Սեպտեմբերի 21-ը ինձ համար ուրախության տոն է արդեն 35 տարի:
Իսկ վերջին տարիներին այդ օրը տոնից վերածվեց տխուր հուշի:
...1979 թվականի սեպտեմբերի 21:
Ես վեց տարեկան էի, դեռ դպրոց չէի հաճախում: Ամեն տարի ամռանը գյուղում էի, Հյուսիսային Արցախի Սառցաշեն գյուղում: Ամռան վերջում վերադառնում էինք Երևան:
Սակայն այդ տարի ես ավելի երկար մնացի գյուղում` ամբողջ սեպտեմբերը և հոկտեմբերի մի մասը: Տատիկիս և պապիկիս մոտ էի:
Աշնանային արևոտ օր էր: Երևի ժամը 2-3 կողմերը:
Աստիճանը խնձորենուն հենած, քաղում էի աշնանային կարմիր պինդ խնձորները, փոխանցում Ցողիկ տատիկիս, նա էլ դրանք դնում էր ծղոտե զամբյուղի մեջ:
Պապիկս՝ Մովսես Ղազարյանը աշխատանքի էր: Փոխտնօրեն էր Վերին Շեն գյուղի գիպսի հանքում:
85 ամյա Մայի տատս էլ, ինչպես միշտ, նստած էր հողե ճանապարհի եզրին, մեծ ընկուզենու տակ:
Նկարը Բակուր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:
Նա նստում, երկու ձեռքով հենվում էր ձեռնափայտին, և անցնող դարձողները բարևում էին նրան`
- Պարի օր, Մայի բիբ: Հունց ես?
- Լյավ եմ քե մատաղ: Էդ հով ես տու?
- Ես Արմենակին աղջիկն եմ, Գոհարը:
- Վայ ցավտ տանեմ, դյարդտ տանեմ, ճննչեցի վեչ: Աչքերս լյավ չի տեսնում:
....
Գյուղը արտաքին աշխարհին կապողը` փոքրիկ փոստատան ԱՏՍ-ն էր, ուր չէին զանգում ուղիղ հեռախոսահամարով: Գյուղի տներում հեռախոս չկար: Միակ հեռախոսը այդ փոստատանն էր:
|
Այ այսպիսին էր այն ժամանակվա փոստատան հեռախոսակայանը |
Երևանյան բնակարանից պետք էր զանգել 008 համարով` միջազգային պատվեր տալու համար:
Ասում էինք` միացրեք Կասում-Իսմայիլով: Կասում-Իսմայիլովի ադրբեջանցի հեռախոսավարուհուն ասում էինք` միացրեք Բուզլուխի պոչտա:
Օրվա ընթացքում փոստատարը ինքը զրուզում էր բոլորի հետ այս հեռախոսով, իսկ երեկոյան գնում պատմում էր "զանգ ստացողներին":
Խոսացածը տանում տեղ էր հասցնում տիկին Րիդան` փոստատան միակ աշխատողը: Նա աշխատանքը ավարտելուց 3-4 ժամ հետո էր տուն հասնում: Քանի որ մինչև ոտքով պտտվում, բոլոր հասցեատերերին պատմում էր իրենց ուղղված զանգերը: Տներում դեռ հեռախոսակապ չկար:
Այդ օրը տիկին Րիդան աշխատանքը շուտ էր թողել:
Նա մեզ համար ուրախալի լուր ուներ:
Մեր բակում լսեցի նրա զրնգուն ձայնը:
- Ցողիկ տո~տա, Ցողիկ տո~տա
Տատիկս ու ես այգում թողեցինք մեր զամբյուղները և բարձրացանք բակ:
- Ինչա եղել Րիդա?
- Աչքներդ լույս, Արթուր ջան, ախպեր ես ունեցել:
Օրն արևոտ էր: Բայց այդ բառերից հետո աննկարագրելի ուրախություն պատեց բոլորին: Ամեն ինչ ավելի շատ լուսավորվեց և պայծառացավ:
Սա անկասկած, իմ կյանքի ամենա երջանիկ օրերից էր` 1979 թվականի սեպտեմբերի 21-ը:
Տատիկս ուրախությունից շփոթված տուն բարձրացավ, ինչ-որ քաղցրեղեն բերեց և բաժանեց ներկաներին` կոնֆետներ, բաղարջ, գաթա:
Րիդային նվեր տվեց աչքալուսանքի համար: Մայի տատիկն էլ էր ուրախացել`
- Աստված պահի մեր բալին:
Ես երևի ուրախությունից խելագարվել էի: Գյուղի երկար, փոշոտ ճանապարհով վազում էի դեպի Թևոս պապիկիս տուն, որ նրան էլ լուրը փոխանցեմ: Ճանապարհին ինձ հանդիպող բոլորին գոչում էի`
- Ախպեր եմ ունեցել: Ես ախպեր ունեմ արդեն:
Նրանք բոլորը մի որևէ բան էին ինձ նվիրում` մեկը մի բուռ ընկույզ, մյուսները մի քանի ձու:
Հասա Թևոս պապիկիս տուն, ով մեղվապահ էր:
Այգում նա փետակը բացած, փուքսը ձեռքին, խասը դեմքին` գործ էր անում:
Ուրախ լուրը հեռվից լսելուց, նա արագ փետակը փակեց: Հանեց քրտնած դեմքից խասը ու մոմոտ ձեռքերով ինձ գրկելով` համբուրեց: Նրա շուրջ հարյուրավոր մեղուներ էին պտտվում, որոնցից ես ահավոր վախենում էի:
Ես վազեցի նաև Շուղան տատիկիս մոտ, Նախշուն տատիկիս տուն, Արաքսյա մորաքույրին տեսա, մտա դպրոցի տնօրեն` ընկեր Ավետիսի մոտ: Սպասեցի երեկոյան Մովսես պապիկիս վերադարձին ու առաջինը նրան էլ ասացի իմ բարի լուրը:
|
Սառցաշենի դպրոցը |
Ուրախությունս աննկարագրելի էր:
Ցանկանում էի բարի լուրը ամբողջ գյուղն իմանար:
Մարդկանց մեծ մասը դաշտերում էին: Խոտհարք էր, աշուն, բերքահավաք, ամբողջ տեխնիկան արտերում, դաշտերում էր: Եվ նրանց աշխատանքի ձայները գյուղամեջում էին լսվում:
....
Սա ինձ համար այսօր հուշ է:
Քաղցր, ուրախ, բայց նաև ցավալի:
Ցավալի է, որովհետև այս 35 տարվա պատմության մասնակիցներից ոչ մեկը մեզ հետ չէ այսօր:
Չկա նաև եղբայրս: Չկա այդ դրախտը` Շահումյան-Գետաշեն աշխարհը:
Այդ չբացահայտված հայկական հին դրախտը ադրբեջանցուն է հանձնվել:
Իսկ Հայաստանը այսօր տոնում է իր անկախության տոնը: 23 տարին:
Շահումյանը կորցրեցինք, երբ անկախությունը մեկ տարեկան էր:
Բոլորը այսօր բարեմաղթանք են հղում միմյանց, պարծենում, որ Հայաստանը անկախ է:
Բայց ընդամենը 20 օր հետո, հոկտեմբերի 10-ին միմյանց այսօր շնորհավորող մարդիկ ծպտուն իսկ չեն հանելու` անկախության վտանգի օրը: Երկիրը ԵՏՄ-ին են հանձնելու:
Չեմ ցանկանում, որ այս պատառն էլ հուշ դառնա: