October 14, 2012

Սա իմ Էրեբունի Երևանը չէ

Համարյա ամիսը 2 անգամ լինում եմ երեխաների հետ Հաղթանակի զբոսայգում:
Միշտ զարմանում եմ, թե ինչու են այլ երեխաները քիչ այստեղ? Հերթեր չկան: Աշխուժություն չկա: Աշխատողները անընդհատ բացակա են իրենց կարուսելների մոտից: Պետք է մի 10 րոպե տոմսը ձեռքիդ ձեն տաս, գտնես նրանց, որ գան երեխայի համար միացնեն կասկածելի հին կարուսելները:
Երեկ այս լճին նայելուց մի հարց առաջացավ մոտս: Թե մեր 22 տարվա երկիրը եթե այսպիսի ժառանգություն չստանար` ինչ պետք է անեին այս իշխանությունները?
Այսպիսի հանրային ոչ մի այգի 22 տարում չի հիմնվել:
Ծախում, ծախսում, գողանում են մինչև այսօր նախկին երկրի ժառանգությունը:
90 օր քաղաքացիները պաշտպանում էին Մաշտոցի այգին բուծիկաշինությունից, այգին պաշտպանում էին պաշտոնը ժառանգած քաղաքապետից:
Այսօր նա և իր դրածոները տոնում են Էրեբունի Երևանը: Այդ տոնը իմը չէ, Մեր բակինը չէ: Ինչպես 80-ականներին էր: Ամբողջ բակը այդ օրը ընդհանուր սեղան էր գցում և նստում: Քաղաքի բոլոր բակերում էր այդպես:
Այսօր սա ընդամենը ատկատների և փողերի լվացման հարմար առիթ է: Եվ ոչ ավելին:
Քիչ քիչ մենք օտարվում ենք մեր երկրից:
Չնայեցի Հայաստան-Իտալիա ֆուտբոլը: Որովհետև գիտեմ թե ով է այդ կառույցի ղեկավարը:
Չեմ հետևում մեր ազգային մյուս սպորտաձևերի ոչ մի ելույթին: Որովհետև գիտեմ ով է օլիմպիական կոմիտեի նախագահը:
Անցած օրը անցնում էի և հայտնաբերեցի, որ կինո Մոսկվայի դիմացը, օլիմպիական կոմիտեի ներքևը տասնամյակներ գտնվող 'Լյագուշատնիկ' լողավազանը արդեն չկա: Մենք դպրոցի ֆիզկուլտուրայի դասերը անց էինք կացնում այդտեղ` լողի տեսքով: Դարձրել է դուքյան:
Նայեք Երևան քաղաքին հաղթանակի զբոսայգու վերևից:
Եվ մտածեք այս ֆեոդալները էլ ինչ են բերելու այս քաղաքի գլխին?










Սրանք էլ արդեն կաֆեներն են, որոնք սկսել են սննկանալ և թողնել մեզ ավերակ, բետոնապատ այգի`

Վերևը մեր անցյալն է, իսկ սա մեր ներկան:






Էսպես մինչև երբ? Պարոնյանի թատրոնում այս հարցը մնաց օդում

Որոշել եմ այցելել երևանյան մշակույթի կենտրոնները: Ստանամ հոգևոր սնունդ մեր 'մեծերից':
Հեռուստացույց չեմ նայում: Սերիալներ, Հ1, Արմենիա նայելու քաջություն և անջատված ուղեղ չունեմ: Ումնիկական կարտոֆիլի բաժանումը, ձմեռ պապիկների գովքը, տափակ հայկոմկո32ատամները չի կարելի նայել ըստ սահմանման:

Գնացի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն: Թեև այնտեղ միշտ կռացած եմ ման գալիս, առաստաղը տեղ տեղ 1.80 է, ինչպես և Մարիոթ հոտելի միջանցքներում:
Ճիշտն ասած ինձ գրավեց Գուրգեն Խանջյանի "Էսպես մինչև երբ...?" ներկայացման անունը:
Հակոբ Պարոնյանի արձանը թատրոնում
 Ներկայացումը, ի զարմանս ինձ, սկսվեց հայկական 15 րոպե ստանդարտ ուշացումից 10 րոպե շուտ: Այսինքն 19.00 փոխարեն 19.05: Ինչը շատ զարմանալի էր, բայց ուրախալի:
Դահլիճը լիքն էր:
Բայց 5-րդ շարքը լրիվ ազատ էր, ոչ ոքի թույլ չէին տալիս նստել այդ շարքում, ասելով թե կարող է ամեն պահի կարևոր հյուրեր գան, շարքը իրենց համար է: Նրանց (!) համար է, կարողա չէ? պահի տակ որոշեն ու գան թատրոն, բա տեղ չլինի?
 Բերել էին 3 ավտոբուսներով ինչ-որ շրջանի երիտասարդներին, որոնք ֆոյեյով քայլում էին  իրար ձեռք մտած 6-10 հոգով, ինչպես գյուղական կլուբերում հնդկական ֆիլմի դիտումից հետո է լինում: :)))
Թեման շատ արդիական էր և ինձ ծանոթ:
Քաղաքի կենտրոնում` 1-ին հարկի բնակարանում ապրում է հնչյունային ռեժիսորի ընտանիք: Կինը, ամուսինը, բանակային տարիքի տղան, կաշու և ոսկորների ֆակուլտետում սովորող աղջիկը: Կինը փորձում է մի բան շարժել ընտանիքի կյանքում, բայց չի ուզում բնակարանը վաճառել: Տղան խուսափում է բանակից, պատռել է ստացված 2 ծանուցագրերը:
Որոշում են բնակարանի կեսը դարձնել ռեստորան: Վաճառում են եղած ոսկեղենը, որ սկսեն նորոգումը:
Թորգոմ անունով ստալինյան ժամանակներից հարևանը, դեմ է:
Նրա հրավերով սկսում են գալ պետական թույլատրողների կաշառակեր շարանները` շինթույլտվության կաշառակերը, հետո սանէպիդկայանից, հետո հրշեջ ծառայությունից, հետո թաղ նայող և կռիշ ապահովող ապերը: Գալիս է քահանան, որը առաջարկում է 'օրշնել' շինարարության ամեն մի փուլի ավարտը .... Հետո փողոցային երաժիշտներ են հայտնվում, Դուբայից նոր վերադարձած հայ մատուցողուհու Ջուլոյի հետ: Նրանց կատարմամբ ներկայացման ժամանակ անսպասելիորեն ականատես եղա թուրքական մուղամի:

Ներկայացման ընթացքում չուզող հարևանը երկարաշունչ դիմում էր դահլիճին` սովետի գովքով և ներկա վիճակի հետ համեմատելով`
Բա սովետի ժամանակ սենց էր? ....
Բա երկիրը սեփական ջրի վրա հաշվիչ կդնի?
Հայաստան և օրենք - անհամատեղելի են....
Եթե գոնե պատգամավորի բարեկամ չլինես, ռեստորան էլ բացել չես կարող ....

Ես զարմանում էի, էս ոնց են մշտադիտարկողները թույլ տվել այսպիսի  իրականությունը մերկացնող ներկայացում?

Վերջում դա պարզ դարձավ, երբ հարց տվեցին` "Որն է ելքը? Մինչև երբ այսպես քարշ գալ? Էսպես մինչև երբ?"

Իրենց տված պատասխանը սպանեց` "Ոչ հեղափոխությունով: Առաջինի տակից դեռ դուրս չենք եկել":

Հասկացա, որ ներկայացման իմաստը հենց այս 'Ոչ հեղափոխությունով' 2 պատվիրված բառերն էին:
Հարցը մնաց օդում կախված: Հարցը ուղղված էր մեզ: Որը մենք կընտրենք?


October 11, 2012

1937 թվականից մի դրվագ

Հյուսիսային Արցախի Մանուշ շեն (Մանաշիդ) գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին հետաքրքիր պատմություն կա

Այն կապված է նրա 1892 թվականին կառուցման հետ:

Մանուշ շենի Սբ․Աստվածածին
եկեղեցու մուտքի արձանագրությունը

Եկեղեցու մուտքի վերևում կա արձանագրություն, որ "Գյուղի 34 ընտանիք մասնակցեցին եկեղեցու կառուցմանը, բացի Սարգիս Նազարյանցից":
Այդ մարդը հրաժարվել էր մասնակցել համաժողովրդական կառույցի շինությանը:


Մանուշ շենի Սբ․Աստվածածին 
եկեղեցին


Երբ 1930-ական թվականներին ստալինյան НКВД-ն  մատնիչների հետքով գալիս է, որ այդ մարդու որդուն ձեռբակալեն, նա ասում է`
"Ոչ, մենք ժողովրդի թշնամի չենք: Կուլակ էլ չենք: Գնացեք նայեք եկեղեցու մուտքի գրվածին, իմ հայրը եկեղեցուն էլ է դեմ եղել ":

Գործակալները նրան պատասխանում են, թե. "Ավելի վատ, որ քո հայրը չի մասնակցել համաժողովրդական կառույցի ստեղծմանը: Ուրեմն իրոք նա ժողովրդի թշնամի է եղել":

Նրան ձերբակալում և արտաքսում են Սիբիր:

Թևոս Վարդանյանի պատմածներից:

October 10, 2012

20 տարվա ծրագրավորս չհասկացա Ինֆորմատիկայի դասագիրքը

Երեկ տղաս մոտեցավ, ինֆորմատիկայի դասագրքի թեման բացած:

Հարցրեց, թե կարող եմ ցույց տալ ցիկլերի օրինակներ:

Դե առաջինը ինչ մտքիս եկավ, բացեցի Excel-ը, գրեցի փոքրիկ մակրոսներ ցիկլերով:

Կատարման քայլերով բացատրեցի, թե ինչպես է պայմանների բավարարման դեպքում աշխատում ծրագիրը և երբ է դուրս գալիս ցիկլից:

Շատ արագ հասկացավ:

Նայեցի 9-րդ դասագրքում գրված թեման, մի 6 էջ:

Ժողովուրդ, բացարձակ բան չհասկացա թե ինչ է գրված և այդ մարդիկ ինչ են ուզում բացատրել երեխաներին:

Առաջարկում եմ դպրոցներում բարելավվել Ինֆորմատիկայի դասավանդումը:
Ինչպես?
Ուղղակի այսօր տարբեր հիմնարկներում աշխատող ծրագրավորողներին պետք է մղել դպրոցներում դասավանդմանը:
Ինչպես?
Օրինակ ազատելով նրանց հիմնական աշխատավայրում եկամտահարկի վճարումից, պայմանով, որ կդասավանդեն դպրոցում:
Պարզ ու հասարակ սխեմա է:
Բայց պատկերացրեք օգուտները:

Ու ոչ մի ինկուբատորների և ԻՏ նախարարությունների վրա գումարներ բյուջեից ծախսել պետք չէ:
Ու պետք չի հայտարարել գերակա ճյուղ և այլ ամպագոռգոռ բաներ:
Սենց:




October 3, 2012

Ինչպես Ավետիս ծերունին փրկեց գյուղը

1920 թվականին Էնվեր փաշայի թուրքական զորքերը Գանձակում էին:
Այդ պարագայից օգտվելով, տեղացի ազերիները սկսել էին հարձակումները Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի վրա:

Նրանք արդեն մտել և հրդեհել էին Վերին Շեն, Մանաշիդ գյուղերը:
Սառցաշենի բնակչությունը թաքնվում է Էրքեջի անտառներում: Իսկ Սառցաշենի ուղղությամբ շարժվում էր ազերի ձիավորների խումբը: Ալան-թալանն ու հրդեհն էին նրանց հետքը:
Գյուղի տղամարդիկ, այդ թվում պապիկներս՝  Ալեքսան և Բեգլար Ղազարյանները, Մնացական Հովհաննիսյանի ղեկավարությամբ պաշտպանություն էին կազմել Վերին Շենի Թումբ կոչվող տեղանքում:
Նրանք կազմակերպել էին խաղաղ բնակիչների տեղափոխումը դեպի Էրքեջի անտառ, իսկ իրենք, ձիավորներով դիրքավորվել էին Թումբ տեղանքի մոտ:
Բեգլար Ղազարյանի զույգ տղաներից մեկը, մոր ձեռքից վարարած գետն էր ընկել և փրկել նրան չէր հաջողվել: Փրկվել էր պապիկս` Ալեքսանդր Ղազարյանը: Այդ փաստը ինձ պատմել էր ղարաչինարցի Շուղան տատիկս։

Սակայն գյուղում մնում է Ավետիս պապը, ով մտածում էր, որ պետք է ներխուժող թուրքերի հետ բանակցի, որպեսզի գյուղը չթալանեն և չայրեն: Քանի որ նա հարգված էր ոչ միայն հայ,  այլ նաև շրջակա փոքրաթիվ թուրքական գյուղերի բնակիչների շրջանում:
Ավետիսի ավագ որդին` Մնացականը ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր:

Մնացական Հովհաննիսյան, մաթեմատիկոս,
1949 թ աքսորվել է Ալթայի երկրամաս

Թուրքերը երբ ներխուժում են գյուղ, տեսնում են գյուղը դատարկ և միայն ծերունի Ավետիսն է կանգնած գյուղամեջում: Թուրքերը զարմանում են նրա այդ քայլից: Նրանք չեն հրդեհում գյուղը, առաջ են քշում գյուղի կովերին և եզներին դեպի Թոդան թուրքական գյուղը: Իսկ Ավետիսին իրենց հետ պատանդ են տանում: Սակայն ճանապարհին նրան սպանում են:
Ինքնազոհությամբ նա փրկում է գյուղը թալանից և հրդեհումից:
Մնացական Հովհաննիսյանը իր կենսագրությունում, հետագայում նշում է, որ հայրը սպանվել է 1920 թվականի մարտ ամսին, Ադրբեջանի 1920 թ ապրիլի 28-ի խորհրդայնացումից առաջ, մուսավաթականների ձեռքից։

Գյուղի եկեղեցին խնամող Զալոն, որը դեռ փոքրիկ աղջնակ էր, վազում է դեպի Էրքեջի անտառը, չար լուրը գյուղացիներին հասցնելու համար: Նա մեզ պատմում էր, թե ինչպես է Քուռակ գետի կամուրջի մոտ սպանված կնոջ դին տեսել, փոքրիկ երեխայի հետ: Փրկված երեխան մոր կուրծքը բռնած կաթ էր ծծում: Մանկության այս ահավոր պատկերը տպավորվել էր 80 ամյա Զալոյի հիշողության մեջ:
Բեգլար պապս ձիերին պահում էր կողքի ապահով ստորոտում, քանի որ զինվորի համար ձի կորցնելը համարժեք էր 'կնոջ կորստին': 
Մարտիկները հակահարված են տալիս թուրքերին:
Թեև ամպամած եղանակ էր, սակայն երևում էր, որ թուրքերը քանակապես ավելի շատ են: Մնացած դիրքերում հայ պաշտպանները պարտվել էին: Միայն այս տեղանքն էր դեռ պաշպանվում: Իսկ կապի բացակայության պայմաններում, իրենք չգիտեին, որ միայնակ են մնացել հակառակորդի դեմ:
Մեծ քանակությամբ զոհեր տալով, Մնացականը հրամայում է թողնել դիրքը և քաշվել անտառ: Գնում են դեպի ձիերը և սպանված են գտնում Բեգլար Ղազարյանին, որի կողքին տխուր կանգնած էր նրա հավատարիմ ձին: Բեգլարի մարմինը փաթաթում են գորգի մեջ, դնում ձիու վրա և տանում գյուղ:
Ամենավերջինը դիրքը թողնում է Մնացականը:

Պատմությունը գրի եմ առել Թևոս Հովհաննիսյանի պատմածից 1995 թթ:

October 2, 2012

Իմ սիրած բանաստեղծություններից

Հիանալի բանաստեղծություն է, որը կօգնի յուրաքանչյուրին անհուսալի պահերին:

Սա հույսով և հավատով է լցնում մարդու հոգին ամենաանելանելի պահերին:

Իրոք եղել են պահեր, երբ դրել ես սեղանին ամեն ինչ որ ունես` հանուն ճշմարտության պահպանման:

Р.Киплинг. Письмо к сыну

Владей собой среди толпы смятенной,
Тебя клянущей за смятенье всех.
Верь сам в себя в гармонии с Вселенной
И маловерным отпусти их грех.
Пусть час не пробил,жди,не уставая,
Пусть лгут жрецы,не снисходи до них.
Умей прощать,и не кажись,прощая,
Великодушней и мудрей других.

Умей мечтать,не став рабом мечтанья,
И мыслить,мысли не обожествив.
Равно встречай хвалу и поруганье,
Не забывай,что смысл их неправдив.
Останься тих,когда твоё же слово
Калечит плут,чтоб уловлять глупцов,
Когда вся жизнь разрушена,и снова
Ты должен вновь всё воссоздать с основ.

Умей поставить в радостной надежде
На карту всё,что накопил трудом,
Всё потерять и нищим стать,как прежде,
И никогда не пожалеть о том.
Умей принудить сердце,нервы,тело
Тебе служить,когда в твоей груди
Уже давно всё пусто,всё давно сгорело,
И только воля говорит:"Живи!"

Останься прост,беседуя с царями,
Останься честен,говоря с толпой;
Будь прям и тверд с врагами и друзьями
Пусть все,в свой час,считаются с тобой.
Наполни смыслом каждое мгновенье,
Часов и дней неумолимый бег,-
Тогда весь мир ты примешь во владенье,
Тогда,мой друг,ты будешь Человек!

Անշառ կենդանիներին խորհուրդ կտամ չկարդալ: Սա միևնույն է Ձեզ համար չի: Շարունակեք ձեր խոտը ուտել ձեր ախոռներից: Ձեզ երբեք վտանգ չի սպառնա: 

September 29, 2012

Ազերիների ծածուկ տարածման դրվագ

Արցախի Շահումյանի շրջանի բնությունը շատ հիանալի է:
Խորհրդային տարիներին բոլոր գյուղերում կոլտնտեսություններ էին: Կային նաև ֆերմաներ, որտեղ կովեր, խոզեր, ոչխարներ, մեղուներ էին պահում:
Ամառները ես, ինչպես հազարավոր այլ երեխաներ գնում էինք մեր պապիկ-տատիկների մոտ:
Երանելի տարիներ էին: Մանկություն: Աննկարագրելի բնություն:
Սառցաշեն գյուղը Շահումյանում
Մեր Դոդ սարի ստորոտում մի տարի Գափար անունով ադրբեջանցի հայտնվեց: Նա գալիս էր Խանլարից ընդամենը 2-3 ամսով:
Բաց դաշտում խփում էր վրանները, տեղադրում կաթի զտման սարքավորումները և 2-3 մոտակա հայկական գյուղերից ընդունում էր կաթը` պանիր և կարագ ստանալու համար:
Մենք, երեխաներով հաճախ էինք հայտնվում այդ կողմերում,  հետաքրքությամբ նայում էինք արտադրության պրոցեսը:
Ամենից հետաքրքիրը սեպարատորի միջոցով կաթից ռաժան ստանալու պահն էր:
Քիչ-քիչ Գափարը սկսեց իր տնտեսությունը ընդլայնել:
Հաջորդ տարիներին Գաֆարը արդեն նաև հավեր բերեց իր հետ:
Մյուս տարի մի քանի փետակ մեղուներ տեղադրեց:
Պապիկս հայտնի մեղվապահ է և Գափարը  դիմեց իրեն մեղուների հետ կապված ինչ-որ հարցերով:
Չմերժվեց, գնացինք իրենց վրանների մոտ, սակայն պարզվեց, որ մեղուները խառնվել էին իրար: Մի ահավոր մեղուների թալան էր ընկել: Նրանք անհանգիստ և կատաղած դուրս էին եկել փետակներից: Կապույտ երկինքը պատվել էր միլիոնավոր մեղուներով:
Վիլիսից իջանք, մեղուները թափվեցին մեզ վրա: Կծեցին ինձ անհամար քանակով:
Ես 4րդ դասարանցի երեխա էի: Գափարի կինը մոտեցավ և գրկեց ինձ, ծածկեց ինձ ամբողջ մարմնով, և արագ տարավ իրենց վրանը:
Ես հայտնվեցի գորգերով պատված մի ապահով սենյակում, որտեղ մեղուներ չկային: Պատերից կախված էին տարբեր զենքեր, թուրեր, հրացաններ և ատրճանակներ:
Ես զարմացած էի զենքի այդ քանակով: Սա խորհրդային տարիներն էին:
Հայերը իրենց տներում ունեին ընդամենը մեկ հրացան: Բայց սրա մոտ մի ահագին արսենալ էր:
Վրանների կողքը կար բնական մի սառնաղբյուր: Այն բխում էր սպիտակ մեծ քարի տակից:
Պապիկիս հետ, երբ մոտեցանք աղբյուրին, տեսանք, թե ինչպես է քարի վրա փորագրված` թուրքերեն` "Գափարի աղբյուր":
Փաստորեն նորահայտ ազերին, արդեն իր հետքն էր թողել մեր աղբյուրի քարին: Սա արդեն անընդունելի էր:
Հաջորդ օրը, մեր տրակտորիստները գնացել և քլունգով կոտրել էին այդ նորահայտ թուրքական հետքը մեր հայկական հողի վրա:
Նրան խիստ զգուշացրել էին, որ այլևս չերևա մեր կողմերում:
Այ այսպես, մանր քայլերով, նրանք փորձում էին տարածվել մեր Շահումյանի տարբեր տեղերում: Բայց ստանում էին արժանի պատասխան:
1991 թվականին, երբ մեր 3 հայկական գյուղերը անցան ազերիների վերահսկողության տակ, իմացել էինք, որ այդ նույն Գափարի տղաները եկել և փորձել էին բնակվել մեր բռնազավթված գյուղում: Սակայն սեպտեմբերին նրանք դուրս էին շպրտվել, մեր տղաների շնորհիվ:
Սա մի փոքր դրվագ է, ինչպես էին ազերիները ոտք դնում և փորձում ամրապնդվել, ստեղծել իրենց տեղանունները: