December 17, 2014

Գյուղնախարարը գյուղացուն գին չի կարող թելադրել

Շաբաթ օրը` դեկտեմբերի 6-ին Կոմիտասի սկզբնամասում գտնվող գյուղատնտեսական շուկայում էի:

Պետությունը ոչ աշխատանքային օրերին կազմակերպում է այդ շուկան, որպեսզի գյուղացիները իրենք վաճառեն սեփական մատչելի արտադրանքը, այլ ոչ թե հանձնեն վերավաճառողներին: Այսպես և գյուղացին է շահում և գնորդները:

Ըստ տրամաբանության, այս շուկայում գները պետք է որ ավելի մատչելի լինեին մյուս տեղերի համեմատ: Բայց ավաղ: Իմ գնումները երբեք դա չեն վկայել: Ուղղակի մոտ է այն և դա արդեն առավելություն է:

Շուկան ամռանը
Այդ օրը սակայն այլ պատճառով եմ հիշել:

Կարտոֆիլ պետք է գնեի: Բոլորը վաճառում էին 250-ից 300 դրամ միջակայքում: Ամենա մանրերը 220 դրամ էին:

Ես նկատեցի Սերգո Կարապետյանին, ով անցնում էր շուկայի անխտիր բոլոր շարքերով և հերթով հարցնում գները: Նրա հետ ևս մեկ-երկու հոգի էին:

Այո, այո: Նույն Սերգո Կարապետյանն էր, ով պաշտոնավարման սկզբում փորձում էր դաշտերը օրհնել:

Ես ուրախացա` վերջապես նախարարները անձամբ են սկսել հետաքրքրվել մարդկանց հոգսերով:
Մոտեցա: Կարտոֆիլը արդեն գնել էի 250 դրամով: Նախարարը ակնհայտ բարկացած էր 300 դրամ, 250 դրամ գներից.
- Դուք տեղյակ չեք? Արդեն գները ընկել են: 200 դրամ է կարտոֆիլը: Իջեցրեք գինը, 200-ից ավել մի վաճառեք:

Այսպես հրամայական տոնով, նա դիմում էր շուկայի կազմակերպիչներին, թե.
- Մի թողեք, իսկույն սրանց հավաքեք, եթե այդ գինն են ասում: Իջեցրեք գինը:

Գյուղացիները խոնարհաբար, բայց զարմացած այդ խոսքերից, կամկամում էին, բայց կես մետր նախարարի հեռանալուն պես, նույն գինն էին ասում` 250-300:

Ախր երբ պետքա մեր կառավարողները հասկանան, որ հրամայական ձևով շուկայի գնորոշումը չի որոշվում:

Անցել է 2 շաբաթ: Երեկ Կոմիտասի շուկայի կողքը կարտոֆիլը արդեն 300 դրամից պակաս չկար:

October 15, 2014

Անձու վիճակ

Արդեն երեք-չորս օր է, որ մեր կողքի Նոր-Զովք սուպերմարկետում ձու չկա:
Ոչ Արզնիի, ոչ Աշտարակի, ոչ Երևանի թռչնաֆաբրիկայի, ոչ Լուսակերտի, ոչ մի տեղի ձու չկա:

Հարցուփորձ արեցի խանութի մյուս գնորդներին, մի պապիկ ասաց.
- Որտեղից ձու լինի? Սովետը հետա եկել, բալես: Մաքսային ենք մտել արդեն:

Զարմացա: Փաստորեն Հայաստանը մտել է Եվրասիական միություն, ու նույն օրը բոլոր արտադրողների ձվերը վերացել են խանութներից?
Լսել էի, որ ամսի 10-ին միտինգ է եղել, բայց կարծես որևէ մեկը դեմ չէր այդ օրը մաքսային մտնողի մտադրությանը, անգամ ասեցին որ էս ամենը անշրջելի է:
Բայց տեսնես ուր են անկախությանը այն 95 տոկոս կողմ քվեարկած մեր հայրենակիցները? Միգուցե հենց հանրաքվեն նույնպես կեղծվել էր այն ժամանակ? Թե մարդիկ են փոխել իրենց կարծիքը? Թե այդ մարդիկ այլևս այստեղ չեն ու այստեղ են մնացել միայն անկախությանը այն 5 տոկոս դեմ քվեարկածները?


Հետո իմացա, որ համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է մոտ 20 տոկոսով:
Բա սրանից էլ լավ լուր?
Ուրեմն պետք է բենզինը Երևանում արդեն այսօր դառնար 470 դրամից` 380 դրամ:
Բայց չի դառնում:
Ինչու?

Հիշում եմ, որ համաշխարհային շուկայում շաքարավազի, հնդկաձավարի, ցորենի գների բարձրացումը ակնթարթորեն ազդում էր մեր գների վրա` նրանք անմիջապես բարձրանում էին, չնայած որ դեռ վաճառվում էր պահեստավորված էժան գներով ներկրվածը:

Բայց երբեք գների անկումը համաշխարհային շուկայում չի անդրադարձել մեր գնապիտակների վրա:

Տեսնես ինչու է այդպես?



October 9, 2014

Ձեռագիր նամակներ

Այսօր մտածեցի, որ արդեն ահագին ժամանակ է, որ ձեռագիր նամակ չեմ գրել:
Որևէ մեկին:
Եվ հիշեցի, որ վերջին նամակները գրել եմ բանակում, դեռ 1998-99 թվականներին:

Եթե կա համակարգիչ, էլեկտրոնային փոստ, բջջային հեռախոս, սքայփ, սոցիալական ցանցեր` իրոք նամակները կերպարանափոխվել են և ձևափոխվել:
Դարձել են էլեկտրոնային: Անշունչ:

Առաջ նամակների համար կային հատուկ փոստարկղներ, որ կախված էին փողոցներում, պատերի վրա, նաև բնակելի շենքերի մուտքերի մոտ: Այնտեղ էին գցում ծրարների մեջ փակված նամակները:



Օրը մեկ-երկու անգամ փոստատարը բացում և տանում էր նամակները:
Կախված ստացողի հասցեից` նամակը կարող էր մի քանի շաբաթ ճանապարհորդել, մինչև հասցեատիրոջ փոստարկղ հասնելը: Եթե չէր գտնում հասցեատիրոջը, նա հետադարձ հասցեով հետ էր գալիս գրողին:

Շենքերի առաջին հարկերի միջանցքներում կային անհատական փոստարկղներ` բնակարանի համարով: Յուրաքանչյուրը իր բանալիով բացում և ստուգում էր նամակները, թերթերը, լրագրերը:


Նկարի վրա կարող եք տեսնել փոստարկղի արտաքին ներխուժումները, որ այսօր ավելի շատ վիրուսներն են անում: :)
Նաև առաջին սպամն էր տարածվում արդեն, տվյալ նամակը վերարտագրելու և 10 ուրիշ հասցեատերերին ուղարկելու խնդրանքով, որ մայրիկը առողջ մնա, կամ հարստանաք, կամ չհիվանդանաք և նմանատիպ բաներ: Ու տարածվում էր:

Քաղաքում սփռված փոստատներից ևս կարելի էր նամակ գրել: Այնտեղ մեծ սեղանների կենտրոնում թանաքով գրիչներ կային: Այդ հավաքածուն այսպիսին էր`


Ձեռագիր նամակները շատ սպասված էին, և թանկ: Բացելով ծրարը դուք տեսնում էիք հարազատի ձեռագիրը, թուղթը, նրա տառերում թաքնված զգացմունքները, հույզերը:
Տպագիր նամակը մահացած է, կենդանի չէ:




Նայեք օրինակ Այվազովսկու ձեռագիր նամակին: Ձեռագիրը, ոճը, տառերի դասավորությունը, հարգանքը դիմացի կողմին:
Եվ պատկերացրեք սրա էլեկտրոնային տարբերակը:

Մեր աչքի առաջ վերացած ևս մեկ "հնություն":

September 21, 2014

Իմ Սեպտեմբերի 21-ը, որ այլևս չկա

Սեպտեմբերի 21-ը ինձ համար ուրախության տոն է արդեն 35 տարի:
Իսկ վերջին տարիներին այդ օրը տոնից վերածվեց տխուր հուշի:

...1979 թվականի սեպտեմբերի 21:
Ես վեց տարեկան էի, դեռ դպրոց չէի հաճախում: Ամեն տարի ամռանը գյուղում էի, Հյուսիսային Արցախի Սառցաշեն գյուղում: Ամռան վերջում վերադառնում էինք Երևան:
Սակայն այդ տարի ես ավելի երկար մնացի գյուղում` ամբողջ սեպտեմբերը և հոկտեմբերի մի մասը: Տատիկիս և պապիկիս մոտ էի:

Աշնանային արևոտ օր էր: Երևի ժամը 2-3 կողմերը:
Աստիճանը խնձորենուն հենած, քաղում էի աշնանային կարմիր պինդ խնձորները, փոխանցում Ցողիկ տատիկիս, նա էլ դրանք դնում էր ծղոտե զամբյուղի մեջ:
Պապիկս՝ Մովսես Ղազարյանը աշխատանքի էր: Փոխտնօրեն էր Վերին Շեն գյուղի գիպսի հանքում:

85 ամյա Մայի տատս էլ, ինչպես միշտ, նստած էր հողե ճանապարհի եզրին, մեծ ընկուզենու տակ:

Նկարը Բակուր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

Նա նստում, երկու ձեռքով հենվում էր ձեռնափայտին, և անցնող դարձողները բարևում էին նրան`
- Պարի օր, Մայի բիբ: Հունց ես?
- Լյավ եմ քե մատաղ: Էդ հով ես տու?
- Ես Արմենակին աղջիկն եմ, Գոհարը:
- Վայ ցավտ տանեմ, դյարդտ տանեմ, ճննչեցի վեչ: Աչքերս լյավ չի տեսնում:

....
Գյուղը արտաքին աշխարհին կապողը` փոքրիկ փոստատան ԱՏՍ-ն էր, ուր չէին զանգում ուղիղ հեռախոսահամարով: Գյուղի տներում հեռախոս չկար: Միակ հեռախոսը այդ փոստատանն էր:

Այ այսպիսին էր այն ժամանակվա փոստատան հեռախոսակայանը 

Երևանյան բնակարանից պետք էր զանգել 008 համարով` միջազգային պատվեր տալու համար:
Ասում էինք` միացրեք Կասում-Իսմայիլով: Կասում-Իսմայիլովի ադրբեջանցի հեռախոսավարուհուն ասում էինք` միացրեք Բուզլուխի պոչտա:

Օրվա ընթացքում փոստատարը ինքը զրուզում էր բոլորի հետ այս հեռախոսով, իսկ երեկոյան գնում պատմում էր "զանգ ստացողներին":
Խոսացածը տանում տեղ էր հասցնում տիկին Րիդան` փոստատան միակ աշխատողը: Նա աշխատանքը ավարտելուց 3-4 ժամ հետո էր տուն հասնում: Քանի որ մինչև ոտքով պտտվում, բոլոր հասցեատերերին պատմում էր իրենց ուղղված զանգերը: Տներում դեռ հեռախոսակապ չկար:

Այդ օրը տիկին Րիդան աշխատանքը շուտ էր թողել: Նա մեզ համար ուրախալի լուր ուներ:

Մեր բակում լսեցի նրա զրնգուն ձայնը:
- Ցողիկ տո~տա, Ցողիկ տո~տա

Տատիկս ու ես այգում թողեցինք մեր զամբյուղները և բարձրացանք բակ:
- Ինչա եղել Րիդա?
- Աչքներդ լույս, Արթուր ջան, ախպեր ես ունեցել:

Օրն արևոտ էր: Բայց այդ բառերից հետո աննկարագրելի ուրախություն պատեց բոլորին: Ամեն ինչ ավելի շատ լուսավորվեց և պայծառացավ:
Սա անկասկած, իմ կյանքի ամենա երջանիկ օրերից էր` 1979 թվականի սեպտեմբերի 21-ը:

Տատիկս ուրախությունից շփոթված տուն բարձրացավ, ինչ-որ քաղցրեղեն բերեց և բաժանեց ներկաներին` կոնֆետներ, բաղարջ, գաթա:
Րիդային նվեր տվեց աչքալուսանքի համար: Մայի տատիկն էլ էր ուրախացել`
- Աստված պահի մեր բալին:

Ես երևի ուրախությունից խելագարվել էի: Գյուղի երկար, փոշոտ ճանապարհով վազում էի դեպի Թևոս պապիկիս տուն, որ նրան էլ լուրը փոխանցեմ: Ճանապարհին ինձ հանդիպող բոլորին գոչում էի`
- Ախպեր եմ ունեցել: Ես ախպեր ունեմ արդեն:

Նրանք բոլորը մի որևէ բան էին ինձ նվիրում` մեկը մի բուռ ընկույզ, մյուսները մի քանի ձու:

Հասա Թևոս պապիկիս տուն, ով մեղվապահ էր:
Այգում նա փետակը բացած, փուքսը ձեռքին, խասը դեմքին` գործ էր անում:

Ուրախ լուրը հեռվից լսելուց, նա արագ փետակը փակեց: Հանեց քրտնած դեմքից խասը ու մոմոտ ձեռքերով ինձ գրկելով` համբուրեց: Նրա շուրջ հարյուրավոր մեղուներ էին պտտվում, որոնցից ես ահավոր վախենում էի:

Ես վազեցի նաև Շուղան տատիկիս մոտ, Նախշուն տատիկիս տուն, Արաքսյա մորաքույրին տեսա, մտա դպրոցի տնօրեն` ընկեր Ավետիսի մոտ: Սպասեցի երեկոյան Մովսես պապիկիս վերադարձին ու առաջինը նրան էլ ասացի իմ բարի լուրը:

Սառցաշենի դպրոցը

Ուրախությունս աննկարագրելի էր: Ցանկանում էի բարի լուրը ամբողջ գյուղն իմանար:

Մարդկանց մեծ մասը դաշտերում էին: Խոտհարք էր, աշուն, բերքահավաք, ամբողջ տեխնիկան արտերում, դաշտերում էր: Եվ նրանց աշխատանքի ձայները գյուղամեջում էին լսվում:
....

Սա ինձ համար այսօր հուշ է:
Քաղցր, ուրախ, բայց նաև ցավալի:
Ցավալի է, որովհետև այս 35 տարվա պատմության մասնակիցներից ոչ մեկը մեզ հետ չէ այսօր:
Չկա նաև եղբայրս: Չկա այդ դրախտը` Շահումյան-Գետաշեն աշխարհը:
Այդ չբացահայտված հայկական հին դրախտը ադրբեջանցուն է հանձնվել:

Իսկ Հայաստանը այսօր տոնում է իր անկախության տոնը: 23 տարին:

Շահումյանը կորցրեցինք, երբ անկախությունը մեկ տարեկան էր:

Բոլորը այսօր բարեմաղթանք են հղում միմյանց, պարծենում, որ Հայաստանը անկախ է:

Բայց ընդամենը 20 օր հետո, հոկտեմբերի 10-ին միմյանց այսօր շնորհավորող մարդիկ ծպտուն իսկ չեն հանելու` անկախության վտանգի օրը: Երկիրը ԵՏՄ-ին են հանձնելու:

Չեմ ցանկանում, որ այս պատառն էլ հուշ դառնա:

September 8, 2014

Գետաշենի ազնվամորին

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առանձնահատուկ եմ սպասում:

Գետաշեն 1990 թվ. Նկարը` Armineh Johannes/Sipa

Կոմիտասի շուկայում այդ ժամանակ կարելի է հանդիպել գետաշենցիներին:

Հայաստանում ապաստան գտած գետաշենցի փախստականները` իրենց հետ բերել են ազնվամորու թփեր, որոնցով հարուստ էր Գետաշենը և այստեղ աճեցնում են Գետաշենի ազնվամորին:

Գնալուս պատրվակը մուրաբայի համար ազնվամորի գնելն է, բայց իրականում կարոտս առնելն է այդ մարդկանցից, նրանց լեզվից ու խոսքից:

Գետաշեն
Նրանց 1991 թվականին` Կոլցո օպերացիայի արդյունքում, պարտադրեցին հեռանալ հայրենի Գետաշենից:

Գետաշենը Հյուսիսային Արցախի ամենամեծ շեներից մեկն էր:
Բնակչությունը 4500 հայ էր: Գետաշենցիները աչքի էին ընկնում իրենց քաջ կեցվածքով: Դրա համար ազերիները միշտ շրջանցում էին գյուղի սահմանները: Ռիսկ չէին անում մոտենալ:

Մի պատմություն կար 89-91 թթ-երի, երբ ազերիները ռադիոկապով անընդհատ գետաշենցիներին ասում են` էսա գալու ենք հարձակվենք ձեր վրա:
Մյուս օրը, նորից: Թե էսա գալու ենք:
Գետաշենցիները մի քանի օր հետո դրանց պատասխանում են, թե` "Արա, դե կյալիս եք եկեք: Թա կլխներիցդ ծեռք էք քաշել: Եկեք մենք էլ պրծնենք, տուք էլ":

Գետաշենի ազնվամորին
Եվ ահա երեկ ես նորից Կոմիտասի շուկայում եմ:
Շուկան կիսադատարկ է, ինչպես միշտ` վերջին տասնամյակներում: Գնալով` և գյուղացիների թիվն է պակասում և գնորդների:

Մի քանի պտույտ կատարելով շուկայում, հույսս կտրած մի քիչ հոն գնեցի և արդեն հեռանում էի:
Անցա պանրավաճառների շարքի կողքով, մեկ էլ մի տատիկ, թե,
- Բալա ջան, տեմբուլ տար, էժան ա:

Շրջվեցի, մի գեղեցիկ աչքերով, բարի հայացքով փոքրամարմին տատիկ էր: Բարբառը շատ հարազատ:
Նրա ապրանքը ընդամենը մեկ դույլ սալոր էր: Այն էլ շատ մանր, երբ կողքերը ավելի խոշորներն էին վաճառում:
Այդ դույլերից արդեն չեք հանդիպի: Դրանք սովետական էմալապատ, կապույտ ներկված, հաճախ կաթ լցնելու համար են կիրառվում:

Մոտեցա, ասացի.
- Քանիս ես ասում? Սրանից ինչ կարելի է պատրաստել?
- 200 դրամա, մատաղ: Սրանից չիր են սարքում, վարենի, ջեմ են անում: Լյավնա տար:

Ճիշտն ասած, մտադրություն չկար գնելու, բայց տեսնելով, որ իրոք խեղճ կին է, և ապրանքի քանակը տեսնելով, որոշեցի գնել: Ինչ որ օգնություն կլիներ իրեն:
Հարցրեցի, որտեղացի ես:
Աչքերի պարզ ու մաքուր հայացքից, խոսքից արդեն զգում էի թե որտեղից կլինի:

Նրա աչքերը թրջվեցին: Համարյա շշուկով ասաց.
- Գետաշենից ենք մենք: Թողել ենք լոխ եկել:

Այդ "Գետաշենից ենք մենք"-ը մի մեծ ապտակ է զեռ խոսացողներին, թե մենք հաղթանակած կողմ ենք, մենք հաղթանակած նախագահ ունենք, և նման այլ հեքիաթներ:

Երբ նորից տենց հիմար մտքեր լսեք, եկեք հարցրեք շահումյանցիներից և գետաշենցիներից:
Նրանք կասեն ով են իրականում այդ վոինները:

Ալհարակ լիճը և նույնանուն լեռը Գետաշենի մոտ

August 29, 2014

Մրջյունները կարող են հուշել, ինչու է մեր հանրությունը հետ գնում

Հայաստանը հետընթաց է ապրում շատ ու շատ ոլորտներում` արդյունաբերություն, գիտություն, դեմոգրաֆիա, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, կրթություն:


Գյուղացին:
Գյուղատնտեսության ոլորտում խոշոր օլիգարխները ձեռք են բերում գյուղացիներին պատկանող հողերը և նույն գյուղացուն դարձնում այդ հողի վրա վարձու աշխատող:
Այստեղ հասել ենք ֆեոդալիզմի դարաշրջանին:
Գյուղացին անգամ չի կարողանում սեփական հողակտորի վրա սերմնացու առանձնացնել: Հողի որակը այնքան է ընկել, որ գյուղացիները ստիպված են ամեն տարի սերմնացու պարտքով գնել ու փորձարկել նոր բերքը, ռիսկի ենթարկվել` բերք չստանալու հավանականությամբ:


Քաղաքացին:
Իր ձայնը գերադասում է փոխանակել 5000 դրամի հետ, և անձայն ստրուկի կարգավիճակով չտեսնել իր պատգամավորին և չպահանջել նրանից ոչինչ 5 տարի: Այստեղ հասել ենք սրտկատիրության, երբ մարդը անպաշտպան է ու ձայնազուրկ, կամքից զրկված ու խաբված:

Գիտություն
Գիտության մեջ տեսնում ենք ովքեր և ինչպես են հայտնվում ասպիրանտուրաներում, ովքեր են օգտվում արտոնյալ կրթաթոշակներից, բազե ճամբարներից, ինչպես են կուսակցականացվում ԲՈՒՀ-երը և ուսանողության ողնաշարը կոտրվում: Արդեն սաքուլիկները պրոռեկտոր են դառնում: Իսկ անգրագետ կուսակցական պաշտոնյաները իրար հետևից գիտական թեզեր են պաշտպանում:
Այստեղ հասել ենք քարե դար:

Ինչու ենք հետ գնում? Պատասխանը միգուցե կհուշի այս պարզունակ փորձը, որ յուրաքանչյուր մարդ կարող է կատարել:


Շատերն են տեսել, ինչպես են մրջյունները շարքով, իրար հետևից որոշակի հեռավորություն պահպանելով, գնում ինչ-որ ուղղությամբ:
Նրանք մի պահ կանգ են առնում, բեղիկներով աջ ու ձախ անում, հոտը զգալով առաջ են շարժվում:
Պարզվում է, որ նրանք ճանապարհին քիմիական հեղուկով հետքեր են թողնում և նշում ճանապարհը: Նշված ճանապարհը մյուսների համար ուղենիշ է դառնում:
Մյուս մրջյունները` նշագրված ճանապարհից չեն շեղվում և միանշանակ գիտեն ուր գնան:

Երեկ մի փորձ կատարեցի: Մրջյունների շարքը երկկողմանի շարժվում էր ինչ որ հետագծով: Ջուր լցրեցի նրանց ճանապարհի կեսին, մի հատվածի վրա:

Եվ ինչ կատարվեց? Մրջյունները մոտենում էին, արագորեն հասնում ջրված ճանապարհի եզրին, կանգ առնում, փորձում առաջ շարժվել, սակայն չէին գտնում հիմնական ճանապարհը, քանի որ հոտը վերացված էր:
Եվ այստեղ ամենահետաքրքիրն էր տեղի ունենում:
Նրանք շրջվում էին և գնում հակառակ ուղղությամբ, որտեղից նոր էին եկել: Իրենց եկած ճանապարհով հետ էին սկսում շարժվել:

Ու այսպես, իրար հետևից, բոլոր նոր մոտեցող մրջյունները խոնավ հատվածի մոտից շրջվում և հետ էին դառնում:

Անորոշ, անհայտ ճանապարհով գնալու փոխարեն մրջյունները գերադասում են հետ վերադառնալ եկած ճանապարհով, որը ամենա որոշակին է եղած վիճակում:

Երբ ճանապարհի ջուրը չորանում էր, սկսվում էր ևս մեկ հետաքրքիր պահ: Որոշ մրջյուններ հետ չէին դառնում: Առաջամարտիկների պես, նրանք գնում և վերականգնում են հին ճանապարհը, բացելով հետևից եկողների համար նրա երթևեկությունը: Այս մրջյունները հետախույզ առաջամարտիկներ էին:

Հասարակ փորձ էր: Բայց մտածելու տեղ տվող:

Ինչպես են հանրությունները վարվում անհայտ, անորոշ իրավիճակներին հանդիպելով? Մեր հանրությունը ընտրել է նույն հետ գնալու ճանապարհը, ինչպես մրջյունները անհայտության դեպքում:
Հանդիպելով անորոշությանը մենք հետ գնալով հասել ենք ֆեոդալիզմին, ստրկատիրությանը, քարե դարին: Քանի որ դա է մեզ քաջ ծանոթ:
Մեզ իրոք պակասում են առաջամարտիկները, որոնք կարող են նոր ճանապարհը ուղենշել:

August 12, 2014

Ղարաբաղի բարբառը

Նոր հայերէնի 31 բարբառներուն մէջ ամէնէն մեծը, ամէնէն տարածուածը Ղարաբաղի բարբառն է: Իր սահմանները կը փռուին հիւսիսէն մինչև Կովկասի վերջին ծայրերը, հարաւէն մինչև Թաւրիզ, արևելքէն մինչև Կասպից ծովին եզերքները, արևմուտքէն Սևանայ լիճը և Երևանի ու Կարնոյ բարբառներում սահմանագիծը:
Այսպէսով Ղարաբաղի բարբառին գրաւած գլխաւոր տեղերը հետևեալներն են. Շուշի, Գանձակ, Նուխի, Բագու, Դարբանդ, Շամախիի գիւղերը, Աղստաֆա, Դիլիջան, Ղարաքիլիսա, Ղազախի գաւառը, Բոլնիս-Խաչէն, Պարսկաստանի մէջ Ղարադաղի ամբողջ գաւառը, Թաւրիզի հիւսիսային կողմը Մուժումբար հայաբնակ գիւղը, Թաւրիզի Լիլավա թաղը` որ Մուժումբարի և Ղարադաղի գաղթականութիւն մ'է`, Տաճկաստանի մէջ ալ Էօտէմիշ և Պուրտուր:

- Պարի աճօ'ղում, ա'պըէր, հըշ տըղա՞ն ըս կյամ:
- Ըստուծե'ն պա'րին. Նէ'րքէ շէ'նան ըմ կյամ:
- Հինչու՞ հէ'տի էս քէ'ցալ ընդէղ:
- Պէն օ'նի. քէ'ցալ ի ըխճըկա'նըս ա'կը տամ:
- Խէ՞, ա'խճիկըտ ընդէղ ըս հըղէ ըրա՞լ:
- Բա հա'լա' նօր ըս գի'ւդում. էրկու տըռնան ի'վիլ ա վըէր Նըրքը-Շընա'ցէ մին մարթու~յ~ըմ տըվալ:
- Է', փըսէտ հա՞վան ը'ս, լա՞վ տըղա~յ~ա'. ըխճըկանըտ լա՞վա յէշում:
- Խէ՞ չի: Ըստուծանա շընուրհա'կալ ըմ. տօնը շէն, ա'մբարը ցօ'րնավ լի'գյը, կյիւմը տըվա'րավ լի'գյը, վըէ'խճարը սի'ւրիւ-սի'ւրիւ կա'ղնած, ճօխտ ճօխտ ճըղըցնէն պէ'նէ. ի'նքյն էլ լա'վ բօ'յավ բուսա'թավ, վըէր յէ'շըմ ըս քէ'փըտ կյամա:
- Դէ վըէր տըհէ'նցա, լա'վ ա. Ա'ստուծ է'լ ի'վիլ ա'նէ:

ՀԱՅՈՑ ԽՕՍԱԾ ԼԵԶՈՒՆԵՐՈՒ ԵՒ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՒ ՔԱՐՏԷՍ

Հրաչեայ Աճառեան։ Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց, Մոսկուա―Նոր-Նախիջեւան, 1911