրեցինք:

Ես - Լավ, իսկ ինչով եք նկարել իմ գերազանցումը?

ՃՈ - Մեր մեքենայում տեղադրված արագաչափով:

Ես - Շատ լավ, բայց ես ինչու պետք է հավատամ ձեր արագաչափի հավաստիությանը, ինչ-որ հայաստանյան գերատեսչության փորձաքննություն այն անցել է? ՈՒնեք հավաստագիր նրա մասին?

ՃՈ - Հա իհարկե, մենք հո հենց այնպես սարք չէինք տեղադրի մեր մեքենայում: Ահա չափման թղթերը:

Նա տալիս է ինձ պատճենահանած երկու էջեր, որտեղ ռուսերեն ինչ-որ տեքստեր են:

Ես - Ինչ է գրած այս թղթում, ես ռուսերեն չեմ հասկանում, ինչու ռուսերեն? Հայաստանյան որևէ կառույց այս սարքը փորձաքննության ենթարկել է?

ՃՈ - իհարկե, սրա թարգմանած հակերենն էլ ունենք, ահա, կարդացեք:

Մեկնում է  մեկ էջի վրա տպված կես էջ հայերեն տեքստ, որն արդեն կասկածելի էր, քանի որ ռուսերենը խիտ երկու տպած էջեր էին, հայերենը չէր կարող թարգմանվեր և դառնար կես էջ: Բայց սա լրիվ այլ թուղթ էր:

Ես - Սա ինչ-որ մեքենայի` տուգանային հրապարակ քարշակելու ակտ է, այլ ոչ թե արագաչափի փորձաքննության հայերեն տարբերակը: Հայերեն չունեք?

ՃՈ- Ինչ ա, ռուսերենը հիմք չի քո համար?

Ես - Ոչ, ռուսերենը բացարձակ ինձ համար կարևորություն չունի Հայաստանում, և որևէ հիմք չի կարող լինել:

ՃՈ - Լսեք, դուք խախտում եք արել, ու գերազանցել 5կմ/ժ-ով:

Ես - Հա, բայց արագաչափ կա ու ես տուգանվելու եմ, եթե խախտել եմ, ինչու եք դուք ձեր ժամանակը կորցնում ու նորից արագաչափի գործ անում? Հիմա ինչ եք ուզում?
Եթե խախտել եմ, ուղարկեք խախտումը, հիմա ինչու եք այսքան ժամանակ վատնում?

ՃՈ - Տվեք ձեր փաստաթղթերը?

Ես- Իսկ կոնկրետ ինչ փաստաթղթեր? Ես տարբեր փաստաթղթեր ունեմ?

ՃՈ, խառնված - Մեքենայի տեխ անձնագիրը և վարորդական իրավունքը:

Ես - Խնդրեմ: Ահա նրանք:

ՃՈ - Մենք կարող ենք նախազգուշացնել ձեզ և բաց թողնել, ձեր ժամանակը այսքան չվատնենք: Բայց ախր դուք անգամ չեք էլ ուզում նայել մեր կամերայով նկարածը:

Ես - Ոչ, եթե խախտում կա, ուղարկեք իմ հասցեյով: Իսկ Ձեր կամերային ես չեմ վստահում, քանի որ դուք ինձ որևէ հավաստիացնող փաստաթուղթ ցույց չտվեցիք: Ես ինչ է վթարային իրավիճակ եմ ստեղծել?

ՃՈ- Ոչ: Եթե վթարային իրավիճակ լիներ, մենք այլ խոսակցություն կունենայինք: Լավ,  էս ինչը ձեր հասցեն է? Մենք խախտումը կուղարկենք ձեզ այդ հասցեյով, դուք ձեր հետագա քայլերը կանեք:

Ես - Շնորհակալություն, ուղարկեք: Հաջողություն:



December 16, 2017

Թումոյում: Տպավորություններս

Երեկ երեկոյան հրավիրվել էի Թումո:
Պետք է մասնակցեի ծրագրավորման դասին:

Սկզբից մտածում էի մի 15-20 րոպե կմնամ, կլսեմ, կգնամ:
Բայց այն ինչ կատարվում էր այնտեղ, կլանեց ինձ, ստիպեց ինձ երեք ժամ մնալ և փորձել հասկանալ:
Այստեղ տեսածը նախկինում հանդիպած ոչ մի բանին նման չէր, և եղած կաղապարներում անբացատրելի:

Դասը պետք է սկսվեր 19.30 և այն պետք է վարեր Վարդանը: Երեխաները ճիշտ ժամին լսարանում նստած էին: Ընդամենը մեկ-երկու ուշացող: Այն էլ երեկոյան խցանված և արդեն այդ ժամին մութ Երևանի պատճառով:

Հենց սկզբից` ինձ զարմացրեց լսարանում երկու-երեք կամավորների առկայությունը, ովքեր  նույնպես աշակերտներ էին` քիչ ավելի տարիքով և նրանք եկել էին` դասի ընթացքում օգնելու մյուսներին, պատասխանելու նրանց մոտ ծագող հարցերին:

Դասասենյակի կառուցվածքը մանրամասն մտածված էր և տարբերվում էր տարածված П աձև` թելադրող-իշխող կառուցվածքից:

Ուրեմն հերթով`


  • երեխաների նախնական ընտրություն չի կատարվում: Նրանք հերթագրվում են և գալիս դասերի: Երկու տարվա ընթացքում անցնում են մոտ վեց առաջկա, շաբաթը երկու անգամ: Կամավոր են գալիս: Նրանք ոչ մի դիպլոմ չեն ստանում: Երբ ցանկանան նրանք ազատ են դադարեցնել հաճախումը:
  • Գնահատականներ չկան: Ամեն մեկը, իր լոգինով, տեսնում է իր առաջադրանքները և կատարում դրանք: Դասընթացավարը ստուգում է` ճիշտ է թե սխալ: Վերջ:
  • Դասը տևում է 120 րոպե, որը նույնպես ոչ ստանդարտ է: Ոչ թե երկու 40 րոպե, ինչպես բուհերում, կամ դպրոցներում, այլ առանց ընդմիջման 120 րոպե:
  • Երեխաները սովորում են ծրագրավորումը ծրագիր գրելով: Երեխաները խնդիրը տեսնում են, լուծում դժվար ձևով, հետո անցնում նոր նյութը և լուծում նույն խնդիրը նոր հեշտ ձևով, կիրառելով քիչ առաջ անցածը: Դեբագ են անում կոդը, քայլ առ քայլ հետևում  կատարմանը, հայտնաբերում սխալները:
    Հա, կասեք ինչ կա, որ? Բայց հիշեք, երեխաներ են` 10-12 տարեկան: Տարբեր, ոչ տեխնիկական ընտանիքներից, ծանոթ-բարեկամ ծրագրավորող չունեցող:
    Նստած JavaScript-ով, Visual Studio Code-ով աշխատում են: Ֆայլերը հիշում անձնական Google Drive-ում, որի մասին`  շատ հիմնարկներում անգամ տեղյակ էլ չեն առ այսօր:
  • Երեխաները տալիս են հարցեր, չեն ամաչում, չեն վախենում: Շատ հարցեր: Կամայական պահի: Ու բոլոր հարցերին տրվում է պատասխան: Գրագետ, հարգալից, լիարժեք պատասխան:
    Կային երեխաներ, որոնք չեք պատկերացնի, թե ինչպիսի ճկուն միտք ունեին և ինչպես էին տրամաբանում: Ինչպիսի եզրակացություններ էին անում: Գանձեր, ուղղակի հրաշքներ:
  • Դասի վերջում ինքնուրույն ուսուցման նյութ տրվեց երեխաներին, որ իրենք կարդան, հասկանան, լուծեն առաջադրանքները: Իրենք դա լսարանում չեն անցնելու: Այսինքն երեխաները սովորում են սովորել: Այն ինչը չի արվում առ այսօր շատ բուհերում կամ դպրոցներում:

    120 րոպե դասի ընթացքում, ոչ մի երեխա չբացեց իր հեռախոսը, չշեղվեց այլ հարցերով, չխանգարեց կողքինին:
    Թումոյում

    Ես մասնակից եղա միայն մեկ դասի: Իսկ այդպիսի դասի տեսակներ 16 են: Ամեն օր դրանց քանակը ավելանում է: Հաճախող երեխաների թիվը նույնպես: Մեկ հարկ է ավելանալու Թումո կենտրոնում: Մասնաճյուղեր են բացվել նաև մարզերում:

Հիացած եմ և ուրախ:
Երանի ձեզ, սովորողներին:

November 8, 2017

Չաստ նայողները: Ովքեր են նրանք

Այսօր Հայաստանի ազգային ժողովում մի թիվ հնչեց: Հայաստանում հետախուզվող անձանց 86 տոկոսը բանակից խուսափողներն են:


Ինչու են մարդիկ խուսաբում բանակից?
Որովհետև այն ոչնչով չի տարբերվում բանտից:
Մարդը իրականում բանտարկվում է երկու, իսկ այսօր արդեն երեք տարով:

Բանակում առաջին հենց օրվանից հանդիպում ես չաստ նայողների, լավ տղերքի հետ:

Երբ 1998-ին` հավաքակայանից մի լղար, փոքր մոքր, կարճահասակ, 18 տարեկան քյավառցի տղա էին բերել զորամաս` բոլոր հին ծառայողները հավաքվել ու քիչ էր մնում գլխի վրա դնեին և քայլեին:
Հարցրեցի ով է, հայտնի ինչ-որ մեկն է? Ասացին, որ չէ, "քսիֆա" ուղարկվել հետը, որ ինքը լավ տղա է:
Ես ոչ մի բան չհասկացա, քաղաքացիական անցյալս չէր համընկնում այդ իրականության հետ:


Հետո քիչ քիչ ընթացքում հասկացա, թե ովքեր են նրանք` չաստ նայողները:

Ուրեմն: Իմ դիտարկումներով:

Իրենք առանձին են քնում և սնվում: Համարյա բոլոր գումարտակներում, վաշտերում ինչ-որ կապտյոռկաներ կան, որտեղ նրանք ապրում են իրենց առանձին կենցաղով և կյանքով:
Զինվորներին բերված ծանրոցները հանգրվանում են նրանց կապտյոռկաներում, ոչ թե զինվորների մոտ:

Նրանք չեն մասնակցում զորքի որևէ պարտականության կամ նարյադներին: Չեն ենթարկվում կարգապահական օրենքներին, ուստավներին:
Ամենածանր պարտականությունը, որ իրենք կրում են դա առավոտյան շարք կանգնելն է, այն էլ գնում են սպաների խնդրանք աղաչանքով:

Թույլ սպաները նրանց հետ շատ սերտ համագործակցում են, նրանց միջոցով են կառավարում զորքին, ստանում ինֆորմացիա, բոլոր ծագող խնդիրները նրանց հետ են քննարկում և լուծում տալիս: Առաջացող խնդիրների դեպքում զինվորները ևս չեն գնում սպայի մոտ, դա գործ տալ է նշանակում:
Հարցերը լուծում են նայողները:

Նրանք են գիշերները սամավոլկա ուղարկում զինվորներին և ապահովում չբռնվելը, պակասող շարքում մարդ կանգնեցնում, իհարկե դրա դիմաց տուլիկ կամ գումար ստանալով:

Ընդհանրապես կան երկու տիպի զորամասեր` մախի և գաղափարի:
Սա որոշվում է, թե չաստ նայողները ուժով են տիրում զորքին թե գաղափարով:

Չաստ նայողները կարող են փոփոխվել, նրանցից ոմանց կարող են չմարիտ անել և ուղարկել հասարակ զորքի հետ ապրելու:
Չաստ նայողները այլ զորամաս տեղափոխվելուց կարող են կորցնել այդ կարգավիճակը: Դրա ականատեսը եղել եմ:
Ծեծի և բռնարարքների հետևում նույնպես նրանք են կանգնած:

Եվ պարզ չէ, այս չարիքը բանակից ինչպես դուրս կմղվի:

Իսկ այսօր, որպես լուծում, մարդիկ էվակուացնում են իրենց տղա զավակներին: Տանում  երկրից դուրս: Ստանում փոքր հասակից ռուսական քաղաքացիություն:
Իսկ հարցերը մնում են չլուծված:

November 6, 2017

Թող բանակը չլինի այսպիսին

Վերջին գրառումս բանակային կյանքից լայն արձագանք ստացավ:

Մի մասը գրեց, թե 1997-99 թթ.-երից հետո շատ բան է փոխվել:
Մյուս մասը ավելի բացեց թեման, ավելի տխուր փաստերով:
Բանակային ընկերներիցս մի քանիսը հիշեցրեցին ինձ ևս մի քանի ամոթալի դրվագ, որը կներկայացնեմ  այստեղ: Կհիշեմ այն ահասարսուռ օրերը, որպեսզի դրանք ի սպառ վերանան բանակից:

...........
Առավոտյան վազքը Արմավիրի բրիգադում մի առանձին արարողություն էր:

Մենք` առավոտյան մթության մեջ վազում էինք 5 կմ դեպի Արմավիր և նույնքան` դեպի հետ:

Վազում էինք անընդհատ, բարձրաձայն կրկնվող հաշվարկի տակ` 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
..................
դոփյունը գետնին միաժամանակ կատարում էր 1500 հոգի: Տակտով:
Խեղդող փոշի, մութ, սառը ձմեռային օդ և անընդհատ հաշվարկ, աստված չանի մի քայլ հետ ընկնես, կամ հաշվարկից ընկնես: Հետևիդ վազողը դոմինոյի պես քո վրա է գալիս, ու ոտնատակ կլինես` զինվորական սապոգների տակ:

Շարքի եզրերում, ուր համեմատաբար ազատ էր, բլյախներով սերժանտներն էին հսկում և անխնա հարվածներ հասցնում հետ ընկնողներին կամ հանգստանալ ցանկացողներին:

Այդ պահը նրանց անասնական հրճվանք էր պարգևում, հատկապես կիրովականցի և ալավերդցի սերժանտներին, որոնք ամենաաբիժնիկներն էին զորամասում:

Իմ կաշվե` զինվորական գոտիս





















Հայկը ստամոքսի խոց ուներ, սակայն զորակոչվել էր բանակ: 

Նրա դեմքին որ նայեիք, ապա մոխրագույն-դեղնավուն գույնից անմիջապես կհասկանայիք, որ հիվանդությունը լուրջ էր, բայց դե զորակոչելուց հաշվի չէին առել որևէ փաստ:

Այդ առավոտ նրա խոցը բացվել էր և արյունահոսում էր: Վազքի ժամանակ նա վատացավ և սկսեց հետ ընկնել: Մենք տղաներով փորձեցինք նրան հանել` վազող 3000 ոտքերի դղրդյուն արձակող շարքից, սակայն սերժանտները չթողեցին: Նրան բռնել էինք թևերի տակից և զոռով քարշ տալով` վազքի տեմպը պահել:
Ես արդեն չեմ հիշում թե ինչ եղավ հետո, բայց Հայկը վատացել էր վերջնականապես և ուղարկվել հոսպիտալ:
Այս դրվագի տուժած տղան այսօր Արգենտինայում է բնակվում, արտագաղթել է:


Մահ

Մեր գումարտակում մի տղա կար Կապանից: Շատ նիհար և թույլ էր արտաքնապես, անընդհատ զորամասի ներսում էր, միայն հաշվարկների ժամանակ էր շարքի մեջ, մնացյալ ժամանակ կուբրիկից դուրս էլ չէր գալիս, ճաշարանից հացը տղաներն էին բերում իրեն:

Թեև նա էլ էր մեր հետ նոր ժամանել զորամաս, սակայն նրան հասած համազգեստը մաշված էր և քրքրված: Լավ տղերքը նրա նոր ստացածը վերցրել էին, փոխարենը տալով այս հնամաշերը....
Տղաները ասում էին, որ նրա մոտ արյան լեյկոզ է,թե քաղցկեղ:
Սպաները պետք է նրան հոսպիտալ տեղափոխեին, բայց բենզին չկար:
Թե քանի օր բենզին չկար արդեն հետաքրքիր չէ, բայց որ մարդը մահացավ փաստ է:
Սպաների պատվիրակություն գնաց Կապան` թաղման: 
Նրանք իրենց հետ տարել էին նոր զինվորական համազգեստ, որը այդ տղային այլևս պետք չէր.............